ԼՈԲԲԻՆԳՈՎ ԿԵՐԱԿՐԱՏԱՇՏԱԿ
Արխիվ 12-16Ի՞նչն է պատճառը, որ ՀՀ կառավարության կարկառուն որոշ գործիչները Ազգային ժողով են բերում ՀՀ Սահմանադրությանը ակնհայտ հակասող օրինագծեր ու անցկացնում են դրանք: Այս հարցի պատասխանը մենք կփնտրենք "Իրավունքի" ընթերցողների հետ, քանի որ հենց դրանք, այդ պատճառների ոչ միայն բացահայտումը, այլեւ հետեւանքները վերացնելու խնդիրը մշտապես եղել է ՍԻՄ կուսակացության ծրագրի ու գործունեության կիզակետում…
ՓՈՐՁԸ ՓՈՐՁԱՆՔ Է
2008-ին ՀՀ Սահմանադրական դատարանը` իր մի քանի որոշումներով "սխալ հանեց" կառավարության կողմից ներկայացված եւ ԱԺ-ի կողմից օրինականացված այն դրույթները, որ դատական եռուզեռի մեջ հայտնված քաղաքացին զրկվում է գերագույն այնպիսի հաճույքից, ինչպիսինն է անձամբ դիմել պետության գերագույն, այն է` Վճռաբեկ դատարան: Այդ հաճույքը քաղաքացին կարող էր իրականացնել միայն միջնորդված ձեւուվ` ՀՀ վճռաբեկ դատարանում հավատարմագրված փաստաբանի միջոցով: Ինչպես քաղաքացիները, այդպես էլ Սահմանադրական դատարանը համարեց, որ այդ հաճույքը բավականին թանկ է նստում, օրինակ` պարտքերի դիմաց իր ամբողջ ունեցվածքն արդեն իսկ "օրինականորեն" կորցրած մարդկանց համար, եւ օրենսդրական այդ դրույթը վերացվեց դատավարության օրենսգրքերից…
2014-ին կառավարությունը կրկին բերեց ԱԺ մի օրինագիծ, ըստ որի` քաղաքացին կարող էր դիմել Վճռաբեկ դատարան` բացառապես Փաստաբանների պալատի անդամ հանդիսացող իրավաբանի միջոցով: Հասկանալի էր, որ այդ օրինագիծը նույնպես հակասահմանադրական է նույն այն պատճառաբանություններով, որոնք օրինաստեղծների աչքն էր մտցրել Սահմանադրական դատարանը 2008-ին: Այդ դեպքում` ինչո՞ւ էին բերել-հասցրել այն Ազգային ժողով:
Սույն հոդվածի հեղինակի համոզմամբ` եղել էր 2 պատճառ. առաջինը` մինչեւ այդ օրինագիծը հակասահմանադրական ճանաչելը, ավելացնել քաղաքացիների հոսքը Փաստաբանների պալատ, որպեսզի վերջինս չսնանկանա: Երկրորդը` այդ ժամանակ դատաքննության ընթացքում կար կամ կային այնպիսի գործ կամ գործեր, որոնց հանգուցալուծումները դատախազության ու դատարանի համար արդեն պարզ էին, եւ պետք էր դրանց բողոքարկման դեմ ստեղծել խոչընդոտներ: Պատկերավոր լինելու համար ենթադրենք, որ Դուք քրեական մեղադրյալ եք: Ավելին` Դուք ունեք իրավաբանական կրթություն եւ իրավագիտական գործունեության պրակտիկա: Էլ ավելին` մինչեւ մեղադրյալ դառնալը Դուք եղել եք փաստաբան ու հանդիսացել եք Պալատի անդամ: Կարծում եմ, ձեր գլխով չէր էլ անցնի վարձել պաշտպան, որը ձեր փոխարեն կգրի վճռաբեկ բողոքը այն գործով, որը ամենալավը գիտեք Դուք: Իսկ նկատի ունենալով, որ Դուք գտնվում եք նախնական կալանքի տակ` քիչ հավանական է, որ տեղյակ լինեք, որ կառավարությունը նախաձեռնել ու իրականացրել է փոփոխություններ քրեադատավարական օրենքում: Արդյունքում, դուք ներկայացնում եք վճռաբեկ բողոք, իսկ Վճռաբեկը այն թողնում է առանց քննության, քանի որ դիմումի տակ չկա փաստաբանի ստորագրությունը, իսկ Փաստաբանների պալատը կասեցրել է ձեր անդամակցությունը:
Այս, երկրորդ պատճառի կենսունակ լինելը հաստատում է նաեւ այն փաստը, որ դատավարության մասնակցի վիճակը ծանրացնող այդ օրենքը ստացել էր հետադարձ ուժ, այսինքն` տարածվել էր այն գործերին, որոնց դատավարությունը վաղուց սկսված էր:
ՊԱԼԱՏԸ ՀՆԱԶԱՆԴՎԵԼ ԷՐ ՕՐԵՆՔԻՆ
Չեմ ցանկանում կարծել, թե օրենսդրական այս փոփոխությունը նախաձեռնվել էր Փաստաբանների պալատի կողմից: Միաժամանակ, հանդուրժելի չէ, որ փաստաբանները չէին ընդվզել դրա դեմ, ինչպես եւ չէին ընդվզել մեկ այլ օրենքի դեմ, որը ընդունվել էր 2 տարի առաջ` փաստաբանների միջնորդավորված մասնակցությամբ: Այդ ժամանակ "Փաստաբանության մասին" ՀՀ օրենքում կատարվել էր փոփոխություն, ըստ որի` անձի ներկայացուցիչ դատարանում կարող է լինել միայն այդ անձի մերձավոր ազգականը կամ փաստաբանը: Օրենքի այդ դրույթը ներկայումս էլ գործում է, սակայն միայն քաղաքացիական գործերով. օրենսդիրը մոռացել էր քրեական ու վարչական դատավարության օրենսգրքերի համապատասխան մասերում հղումներ կատարել ավելի ցածր կարգավիճակ ունեցող` "Փաստաբանների մասին" ՀՀ օրենքի վրա:
Բայց դե` ամեն բան առջեւում է, նաեւ` փաստաբանների դիրքորոշման արտահայտումը…
Իսկ ՍԻՄ կուսակցությունը, որ նույնպես ներդրել էր իր լուման` ապօրինի օրենքը հակասահմանադրական ճանաչելու գործում, բնականաբար այս ամենը ուշադրության կենտրոնում է պահելու:
Ա. ԱԲԳԱՐՅԱՆ
Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ
