«ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆԸ ՊԵՏՔ Է ԺՈՂՈՎՈՒՐԴԸ ԳՆԱՀԱՏԻ». ՏԵՍԱՆՅՈՒԹ
Արխիվ 12-16«ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆԸ ՊԵՏՔ Է
ԺՈՂՈՎՈՒՐԴԸ ԳՆԱՀԱՏԻ». ՏԵՍԱՆՅՈՒԹ
Հայրենական ապրանք արտադրողների միության նախագահ, հանրային խորհրդի անդամ Վազգեն Սաֆարյանն այսօր լրագրողների հետ հանդիպմանը ամփոփելով ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի վարչապետության մեկ տարին, դժվարացավ գնահատել վարչապետի ու կառավարության աշխատանքը: Ըստ նրա՝ դա պետք է անի ժողովուրդը:
Այնուամենայնիվ, դրական միտումներ կան՝ ըստ բանախոսի: Հովիկ Աբրահամյանը շատ հարցերում պատրաստ է փոխզիջման գնալու. «Այն որոշումները, որոնք ընդունվել կամ վերանայվել են հանրության ազդեցության կամ ճնշման տակ, դա գնահատում եմ որպես պոզիտիվ մոտեցում»,- ասաց Վ.Սաֆարյանը:
Բանախոսը որպես օրինակ հիշեցրեց «Շրջանառության հարկի մասին» օրենքը, երբ կառավարությունը, հաշվի առնելով հանրության բողոքը, փոփոխությունների ու զիջումների գնաց: «Ես կողմ եմ փաստաթղթաշրջանառությանը, սակայն դրական եմ գնահատում այն, որ ՓՄՁ-ի ներկայացուցիչները կարողացան իրենց պատճառաբանությունները բերել և հասնել նրան, որ կառավարությունը նրանց ընդառաջ գնա»,- մանրամասնեց հանրային խորհրդի անդամը:
Վ.Սաֆարյանը որպես դրական ձեռքբերում առանձնացրեց նաեւ արդյունաբերության քաղաքականության հարցում ձեռքբերված մոտեցումները, երբ 22 սուբյեկտների տրամադրվեցին 1 մլրդ 392 մլն դրամի վարկեր, որից 69,5 մլն դրամը սուբսիդավորվել է կառավարության կողմից:
Հայրենական ապրանք արտադրողների միության նախագահը դրական է համարում նաեւ սահմանամերձ համայնքներին տրվող արտոնությունները. « Տավուշի մարզում արդեն մի քանի գործարարներ տնտեսական գործունեություն սկսելու ցանկություն են հայտնել»:
Ինչ վերաբերում է բացասական գործոններին, Վ.Սաֆարյանը առանձնացրեց շինարարության, արդյունաբերության ծավալների նվազումը: Ըստ նրա` շինարարության ոլորտում 2008 թվականի համեմատ կորուստների թիվը երկու անգամ մեծացել է:
Անդրադառնալով «Նաիրիտ» գործարանի խնդրին՝ պրն Սաֆարյանի խոսքով՝ այս կառավարությունը, ցավոք սրտի, չկարողացավ «Նաիրիտ»-ի խնդիրները լուծել ու գտնել լուրջ ներդրող:
Մանրամասները՝ տեսանյութում:
ՍՈՆԱ ԴԱՎԹՅԱՆ
