ՍՏՎԵՐԱՅԻՆ ՆԱՎԱՊԵՏԸ ՎԵՐՋԻ՞ՆՆ Է ԼՔՈՒՄ ԸՆԴԴԻՄԱԴԻՐ ՆԱՎԸ
Արխիվ 12-16ՍՏՎԵՐԱՅԻՆ ՆԱՎԱՊԵՏԸ ՎԵՐՋԻ՞ՆՆ Է ԼՔՈՒՄ
ԸՆԴԴԻՄԱԴԻՐ ՆԱՎԸ
Հենց որ տեղի ունեցան "Հիմնադիր խորհրդարանի" ղեկավար կազմի ձերբակալությունները, ու դրանով իսկ ամբողջովին վերջակետ դրվեց մեր երկրում Մայդան հրահրելու անգամ տեսական հնարավորությանը, ասպարեզում կրկին իր հերթական հարցազրույցով կամ ինքնահարցազրույցով հանդես եկավ Ռոբերտ Քոչարյանը: Ու թեեւ նա պնդում է, որ արտահայտվում է սոսկ ՀՀ եւ ԼՂՀ նախկին նախագահի դիրքերից, այնուամենայնիվ, նա ունի հստակ փոխանցվելիք ուղերձներ, ինչպես իշխանությանը եւ ընդդիմությանը, այնպես էլ քաղաքական համաշխարհային կենտրոններին:
ՌՈԲԵՐՏ ՔՈՉԱՐՅԱՆԸ
ՔԱՂԱՔԱԿԱՆ ԱՊԱԳԱ ՈՒՆԻ՞
Հարցազրույցի առիթը, իբր թե, Ցեղասպանության 100-ամյակն է, սակայն այդ թեմային նախկին նախագահի անդրադարձը օրիգինալությամբ աչքի չի ընկնում: Այդ ուղղությամբ նրա խոսքը պարունակում է ընդամենը մեկ կոնկրետ առաջարկ` հետ կանչել ՀՀ ստորագրությունը հայ-թուրքական արձանագրությունների տակից:
Բայց, այնուամենայնիվ, նա նաեւ կլորիկ գլաքար է գլորում Լեւոն Տեր-Պետրոսյանի բոստանը. "Մենք չենք կարող պարզապես պատմություն համարել 100 տարի առաջ տեղի ունեցածը եւ ոչ միայն բարոյական նկատառումներով, այլեւ այն պատճառով, որ Հայաստանի եւ ԼՂՀ անվտանգության հարցը շարունակում է արդիական մնալ նաեւ հիմա: Ցեղասպանության ճանաչման թեման այսօր պետք է դիտարկել մեր անվտանգության ընդհանուր եւ միասնական համատեքստում: Ակնհայտ է, որ աշխարհը ավելի վտանգավոր է դարձել, լոկալ պատերազմներն ու հակամարտությունները, իրենց ծանրագույն հումանիտար հետեւանքներով, շատացել են, եւ դրանք անմիջապես մեր կողքին են: Գլոբալ եւ տարածաշրջանային գործող դերակատարների կոնֆիգուրացիան ու շահերն էլ առանձնապես չեն փոխվել":
Իսկ հիմնական ուղերձը ներքաղաքական է: Մի կողմից` նա բացասական անդրադարձ կատարելով սահմանադրական բարեփոխումներին, գործնականում չի թաքցնում իր մտավախությունը, որ ՀՀԿ-ի դիրքերն էլ ավելի են ամրանալու. "Խորհրդարանական երկրների հաջողակության պարտադիր պայմանն է կայացած կուսակցական համակարգի առկայությունը` ներկուսակցական արդյունավետ ժողովրդավարությամբ, ֆրակցիոնիզմով, կուսակցական ղեկավարության ու ռազմավարության նորացմանը բերող ներկուսակցական պայքարով: Ձեզ հայտնի՞ են այդպիսի կուսակցություններ Հայաստանում": Մյուս կողմից` նա ահագին տեղ հատկացրեց ԲՀԿ-ի ու "եռյակ"-"քառյակների" հարցին:
Այսպես, նա գործնականում ուրացավ ԲՀԿ-ն. "Ես ուշադիր հետեւել եմ վերջին տարիներին տեղի ունեցող քաղաքական գործընթացներին, սակայն դրանց մասնակից երբեք չեմ դարձել: Ես լավ հարաբերություններ ու շփումներ ունեի Գագիկ Ծառուկյանի հետ, սակայն կուսակցության եւ նրա ղեկավարի հետ համագործակցության ապագա ձեւաչափերի շուրջ ստվերային քաղաքական պայմանավորվածություններ չեմ ունեցել: Այդ մասին բազմաթիվ անգամ հայտարարել են ինչպես ԲՀԿ, այնպես էլ իմ գրասենյակի ներկայացուցիչները, եւ մեր մեղքը չէ, որ ոչ բոլորն են հավատացել նրանց անկեղծությանը": Իսկ "եռյակ"-"քառյակների" հետ իր ստվերային առնչությունները Ռոբերտ Սեդրակիչը ժխտեց կտրականապես. "Ակնհայտ է նաեւ, որ միանգամայն հասկանալի պատճառներով ես չէի կարող համագործակցել մի քանի ամիս առաջ ձեւավորված ոչ իշխանական ուժերի եռյակի ձեւաչափին: Եվ ընդհանրապես, այդպիսի ֆորմատ չէր էլ կարող լինել, եթե ԲՀԿ-ն սպասարկեր իմ շահերը":
Այսպիսով, ԲՀԿ-ի առաջնորդափոխությունից հետո "ԲՀԿ+" կոչվող ընդդիմադիր նավը պաշտոնապես լքեց նա, ում բոլորը համարում էին դրա ստվերային նավապետը: Ասել կուզե` ԲՀԿ-ն ոչ ղեկավարել եմ, ոչ էլ ցանկություն ունեմ ապագայում նրա վրա հենվել: Դե, իսկ ԲՀԿ-ի նախկին ընդդիմադիր "հավելվածների"` ՀԱԿ-ի ու "Ժառանգության" մասին առավել եւս խոսք լինել չի կարող, իզուր տեղը չէ, որ Քոչարյանը հայ-թուրքական հարաբերությունների, Հայոց ցեղասպանության եւ Արցախի հարցով արտահայտվեց ԼՏՊ-ի տեսակետին տրամագծորեն հակառակ:
Բայց բոլոր դեպքերում հարցական է մնում Ռոբերտ Քոչարյանի քաղաքական ապագայի հարցը: ԲՀԿ-ն նա համարում է "կազմաքանդած" միավոր, հետեւաբար հարց է ծագում` իսկ ո՞ւմ վրա պետք է հենվի, որպեսզի կարողանա մասնակցել 2017-ի խորհրդարանական ընտրություններին ու առավել եւս մտածի 2018-ին մրցակցել նախագահական աթոռի համար: Օսկանյանով ու նրա "Սիվիլիթասով" հեռու չես գնա, առանձնապես բան չի փոխվի ե՛ւ նախկին, ե՛ւ ներկա ԲՀԿ-ական "նարնջագույն" թեւին հավաքագրելով: Այնուամենայնիվ, գոյություն ունի մի գործոն, որով կուսակցական կառույց ստեղծելը տեխնիկայի հարց է` փողը: Փող ներդնելով` միշտ էլ կարելի է կուսակցություն ստեղծել, ինչի վկայությունն են թեկուզեւ այնպիսի քաղաքական բիզնես-նախագծերը, ինչպիսիք էին ԲՀԿ եւ ՄԱԿ կուսակցությունների ստեղծումը: Բայց արդյո՞ք Ռոբերտ Սեդրակիչը լուրջ քաղաքական պայքարի համար բավարար ֆինանսական ռեսուրսի տիրապետում է: Ճիշտ է, տարեցտարի մամուլում պտտվում է 4 մլրդ դոլարի կարողության մասին տեղեկությունը, բայց նույնիսկ եթե այդքանը կար, արդյո՞ք անմիջապես Քոչարյանի կողմից կառավարվող ռեսուրս էր: Զուտ Քոչարյանների անունով գրված բիզնեսներն այդքան էլ շատ չեն, գրեթե ամեն ինչ գրված է այլոց անուններով, ու նախագահության տարիներին դա էական նշանակություն չէր կարող ունենալ: Բայց այժմ ի՞նչ լծակ ունի Քոչարյանը, որպեսզի կարողանա հետ պահել դե յուրե սեփականատերերին, իրեն ամենահասարակ ձեւով "քցելուց": Հո առաջին անգամ չէ՞, ի վերջո նույն Խաչատուր Սուքիասյանը բարեհաջող չէ՞ր մարսել Վանոյի կարողությունները:
Համ էլ, այժմ ի՞նչը պետք է խանգարի պետական մեքենային` տարբեր ստուգող եւ պատժիչ կառույցների օգնությամբ ունեզրկել Քոչարյանին, եթե նա սպառնալից չափի ֆինանսներ ներդնի քաղաքական դաշտում: Գումարած դրան, շատ պրոբլեմային է նրա վարկանիշի հարցը, որը ցածր է: Եթե ԼՏՊ-ն 10 տարի լռելուց հետո վերադարձավ քաղաքական դաշտ ու ի վիճակի եղավ գոյացնել "կարոտախտ" հանրության որոշակի հատվածի մոտ, որը բաղկացած է ՀՀՇ-ի օրոք լավ ապրողներից, մեկ էլ, բառիս բուն իմաստով, հավի հիշողություն ունեցողներից, ապա Քոչարյանը տարին մի քանի անգամ հանդես էր գալիս հրապարակային ինքնահարցազրույցներով, դրանով իսկ չթողնելով ժողովրդին մոռանալ իր անվան հետ կապված բացասական հույզերը:
Անշուշտ, 2017-ին նա կարող է փորձել իր բախտը խորհրդարանական ընտրություններին մոտավորապես այնպես, ինչպես 2007-ին դա արել էր Սամվել Բաբայանը` իր ստեղծած "Դաշինք" կուսակցությունով: Բայց շատ հավանական է, որ արձանագրվի նույն արդյունքը, ինչ Բաբայանն արձանագրել էր 2007-ին` երկու տոկոսից մի քիչ ավելին, ու նաեւ այլ առումներով Բաբայանի ճակատագիրը կրկնելու հավանականությունը կա: Դա ակնհայտորեն կապված է ռիսկերի հետ:
Ոչ ռիսկային տարբերակներ Ռոբերտ Սեդրակիչի մոտ կարող են գոյանալ միայն ֆորսմաժորային իրավիճակներում: Սակայն քիչ հավանական է, որ երկրում ներքին ցնցումներ գոյանան, իզուր չէ, որ նույն Քոչարյանը դառնությամբ շեշտում է. "ԲՀԿ-ի կազմաքանդումը, իհարկե, թեթեւացրեց իշխանությունների կյանքը, դրանով հանդերձ ուժեղացրեց երկրում առկա քաղաքական մենաշնորհը` մնացած բոլոր խնդիրները թողնելով ինչպես որ կային կամ էլ ավելի խորացնելով դրանք": Այնպես որ, շատ հավանական է, որ Քոչարյանն իրոք հարկադրված լինի դառնալ ՀՀ "ամենաերիտասարդ թոշակառուն"` այլ ելքի գրեթե բացակայության պատճառով:
ՀԱԿ-Ը ՄՆՈՒՄ Է ՀԱԿ` ԱՄԵՆ ԻՆՉ ՀԱԿմեջ
ԱՆԵԼՈՒ ՀԱԿՈՒՄՈՎ
Բնական է, որ ԼՏՊ-ն ԲՀԿ-ի առաջնորդափոխությունից եւ հեղափոխական ծրագրերից հրաժարվելուց հետո այլեւս ի վիճակի չէ որեւէ կերպ կյանքի կոչել իր "քաղաքագիտական վերլուծությունը": Երկրի ներսում այլեւս ոչ ոք նրան չի ապահովի ֆինանսական եւ մարդկային ռեսուրսով: Այդպիսի ռեսուրսներ նա չի կարող հուսալ ստանալու եւ Քոչարյանից, քանզի ՀՀ երկրորդ նախագահի պարագայում միանշանակ տեղին է ժողովրդական խոսքը` եթե քաչալը դարման ունենա, նախ իր գլխին կքսի:
Ուստի միակ բանը մնում է մասնակցել 5-րդ շարասյուների կատաղի մրցակցությանը "քեռի Սեմի" կանաչ թղթադրամների համար: Անշուշտ, "Հիմնադիր խորհրդարանի" չեզոքացումը փոքր-ինչ բարձրացնում է բոլոր արեւմտամետների շանսերը, բայց միեւնույնն է, մրցակցության դաժանությունը պահպանվում է: Ու այդտեղ ՀԱԿ-ն իր առաջնորդով հանդերձ ապավինում է դասական ՀՀՇ-ական թրքամետությանը եւ Հայ դատի հետ կապված բոլոր հարցերի նկատմամբ ժխտողականությանը: Ցեղասպանության 100-ամյակի առնչությամբ ԼՏՊ-ի թունավիժող հոդվածներին վաղ թե ուշ պետք է ավելանային թիմակիցների խայտառակ ելույթները խորհրդարանում: Եվ քանի որ վերջին եռօրյան վերջինն է ապրիլի 24-ից առաջ ու գումարած դրան քննարկվում էր ԱԺ հայտարարության նախագիծը 100-ամյակի կապակցությամբ, ապա այդպիսի ելույթների համար ավելի հարմար պահ պարզապես չկար: Ինչը եւ արտահայտվեց ԼՏՊ-ի ազգուրացության ոճով Լեւոն Զուրաբյանի ու Հրանտ Բագրատյանի արգահատելի ելույթներով: Ճիշտ է, Բագրատյանը ՀԱԿ կուսակցության անդամ չէ, բայց դա այն դեպքն է, երբ 1990-ից ՀՀՇ-ն որպես որակ մտած է արյան մեջ, եւ բացի այդ, դրանով որձ կովերի գծով մասնագետը նաեւ ապահովում է իր տեղը ամերիկյան ռեսուրսի համար տարվող մրցակցությունում: Հաշվարկը, թերեւս, բավականին պարզ է` Բագրատյանը Տեր-Պետրոսյանից բավականին երիտասարդ է, հետեւաբար կարելի է փորձել խլել ԼՏՊ-ի հացը հենց Հայ դատի ժխտման ասպարեզում:
Նունիսկ ԱՄՆ-ում "լրտեսական կուրսեր" անցած Զարուհի Փոստանջյանի կեցվածքը շատ ավելի համապատասխան էր ազգային պետական շահին, քան ՀԱԿ-իստներինը, եւ ՀԱԿ-ը նրա կողմից նաեւ քննադատվեց: Բայց... Բավականին ոչ հաճելի երանգ էր ՀՀԿ խմբակցության անդամ Սամվել Ֆարմանյանի հակվածությունը դեպի տերպետրոսյանական եւ բագրատյանական տեսակետ: Ինչեւէ, մոտ ապագայում հստակեցումներն ավելի շատ կլինեն, եւ 100-ամյակը լակմուսի թղթի պես դեռ ի ցույց է հանելու բոլորի իրական դիրքորոշումը եւ իրական շահերը:
ՀՈՎՀԱՆՆԵՍ ԳԱԼԱՋՅԱՆ
Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ
