ՔԱՐԴԱՇՅԱՆ ԸՆՏԱՆԻՔԸ ՎԱՀԱԳՆԻ ԹԱՂԱՄԱՍՈՒՄ ՀՈՂԱՏԱՐԱԾՔ ՁԵՌՔ ԲԵՐԵՑ
Արխիվ 12-16ՔԱՐԴԱՇՅԱՆ ԸՆՏԱՆԻՔԸ ՎԱՀԱԳՆԻ ԹԱՂԱՄԱՍՈՒՄ
ՀՈՂԱՏԱՐԱԾՔ ՁԵՌՔ ԲԵՐԵՑ
Հայտնի Հովնանյան ընտանիքը երեկ հանդիպել է Քարդաշյան ընտանիքի հետ եւ նրանց է նվիրել հողակտոր Երեւանի եւ Հայաստանի ամենահեղինակավոր թաղամասերից մեկում՝ Վահագնի թաղամասում: Վահագ Հովնանյան կրտսերը ողջունել եւ բարի գալուստ է մաղթել Քարդաշյաններին իրենց նախնիների երկրում. «Հարգելի Քարդաշյան ընտանիք, մենք նվիրում ենք ձեզ այս հողը, քանի որ Հայաստանը ձեր տունն է: Պապիս երազանքը միշտ եղել է, որ բոլոր հայերը իրենց հայրենիքում ապրելու տեղ ունենան: Դա հնարավորություն կտա բոլորին բացահայտել եւ վայելել այս գեղեցիկ երկիրը ու դրա հարուստ ժառանգությունը, կառուցել իրենց կյանքը այստեղ` Հայաստանում: Մենք հույս ունենք, որ դուք այսուհետ ավելի հաճախ կվերադառնաք հայրենիք»:
Նախկինում ամերիկաբնակ Հովնանյանները, ովքեր վերաբնակություն են հաստատել Հայաստանում 2001-ին, այս նվերով շնորհակալություն են հայտնել Քարդաշյաններին իրենց հայկական ժառանգությունը հպարտորեն կրելու եւ ցեղասպանության ճանաչման գործում ունեցած ներդրման համար:
Ի դեպ, Վահագ Հովնանյան ավագը հայրենիքում իրենց տունը կառուցելու կոչով վերջերս դիմեց աշխարհով մեկ սփռված հայությանը՝ հայտարարելով, որ 100 տարի դրսում ապրելուց հետո ժամանակն է վերադառնալ տուն: Այնպես որ, մնում է հուսալ, որ համաշխարհային ճանաչում ունեցող ամերիկահայ հասարակական գործիչներ եւ հեռուստատեսային աստղեր Քարդաշյանները՝ Քլոեն, Քիմը եւ նրա ռեփեր ամուսին Քայնե Ուեսթը իրենց 22 ամսական դստեր Նորթի հետ միասին, ինչպես նաեւ Քարդաշյան զարմիկները, դեռ կվերադառնան Հայաստան` մշակելու Վահագնի թաղամասում իրենց ձեռք բերած հողը:
ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ
