ՀՀԿ ՊԱՏԳԱՄԱՎՈՐ. "ՔԻՄ ՔԱՐԴԱՇՅԱՆԻ ՍԵՔՍ-ՍԻՄՎՈԼ ԼԻՆԵԼԸ ՏՂԱՄԱՐԴԿԱՆՑ ՀԱՐՑՐԵՔ"
Արխիվ 12-16ՀՀԿ ՊԱՏԳԱՄԱՎՈՐ.
"ՔԻՄ ՔԱՐԴԱՇՅԱՆԻ ՍԵՔՍ-ՍԻՄՎՈԼ ԼԻՆԵԼԸ ՏՂԱՄԱՐԴԿԱՆՑ ՀԱՐՑՐԵՔ"
Ինչպես հայտնի է, ապրիլի 8-ից Հայաստանում է հայազգի աստղ Քիմ Քարդաշյանը, ում երեկ ընդունել է ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը: Քիմ Քարդաշյանի այցը քննարկում են ոչ միայն շարքային քաղաքացիները, այլեւ ԱԺ որոշ պատգամավորները, նաեւ` խորհրդարանի թիկնապահները: "Քիմ Քարդաշյան",- ասաց թիկնապահներից մեկը, երբ Զարուհի Փոստանջյանը դահլիճ էր բարձրանում:
Տիկին Փոստանջյանն ի պատասխան ժպտաց, իսկ թիկնապահներից մեկն էլ ուրախ-ուրախ հակադարձեց. "Հա՜, ի՞նչ, եկել է իր հայրենիքը տեսնելու":
ՀՀԿ պատգամավոր ԿԱՐԻՆԵ ԱՃԵՄՅԱՆԻՑ "Իրավունքը" հետաքրքրվեց` Հայաստանի ու Հայոց ցեղասպանության վրա ինչպե՞ս կանդրադառնա Քարդաշյանի այցը: "Եթե լուրջ ու օբյեկտիվ խոսենք, այս այցը կարեւոր է: 77 մլն երկրպագու ունենալը դուք հասկանո՞ւմ եք` ինչ է նշանակում: Այդ 77 միլիոնի մեջ շատերը Հայաստանի, էլ ուր մնաց Հայոց ցեղասպանության մասին չգիտեն: Այնպես որ, այս այցը կարելի է օգտագործել Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման համար",- ասաց տիկին Աճեմյանը:
Ինչ վերաբերում է որոշ դժգոհությունների` Քիմ Քարդաշյանի այցի առթիվ, ՀՀԿ պատգամավորն այսպես պատասխանեց. "Գիտեք, ամեն օր չէ, որ Հայաստան նման մարդիկ են գալիս: Չեմ կարծում, որ նախանձում են: Այսինքն, եթե որեւէ մեկը ցանկանում է չափազանց հարուստ ու հայտնի դառնալ, հնարավոր է` նախանձի":
Արդյո՞ք Քիմ Քարդաշյանով ինչ-որ տեղ չի կարելի հպարտանալ` որպես հայ սեքս-սիմվոլով` Կարինե Աճեմյանը խորհուրդ տվեց հարցը տղամարդկանց ուղղել:
ՍՈՆԱ ԴԱՎԹՅԱՆ
