ՍԵՅՐԱՆ ՕՀԱՆՅԱՆ. "ԵԹԵ ԱՆԳԱՄ ԱՆԴՐԱՆԻԿ ԳՐԻԳՈՐՅԱՆՆ ԻՆՔՆԱԿԱՄ ԱՆՑԱԾ ԼԻՆԵՐ ՍԱՀՄԱՆԸ..."
Արխիվ 12-16ԱՆԴՐԱՆԻԿ ԳՐԻԳՈՐՅԱՆՆ ԻՆՔՆԱԿԱՄ ԱՆՑԱԾ ԼԻՆԵՐ ՍԱՀՄԱՆԸ..."
2014 թ.-ի հոկտեմբերի 2-ին Հայաստան վերադարձավ մեկ տարի Ադրբեջանում գերի ընկած Հակոբ Ինջիղուլյանը, սակայն ամիսներ անց` 2015 թ.-ի փետրվարին ու մարտին երկու զինծառայող` Արսեն Բաղդասարյանն ու Անդրանիկ Գրիգորյանը հայտնվեցին Ադրբեջանում` գերու կարգավիճակում:Անդրանիկ Գրիգորյանի ծնողները չեն հավատում, որ իրենց որդին ինքնակամ կարող էր լքել զորամասը, քանի որ ընտանեկան խնդիրներ է ունեցել: "Իրավունքն" այս առնչությամբ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանից պարզեց` ինչ քայլեր են ձեռնարկում պատկան մարմինները` Անդրանիկ Գրիգորյանին հետ բերելու համար: "Ինչպես մնացածների դեպքում, միջազգային կառույցների համագործակցությամբ ճշտվում են հանգամանքները, թե ինչպես է նա անցել մյուս կողմը: Եթե որեւէ խանգարող հանգամանք չի եղել, կփորձենք անել ամեն ինչ, որ նա (նկատի ունի Անդրանիկ Գրիգորյանին-խմբ.) հետ վերադառնա",- ասաց նախարարը:
Սեյրան Օհանյանի խոսքով, եթե անգամ Անդրանիկ Գրիգորյանը ինքնակամ անցած լիներ սահմանը, որի հիմքում հանցագործություն է, պետք է ջանալ հետ վերադարձնել Անդրանիկ Գրիգորյանին: "Ամեն ինչ կախված է հակառակ կողմի ղեկավարության պահվածքից (նկատի ունի Ադրբեջանին-խմբ.): Պետական կապի բացակայությունը մեծ արգելք է դնում այդ խնդիրների իրականացման համար",- մանրամասնեց պաշպանության նախարարը:
Անդրանիկ Գրիգորյանի` սահմանն անցնելու գործով քննություն է կատարվում: Ի՞նչ են ցույց տվել քննության արդյունքները: "Ծառայողական քննությունը դեռ ընթացքի մեջ է: Բայց դժվարություններ կան, քանի որ ինքն այստեղ չէ",- պատասխանեց գործադիր մարմնի ներկայացուցիչը:
Անդրադառնալով Անդրանիկ Գրիգորյանի` զորամասում խնդիրներ ունենալու մասին լուրերին` նախարարն ասաց, որ նախնական տվյալներով` որեւէ խնդիր չի եղել: "Քրեական գործը դա կապացուցի, նախնական տվյալներով` դա անձնական խնդիրների արդյունք է",- եզրափակեց Սեյրան Օհանյանը:
"Հիմնադիր խորհրդարան" շարժման քարտուղար, ազատամարտիկ Ժիրայր Սէֆիլյանին ու նրա մի քանի թիմակիցներին իրավապահները ձերբակալել են: "Իրավունքը" Սեյրան Օհանյանից փորձեց նաեւ պարզել` ինչպես է ընդունում Սէֆիլյանի ձերբակալությունը: "Ես շտապում եմ, նախագահի հետ Իտալիա եմ գնում",- ասաց նախարարը` անպատասխան թողնելով մեր հարցադրումը:
Տեղեկացնենք, որ ՀՀ կառավարությունը, ինչպես հայտարարեց արդարադատության նախարար Հովհաննես Մանուկյանը, ձեռնպահ է մնում գնահատական տալ Սէֆիլյանի ու նրա թիմակիցների ձերբակալությանը: Հավանաբար, Սեյրան Օհանյանը հենց այս հայտարարությունը լսելուց հետո որոշեց գոնե առաջիկայում զերծ մնալ թեմային անդրադառնալուց:
ՍՈՆԱ ԴԱՎԹՅԱՆ
Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ
