ՀՀԿ ԿԱՆԱՆՑ ԿՈՉԸ ՏՎԵՑ ԻՐ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԸ
Արխիվ 12-16ՀՀԿ ԿԱՆԱՆՑ ԿՈՉԸ ՏՎԵՑ ԻՐ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԸ
Թեպետ օրեր շարունակ քննարկվեց ու քննադատվեց Հանրապետական կուսակցության 3000 կին անդամների` Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում անմար կրակի մոտ ծաղիկներ դնելն ու կոչը` աշխարհի կանանց եւ մայրերին միավորվել ընդդեմ Ցեղասպանության, սակայն այն իր դրական արդյունքը տվեց անգամ հայրենի խորհրդարանում: Այս շաբաթ` ԱԺ քառօրյայի ընթացքում, թե՛ ընդդիմադիր, թե՛ իշխանական թեւի կին պատգամավորներն աչքի ընկան յուրահատուկ համերաշխությամբ: Հաճախ կարելի էր տեսնել, որ ԱԺ "Ժառանգություն" խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանը, ով հիմնականում հայտնի է իր աղմուկով` ընդդեմ իշխանությունների, հանկարծ ժպիտով մոտենում էր ԱԺ նիստը նախագահող ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանին ու ինչ-որ հարցեր քննարկում: Անգամ ԱԺ ԲՀԿ խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանն այս օրերին աչքի ընկավ իր բարի կերպարով ու նույնիսկ ԱԺ այգում խորհրդանշական ծառատունկի ընթացքում պատրաստակամ ջրում էր բոլորի տնկած ծառերը: Ավելին` նույնիսկ ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Լյուդմիլա Սարգսյանը սկսել էր տարբեր հարցերով կիսվել տիկին Նաղդալյանի հետ (համենայն դեպս, լրագրողական պատշգամբից տպավորությունն այդպիսին էր): Էլ չենք ասում, որ Զ. Փոստանջյանի ու ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովի "ջրերն են սկսել նույն առվով հոսել": Անհնարին թվացող այս տեսարանից հետո` չի բացառվում, որ անգամ Անգլիայի թագուհին ներողություն կխնդրի հայուհիներից` Գալիպոլիի ճակատամարտին նվիրված թուրքական միջոցառմանը գնալու իր մտադրության համար:
ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ
