Լսե՛ք մարդկանց, լրջորեն վերաբերվե՛ք նրանց հոգսերին․ կատարվեց քահանայական ձեռնադրություն Ինչ է կատարվում Արցախ կամերային նվագախմբում Ջիվան Գասպարյան կրտսերը նոր տեսահոլովակ է ներկայացրել Հանդիպման յուրահատկությունն այն էր, որ այն ունեցավ հրապարակային մաս. Երեք նախագահների հանդիպման հետքերով Լինում են պահեր, երբ ուզում եմ քեզ մի բան պատմել ու լսել՝ ինչ կասես Իրականացված կապիկ-շոուն ցույց է տալիս, որ այսօրվա ընդդիմությունը չի գործում. Արթուր Ֆարմանյան Մեր թանգարանն անվանում են փոքրիկ Տրետյակովյան պատկերասրահ, Աբրահամյանին՝ մեր օրերի Տրետյակով. Մկրտչյան Զանզիբարում վեցից ավելի հյուրանոցներ ամբողջությամբ այրվել են Տասը տարի՝ ռուսական արվեստի թանգարանի վերափոխման ճանապարհին Թուրքիան և ԵՄ-ն բանակցություններ են վարում անվիզա ռեժիմի ներդրման վերաբերյալ

«ԱՍԱԼԱՅԻ» ՊԱՏՄԱԿԱՆ ՓՈՂԿԱՊՆԵՐԸ ՓՈԽԱՆՑՎԵՑԻՆ ՀԵՐՈՍՆԵՐԻ ԴԵՐԱԿԱՏԱՐՆԵՐԻՆ

Արխիվ 12-16

«ԱՍԱԼԱՅԻ» ՊԱՏՄԱԿԱՆ ՓՈՂԿԱՊՆԵՐԸ ՓՈԽԱՆՑՎԵՑԻՆ
ՀԵՐՈՍՆԵՐԻ ԴԵՐԱԿԱՏԱՐՆԵՐԻՆ


Ապրիլի 18-ից Հ. Ղափլանյանի անվան դրամատիկական թատրոնի խաղացանկը կհամալրվի Արմեն Խանդիկյանի բեմադրությամբ` դրամատուրգ Պերճ Զեյթունցյանի «Փարիզյան դատավճիռ» պիեսի հիման վրա ներկայացումով, որը նվիրված է Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին: Գրեթե 2 տարի առաջ Պ. Զեյթունցյանը   «Իրավունքին» տեղեկացրել էր այդ մասին, որ անտեսելով առողջական խնդիրները` շարունակում է ստեղծագործել. «Նոր պիես ունեմ, որը շուտով Արմեն Խանդիկյանը կբեմադրի Դրամատիկ թատրոնում: Ինչպես միշտ, նա է իմ բեմադրիչը: Արդեն 4-րդ գործն ենք անում միասին: Այս մեկը «Ասալայի» դատն է Փարիզում, այն 4 տղաները, որոնք, հիշում եք, որ գրավեցին հյուպատոսարանը, այ, այդ դատն է, եւ դատի շուրջ է ծավալվում գործողությունը: Ինձ թվում է` լավ բան է ստացվելու»:



««ՎԱՆ» ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆԸ ՇԱՐՈՒՆԱԿՎՈՒՄ Է ՈՒ ՇԱՐՈՒՆԱԿՎԵԼՈՒ Է»


Երեկ «Իրավունքը» ներկա էր ներկայացման գրեթե վերջնական փորձին, որտեղ անվանի արվեստագետների, հոգեբանների, իրավաբանների հետ դահլիճում նստած էր նաեւ 4 տղաներից մեկը` հենց «Վան» գործողության ղեկավար ՎԱԶԳԵՆ ՍԻՍԼՅԱՆԸ: Ի դեպ, նա դատարկաձեռն չէր եկել, իր հետ բերել էր ավելի քան 30 տարի խնամքով պահված հենց դատավարության ժամանակ իր եւ Արամ Պասմաճյանի կրած փողկապները. «Մեր դատավարության ժամանակ կապած իմ եւ Արամի փողկապներն էին, պահել էի: Քանի որ Արամը չէր օգտագործում, տվել էր ինձ մոտ, բայց գրպանումս ամեն անգամ տանում էի դատարան, ու այդպես մնացել էր կոստյումիս գրպանում: Իմիջիայլոց, կոստյումն էլ եմ պահում, ճիշտ է մի քիչ ցեցը կերած է, բայց պահում եմ»,- ասաց զրուցակիցն ու ներկայացումից տպավորված` շարունակեց. «Մի բան նկատեցի, որ «Վան» գործողությունը շարուանկվում է ու շարունակվելու է մինչեւ մեր իրավուքներին տիրանալը, սա շատ կարեւոր էր ինձ համար: Ամեն մի նման քայլ, կարծում եմ` մի զինվորի, մի երիտասարդի, մի հայ մարդու կյանք է խնայում, քանի որ սա էլ է պայքարի մի ձեւ: Շատ կուզենայի, որ ամբողջ պայքարը այսպես խաղաղ միջոցներով լիներ, բայց ճար չունես, երբ թշնամիդ թուրքն է, ու ոչ թե այն թուրքը, որը քեզ ուզում է հասկանալ, այլ` ոչնչացնել»:
Սիսլյանը նաեւ ընդգծեց, որ տղաների խաղով բեմում զգաց ոչ միայն իրեն, այլ իր 3 ընկերներին. «Ես մեկ անգամ էլ էի տեսել ներկայացման փորձը, անշուշտ, տեսա ինձ: Իսկ Արամի պահն ինձ շատ հուզեց, քանի որ մեր 4-րդ ընկերը բանտում ինքնասպան եղավ: Ես ոչ միայն իմ կերպարը տեսա, այլ իմ բոլոր ընկերների, որոնց անուններն այստեղ չհիշվեց, տեսա նորից պայքար, պայքարի ոճ»:



«ԱՅԴ ՊԱՀԸ ՈՉ ՄԻ ԲԱՆԻ ՀԵՏ ՉԵՄ ԿԱՐՈՂ ՀԱՄԵՄԱՏԵԼ»



Թատրոնի դերասան ԳՐԻԳՈՐ ԽԱՉԱՏՐՅԱՆԸ, ով մարմնավորում էր հենց Վ. Սիսլյանին, «Իրավունքի» հետ զրույցում անկեղծացավ, որ դահլիճում իր իրական հերոսի ներկայությունը պարտավորեցնող էր. «Այդ պահը ոչ մի բանի հետ չեմ կարող համեմատել: Շատ ներկայացումներ ենք խաղացել, բայց որ հերոսը, ում մարմնավորում ես, ներկա է լինում դահլիճում, այն էլ Վազգեն Սիսլյանի պես գիգանտը, չեմ կարող բացատրել` ինչ ես զգում: Բայց երբ վերջում նա բարձրացավ բեմ ու ինձ էր փնտրում, հետո եկավ ու գրկեց, ինձ համար երջանիկ պահերից մեկն էր: Դա դեռ բավական չէ, պարզվում է, որ ինքն իր փողկապն էր բերել ու նվիրեց ինձ: Այն փողկապը, որով եղել է դատարանում, դրանից ավել երջանկություն մեր մասնագիտության մեջ երեւի թե չի էլ լինում, ոչնչի հետ չհամեմատելու զգացողություն է: Շատ պարտավորեցնող է դերս, երջանիկ եմ, այս պահին չեմ կարող  նկարագրել, թե ինչ եմ զգում»:



«ԹՈՒՐՔԵՐԻ ՔԹԻ ՏԱԿ ՍՏԵՂԾԻՐ ՈՒԺԵՂ ՈՒ ԲԱՐԵԿԵՑԻԿ ԵՐԿԻՐ»



Արամ Պասմաճյանի կերպարը մարմնավորած ԱՐՏԱՇԵՍ ՄԽԻԹԱՐՅԱՆԸ կրկնակի հուզված էր ու պարտավորված. «Շատ պատասխանատու վիճակ է, դժվար է կենտրոնանալ, տրամադրվել, որովհետեւ մի մարդու առաջ խաղալ այն, ինչ ապրել է ու փորձում ես այդ ամենը նորից ապրեցնել բեմում, անբացատրելի է: Կարեւոր չէ` հերոսը ողջ է, թե` ոչ, ամեն դեպքում` ինձ համար բոլոր 4 տղաներն էլ ներկա էին դահլիճում: Պիտի ասեմ, որ թերեւս ամենալարված օրերից է ինձ համար»,- նշեց Արտաշեսն ու ասաց, որ բոլոր խաղացած դերերից այս մեկն առանձնացնում է. «Այստեղ միայն ներկայացում խաղալը չէ, այլ ավելի կարեւոր բան է` հայի կյանք, հայի պատմություն, դո՛ւ, մարդ, ո՞վ ես, որտեղի՞ց ես գալիս... Երեւի թե ամեն հայ այդ հարցը պետք է իրեն տա: Իսկ այսօր, բացի այդ հարցը տալուց, փորձում ես ինչ-որ բան ասել այդ մարդկանց կենդանության օրոք: Ներկայացման մեջ իմ հերոսն ասում է` թուրքերի քթի տակ ստեղծիր ուժեղ ու բարեկեցիկ երկիր, որտեղից մարդ չուզենա հեռանալ... Խոսք, որի մասին բոլորս էլ երեւի թե մտածում ենք: Այն կարծես այսօրվա մասին է, միշտ է այդպես եղել, մեր պատմությունը որքան թերթում ես, նույն խնդիրը կա: Այն միշտ արդիական է եղել ու դեռ կլինի, մինչեւ գուցե փոխվի մեր կյանքը»:
Արտաշեսի համար նույնպես անակնկալ էր իր հերոսի` Արամի փողկապը, մեր զրույցի ընթացքում այն ծոցագրպանում, ապա դողացող ձեռքերի մեջ պահած դերասանն ասաց. «Կարծում եմ` գեղարվեստական ղեկավարի, ներկայացման բեմադրիչ Արմեն Խանդիկյանի հետ կհամաձայնեցնեմ, եթե դեմ չեն լինի, ես այն կպահեմ ինձ մոտ` ինձ նվեր: Էգոիստություն չդիտվի դա, բայց իսկապես, երբ Վազգեն Սիսլյանն ասաց Գրիգորին, որ փողկապը կտամ քեզ ու շարունակեց, որ Արամինն էլ է ինձ մոտ` ինձ համար անբացատրելի զգացում էր: Բայց չեմ ցանկանա այս փողկապով խաղալ ներկայացմանը` այն ինձ համար առավել քան պատիվ է»:



«2 ՏԱՐԻ ԵՍ ԵՎ ՊԵՐՃ ԱՐՄԵՆԱԿԻՉԸ ԱՇԽԱՏՈՒՄ ԷԻՆՔ ՊԻԵՍԻ ՎՐԱ»



Այնուամենայնիվ, մեզ հետ զրույցում Արմեն Խանդիկյանն ասաց, որ դեռ կորոշեն` տղաները կկապեն փողկապները ներկայացման ժամանակ, թե` ոչ, բայց հավաստիացրեց, որ Արամինը Արտաշեսը հաստատ չի կրի, որովհետեւ այն ալ կարմիր է: Մեր այն հետաքրքրությանը, թե ինչու 2 տարի ձգձգվեց ներկայացման բեմադրությունը, Ա. Խանդիկյանը տեղեկացրեց. «2 տարի մենք` ես եւ Պերճ Արմենակիչը, աշխատում էինք պիեսի վրա, իսկ փորձերը սկսել ենք այս տարվա հունվարի 15-ից հետո: Խումբը բավականին արագ է կարողացել այս դժվար նյութը ոչ միայն հաղթահարել, այլ այս միջոցներով մեջտեղ հանել, որը դերասանի վարպետության բավական բարդ հարց է»:


ԴԵՐԱԿԱՏԱՐՆԵՐԸ ՀՊԱՐՏԱՆՈՒՄ ԵՆ ԻՐԵՆՑ ՄԱՐՄՆԱՎՈՐԱԾ ՀԵՐՈՍՆԵՐՈՎ


«Ասալայի» տղաների դատապաշտպանին մարմնավորած դերասան ԱՐԹՈՒՐ ՈՒԹՄԱԶՅԱՆԸ համոզված է, որ այս ներկայացումը դիտելուց հետո նոր սերունդը շատ բաներ կսովորի այս տղաներից. «Իհարկե, հուզիչ է եւ շատ հաճելի, որ այսպիսի զավակներ ունի հայ ազգը: Ցավոք, մինչեւ օրս նրանց անունը շատ քիչ է շոշափվել: Իսկ դերասանի համար, իհարկե, պատասխանատվության եւ հուզմունքի պահ կա, երբ այն կերպարը, որին խաղում ես, դահլիճում նստած է: Շատ կարեւոր, պատասխանատու եւ շատ ուսուցանող ներկայացում է, որ մեր երիտասարդ սերունդը երեւի թե պետք է գա, նայի եւ շատ բան կարող է սովորել այս տղաներից»:



Ներկայացրեց ԼԻԼԻԹ ԵՂԻԱԶԱՐՅԱՆԸ

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ