ԱՐՄԵՆ ՄԻՔԱՅԵԼՅԱՆ. «ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱՎԵՏԱՐԱՆԱԿԱՆ ԵԿԵՂԵՑԻՆ ՄԵՌԱԾ Է»
Արխիվ 12-16ԱՐՄԵՆ ՄԻՔԱՅԵԼՅԱՆ. «ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱՎԵՏԱՐԱՆԱԿԱՆ
ԵԿԵՂԵՑԻՆ ՄԵՌԱԾ Է»
«Իրավունքը» երեկ հրապարակել էր հարցազրույց ավետարանչական ընկերակցության հայաստանյան ներկայացուցիչ Հարութ Ներսիսյանի հետ ավետարանական եկեղեցու շուրջ տեղի ունեցող վերջին իրադարձությունների մասին:
Քանի որ հարցազրույցում Հարութ Ներսիսյանն անդրադառնում է ավետարանական եկեղեցու կարգալույծ հովիվ Արմեն Միքայելյանին ու նրա բարձրացրած խնդիրներին, «Իրավունքն» այս առնչությամբ զրուցեց Արմեն Միքայելյանին:
- Պրն Միքայելյան, Հարութ Ներսիսյանը մեզ հետ զրույցում հայտարարեց, որ ինքը ավետարանական եկեղեցին չի ներկայացնում եւ չի կարող ասել` ինչո՞ւ են Ձեզ կարգալույծ արել: Իրոք ավետարանչական ընկերակցությունը անջա՞տ է ավետարանական եկեղեցուց:
- Բազմիցս փաստեր են ներկայացվել դատարան: Ասում է, որ դատարանը, հաշվի նստելով փաստերի հետ, չհամաձայնեց Արմեն Միքայելյանի հետ: Հետաքրքրիր ձեւակերպում է: Դատարանը, երեւի, սկսել է հաշվի նստել սրա-նրա հետ: Երեւի դատարանը նրա հե՞տ է համաձայնել, ոչ թե ինձ հետ: Ամբողջ հարցն այն է, որ դատարանը մեր փաստերը չի նայել, դրա համար էլ բողոքարկել ենք վճիռը: Դատարանը ոչ հիմնավոր փաստերի պատճառով կառչել է գործին այն դեպքում, երբ բազմաթիվ փաստեր եմ տրամադրել առ այն, որ Ավետարանչական ընկերակցությունն է ղեկավարում ավետարանական եկեղեցուն: Ավետարանչականը ավետարանականի տանիքն է: Չկա մի բան, ավետարանական եկեղեցում, որ պրն Հարութը տեղյակ չլինի: Հավատացյալը սուտ չի խոսում: Նրան հիշեցրեք` սուտը մեղք է:
- Հարութ Ներսիսյանի հրահանգո՞վ են ձեզ կարգալույծ արել:
- Ոչ, բայց ինքը տեղյակ է եղել: Եթե Հարութ Ներսիսյանը ինձ կարգալույծ անելու ու աշխատանքից հեռացնելու հետ կապ չունենար, ապա կարող էր միջամտել եւ ասել, որ լավ աշխատող եմ եղել իր համար:
- Սեռական դաստիարակության մասին դասընթացներին մասին խոսելիս Հարութ Ներսիսյանը հայտարարեց, որ դա եղել է երիտասարդների խնդրանքով եւ անչափահասներ ներկա չեն եղել:
- Եթե երիտասարդները խնդրեին ամուսնացնել իրենց, կանեի՞ն նրանք: Կամ խնդրեին Հարութ Ներսիսյանին հեռանալ Հայաստանից, կհեռանայի՞ն: Երբ մենք բարձրաձայնեցինք սեռական դաստիարակության մասին դասընթացները, պարզ դարձավ` Հայաստանն ընդունել է գենդերային ծրագիրը: Չի կարելի այդքան անզգույշ հայտարարություններ անել: Ինչ է նշանակում` պատրաստել են ամուսնության: Եթե իմ ապարանցի տատը լսեր դա, երեւի խայտառակ կաներ: Հայ ազգը գիտի` ինչպես են իրենց աղջիկներին պատրաստում ամուսնության: Օժի՞տ էր դնում ավետարանչականը: Արդարադատության նախարարությունն է արգելել այդ դասընթացները: Ավելին` դասընթացներն արգելող փաստաթղթի, դատական գործի մեջ էլ կա, որ դասընթացներին մասնակցել են անչափահասներ: Սեքսոպաթոլոգ Վրեժ Շահրամանյանն էլ է հայտարարել, որ իր այդ ծրագիրն անչափահասների համար էր:
- Հարութ Ներսիսյանը նաեւ հայտարարում է, որ Լեւոն Բարդակչյանը կապ չունի Հայաստանի ավետարանական եկեղեցու հետ:
- Չէ՞ որ հեռուստատեսությամբ, եթե ճիշտ եմ հիշում, մոտ տարիուկես առաջ Բարդակչյանը հանդես էր գալիս ավետարանականի ու ավետարանչականի կողմից: Ես զանգահարեցի 1994 թ-ին Բարդակչյանին եւ հարցրի` ինչո՞ւ են նրան հեռացրել ավետարանական եկեղեցուց, ինչո՞ւ է նա խոսում ավետարանական եկեղեցու անունից: Եվ ամենակարեւորը` ինչու հենց արտասահմանի հայերին, կազմակերպությանը կարելի է ամեն ինչ, իսկ տեղացի հայերին` ոչ: 1994 թ-իn Բարդակչյանը ձեւավորեց մեկ այլ եկեղեցի: Իմաստը ո՞րն էր`ավետարանական եկեղեցին պառակտել, թե՞ այլ նպատակներ կային: Ու ոչ մի աղմուկ չեղավ: Իրար հետ լավ էլ համագործակցում են:
- Ավետարանչական ընկերակցության Հայաստանի ներկայացուցիչը նաեւ հայտարարեց, որ եթե ավետարանական եկեղեցին գործեր աղանդակերպ, զբաղվեր հոգեորսությամբ, բազմաթիվ հետեւորդներ կունենար: Համամի՞տ եք, թե՞ ոչ:
- Իր ասածը հիմնավոր չէ: Դա նշանակում է` Հայաստանի ավետարանական եկեղեցին մեռած է, որովհետեւ այն եկեղեցին, որը չի աճում, ունի քիչ անդամներ, չի ձգտում անդամներ ունենալ, այդ եկեղեցու գործունեությունը մեռած է: Երկրորդ, եթե մարդիկ ցանկանում են գնալ այդ եկեղեցի, դառնալ հետեւորդ, ավետարանական եկեղեցին թույլ չի տալու ավելանա՞լ:
Ինչ վերաբերում է աղանդակերպ գործելուն, ապա ոչ թե աղանդակերպ է գործում ավետարանական եկեղեցին, այլ աղանդավոր է: 1858 թ-ից ավետարանական եկեղեցին որպես «բարենորոգիչ» եկեղեցի, բանադրված է առաքելական եկեղեցու կողմից: Այսինքն` անեծքի տակ է եւ մինչ այսօր չի հանվել:
- Պրն Միքայելյան հարցազրույցի հարապարակումից հետո ավետանչական ընկերակցության նախկին աշխատողներից մեկը հայտարարեց, որ սեռական դաստիարակության մասին դասընթացները զրպարտություն են: Ավելին` Ձեր կողմից հայտարարություններ անելու պատճառը եղել է ինքնիշխանություն հաստատելը եկեղեցում...
- Իմ հեռախոսի համարը տվեք այդ մարդուն թող ինձ հետ կապվի: Ես նման վարձկաններին խղճում եմ, որովհետեւ սատանայի գործ են անում: Եթե Արմեն Միքայելյանը զրպարտում է, նշանակում է պետությունը` տվյալ դեպքում արդարադատությունը նախարարությունն էլ է զրպարտում:
Ի դեպ, տեղեկացնենք, որ Արմեն Միքայելյանը ավետարանական եկեղեոցու կարգալույծ հովիվ չէ: Նա ուղղադավան ավետարանական եկեղեցու ավագ հովիվ է: Եկեղեցին պետական գրանցում է ստացել երեկ: Ինչպես մեզ հետ զրույցում ասաց ավագ հովիվը, ավետարանական եկեղեցին ստիպեց իրեն այդ քայլին գնալ. «Արագածոտնի ամբողջ մարզի համայնքիմ դուրս վռնդեցին, չթողեցին մարդկանց աստվածապաշտությամբ զբաղվել: Ես շարունակելու եմ իմ հովվությունը»: Պետական գրանցում ստացած եկեղեցին ունի մոտ 200 անդամ:
ՍՈՆԱ ԴԱՎԹՅԱՆ
