ԿՀԱՆԴԻՊԵ՞Ն ՀԱՅԱՍՏԱՆԻ ԵՎ ԱԴՐԲԵՋԱՆԻ ՆԱԽԱԳԱՀՆԵՐԸ
Արխիվ 12-16ԿՀԱՆԴԻՊԵ՞Ն ՀԱՅԱՍՏԱՆԻ ԵՎ ԱԴՐԲԵՋԱՆԻ ՆԱԽԱԳԱՀՆԵՐԸ
ԵԱՀԿ Մինսկի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը օրեր առաջ հայտարարել է, որ տարեվերջին ակնկալվում է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի եւ Ադրբեջանի նախագահ Ի. Ալիեւի հանդիպումը: Ըստ նրա` առայժմ դիտարկվում են երկու երկրների արտգործնախարարների հանդիպման հնարավորությունները, որպեսզի քննարկվեն Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների բանակցությունների օրակարգը եւ սահմանվի ԵԱՀԿ Մինսկի համանախագահների հաջորդ այցի ժամկետը տարածաշրջան: Ուրեմնª նախագահների մակարդակով ակնկալվող հանդիպման համար ի՞նչ նախադրյալներ կան այսօր եւ ի՞նչ սպասելիքներ, եթե այդ հանդիպումը կայանա: Հարցի պատասխանը "Իրավունքը" փորձեց ստանալ հայաստանյան որոշ վերլուծաբաններից:
Քաղաքագետ ՍԵՐԳԵՅ ՄԻՆԱՍՅԱՆԸ նկատեց.
- Եթե հաշվի առնենք այն հանգամանքը, որ Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների ակնկալվող հերթական հանդիպումը տեղի ունենա, ասենք, ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի ժամանակ, ապա հնարավորություններ դեռ կան: Հանդիպման համար դեռ շատ ժամանակ կա, որի ընթացքում միգուցե դիվանագետներն էլ կկարողանան քննարկել հնարավոր հանդիպման ձեւաչափը: Չի բացառվում, որ հանդիպման ժամանակ եւս հայ-ադրբեջանական սահմանին ադրբեջանական կողմը կրկին լարվածություն ստեղծի, սակայն պետք է սպասել, թե մինչ այդ ինչ զարգացումներ տեղի կունենան:
Ադրբեջանահայերի ասամբլեայի նախագահ, ադրբեջանագետ ԳՐԻԳՈՐԻ ԱՅՎԱԶՅԱՆԸ փաստեց.
- Ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցում հայկական կողմը մշտապես հանդես է եկել կառուցողական դիրքերից: Իսկ ահա Ադրբեջանի վերջին շրջանում վարած քաղաքականությունը ղարաբաղյան ճակատում կարելի է համեմատել կատաղած շան գործողությունների հետ: Այս դեպքում ինչպե՞ս կարելի է այդ կատաղած շանը խելոքացնել. կա՛մ պետք է քնեցնել, կա՛մ` սատկացնել: Գուցե այս անգամ եւս Հայաստանը համաձայնի հանդիպել ագրեսոր երկրի նախագահի հետ, եւ ինչ-որ ձեւով հասնել նրան, որ սահմանի լարվածությունը թուլացնի: Անկախ այն հանգամանքից` կկայանա՞ այդ հանդիպումը, թե ոչ, Ադրբեջանը ռազմական եւ դիվանագիտական դաշտում իր լկտի քաղաքականությունը մոտակա ժամանակներում մտադիր չէ փոխել: Սա հստակ երեւում է նաեւ ադրբեջանական ռազմական պատասխանատուների ամպագոռգոռ հայտարարություններից: Չեմ բացառվում, որ Ադրբեջանը մինչեւ տարեվերջ միջազգային կառույցների ճնշման ներքո մասնակցի ակնկալվող հանդիպմանը, սակայն չպետք է սպասել, որ մեր թշնամու ագրեսիվ քաղաքականությունը հանդիպումից հետո կարող է փոխվել:
Ադրբեջանագետ ՍԱՐԳԻՍ ԱՍԱՏՐՅԱՆԸ ավելացրեց.
- Ակնկալվող տարեվերջյան հանդիպման համար դեռեւս նախադրյալներ չեն նշմարվում, որովհետեւ սահմանում Ադրբեջանի կողմից միտումնավոր լարվածություն է ստեղծվում: Ահա այս պայմաններում դժվար է մատնանշել որոշակի նախադրյալներ: Այս ամենը հաշվի առնելով էլ, այնուամենայնիվ դժվար է ասել, թե ինչ փոփոխություններ տեղի կունենան տարեվերջին: Ինչպես տեսնում ենք, ամբողջ աշխարհում եւ տարածաշրջանում իրադարձություններն այնպիսի արագությամբ են զարգանում, որ գրեթե հնարավոր չէ իմանալ, թե վաղն ինչ կլինի: Ամեն դեպքում դրական տեղաշարժեր ակնկալել պետք չէ:
Z-PR սոցհարցման կենտրոնը Երեւան քաղաքում 100 հոգու շրջանում կատարել է հարցում` պարզելու հանրության կարծիքը` Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների տարեվերջին ակնկալվող հանդիպման վերաբերյալ:
1. Հաշվի առնելով Ադրբեջանի վարած ագրեսիվ քաղաքականությունը, պետք չէ դրական տեղաշարժ ակնկալել: Ադրբեջանի հետ պետք է ոչ թե խոսելել, այլ մի լավ ջարդել: Դրանից հետո արդեն իրենք կսկսեն հանդիպումներ խնդրել- 68%:
2. Շատ բան կախված է Ռուսաստանից: Եթե վերջինս որոշի կտրուկ ակտիվանալ ղարաբաղյան բանակցությունների հարցով, ապա Ադրբեջանն էլ ստիպված կլինի ավելի իրատես դառնալ- 21%:
3. Ադրբեջանը վաղուց ընդունել է պարտվածի իր կարգավիճակը եւ կարծես թե այսօր հոգեվարքի մեջ է: Ուստի մահից խուսափելու համար դրական քայլեր կանի- 8%:
4. Դժվարանում եմ պատասխանել-3%:
ԶՎԱՐԹ ԽԱՉԱՏՐՅԱՆ
Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ
