ԱՎԵՏԱՐԱՆՉԱԿԱՆ ԸՆԿԵՐԱԿՑՈՒԹՅԱՆ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉ. «ԵՐԻՏԱՍԱՐԴՆԵՐԻ ԿԱՄՔՈՎ ԵՆ ՏՐՎԵԼ ՍԵՌԱԿԱՆ ԴԱՍՏԻԱՐԱԿՈՒԹՅԱՆ
Արխիվ 12-16ԱՎԵՏԱՐԱՆՉԱԿԱՆ ԸՆԿԵՐԱԿՑՈՒԹՅԱՆ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉ. «ԵՐԻՏԱՍԱՐԴՆԵՐԻ ԿԱՄՔՈՎ ԵՆ ՏՐՎԵԼ ՍԵՌԱԿԱՆ ԴԱՍՏԻԱՐԱԿՈՒԹՅԱՆ ԴԱՍԸՆԹԱՑՆԵՐ»
«Իրավունքը» պարբերաբար է անդրադարձել հայ ավետարանական եկեղեցու եւ ավետարանչական ընկերակցության գործունեությանը` հրապարակելով կարգալույծ արված ավետարանական եկեղեցու հովիվ, վերապատմելի Արմեն Միքայելյանի ու «Քայքայիչ պաշտամունքներից տուժածների օգնության եւ վերականգնողական կենտրոն» ՀԿ ղեկավար Ալեքսանդր Ամարյանի հայտարարությունները:
Ամերիկայի Հայ Ավետարանչական ընկերակցության Հայաստանի մասնաճյուղի ղեկավար Հարութ Ներսիսյանին այսօր «Իրավունքը» ավետարանական ընկերակչության շուրջ տեղի ունեցող իրադարձությունների մասին մի քանի հարց ուղղեց:
- Պրն Ներսիսյան, հայ որոշ հոգեւորականներ վերջին շրջանում հայտարարություններ էին տարածում ավետարանական եկեղեցու աղանդակերպ գործունեության մասին:
- Ավետարանչական ընկերակցությունը Հայաստանում գործում է երկրաշարժից հետո`1988 թ-ից: Մինչ այսօր ավետարանական եկեղեցու հետեւորդների, մասնակիցների, թիվը չի ավելացել: Ունենք մի քանի հազար անդամ ու շատ հետաքրքրվողներ: Եթե մենք զբաղվեինք հոգեորսությամբ, պիտի ունենայինք բազմաթիվ հետեւորդներ: Մենք թվով քիչ ենք ու քիչ կմնանք: Միշտ կլինեն անհատներ, որոնք կարտահայտեն իրենց կարծիքը:
- Կոմիտաս վարդապետ Հովնանյանին եւ Երեւանի Ավետարանական եկեղեցու խորհրդի նախագահ Լեւոն Բարդակչյանին առնչվող միջադեպին տեղյա՞կ եք:
- Լեւոն Բարդակչյանին մեր համակարգի հետ առնչություն չունի: Նա, եթե չեմ սխալվում, 1994 թ-ից ավերատարանչական ընկերակցության հետ որեւէ առնչություն չունի:
- Իսկ ավետարանական եկեղեցու հետ որեևէ կապ ունի՞ Բարդակչյանը:
- Ոչ: Ինքը հիմնել է Երեւանի ավետարանական եկեղեցի, որը կապ չունի Հայաստանի ավետարանական եկեղեցու հետ:
- Հայ հանրության շրջանում, սակայն, Լեւոն Բարդակչյանն ասոցացվում է Հայաստանի ավետարանական եկեղեցու հետ:
- Դժբախտաբար, անվանումների վրա հսկողություն չունենք: Ցանկացած եկեղեցի կարող է իրեն կոչել ավետարանական:
- Դուք տեղյա՞կ եք, որ ավետարանական եկեղեցին կարգալույծ արեց վերապատմելի Արմեն Միքայելյանին, ով դատարան էր դիմել, սակայն պարտվեց, բայց դիմելու է նաեւ ՄԻԵԴ:
- Գիտեք, եկեղեցին ինչ-ինչ պատճառներով, որոնց մեջ ես չեմ ցանկանում խորանալ, քանի որ ես եկեղեցին չեմ ներկայանում, կարգալույծ արեց:
- Չգիտեք` ինչո՞ւ են կարգալույծ արել:
- Չեմ ուզում խորանալ, քանի որ ես եկեղեցու ներկայացուցիչ չեմ: Բայց Արմեն Միքայելյանը նաեւ ավետարանչական ընկերակցության աշխատակից էր: Ավետարանչական ընկերակցության գլխամասը տարբեր պատճառներով, որոնք արծարծվեցին դատարանում, փակեց Արագածոտնի մարզի ծառայությունները:
- Որովհետեւ կարգալույծ արված հովիվը հայտարարել էր, որ սեռական դաստիարակության դասընթացներ են տրվել անչափահասներին, որի իրավունքը ավետարանական եկեղեցին չունի: Սեռական դաստիարակություն պետք է տա դպրոցը:
- Դա սխալ տեղեկություն է: Հայ ավետարանչական ընկերակցության ճամբարում երեք տարի առաջ երիտասարդների համար սեմինար կազմակերպվեց սեռական դաստիարակության որակավոր բժշկի կողմից: Սեմինարի նպատակը մեկն էր` երիտասարդներին պատրաստել ամուսնության համար:
- Բայց դա դպրոցի ու ընտանիքի խնդիրն է, ոչ թե այլ կառույցների:
- Երիտասարդների խնդրանքով է տրվել այդ սեմինարը, որը մի անգամ եղավ...
- Ու մեծ աղմուկ բարձրացավ...
- Աղմուկը բարձրացավ, որովհետեւ աղմուկը բարձրացնողը մի անհատ էր: Ներկա երիտասարդները շատ գոհ մնացին: Տարբեր անհատներ կարող են ունենալ սեռական դաստիարակության մասին: Մարդ կա, որ կարող է մտածել`սեռական դաստիարակությունը պետք չէ: Կամ կարող է ասել, որ ընտանիքում պետք է տրվի այդ դաստիարակությունը, դպրոցում կամ այլ տեղեր: Հիմա կարող ենք աղմուկ բարձրացնել կամ քաղաքակիրթ կերպով քննարկել սա:
- Դե հիմա աղմուկ բարձրացնող հովիվը եւ 13 մարդ քաղաքակիրթ ձեւով բարձրաձայնեցին, բայց այդ մարդկանց ավետարանչական ընկերակցությունը ազատեց աշխատանքից:
- Դա դրա հետ կապ չունի: Իրենք կարող են էդպես ասել: Ընկերակցությունը ռազմավարական պատճառներով փակեց Արագածոտնի մարզի իր ծառայությունները: Դատարանն ուսումնասիրեց նրա բոլոր փաստերը (նկատի ունի Արմեն Միքայելյանի-խմբ.) եւ չհամաձայնեց Արմենի հետ:
- Վերջերս լրատվամիջոցնեից մկեը գրեց, որ ԱՄՆ-ի հայ ավետարանչական ընկերակցությունից Տիգրան Մելքոնյանը` ընկերակցության աշխատակիցը, տարիներ շարունակ միլիոնավոր դոլարներ է յուրացրել` 800 հազար դոլար: «Իրավունքի» հետ զրույցում ավետարանական եկեղեցու կարգալույծ արված հովիվ Արմեն Միքայելյան ասաց, որ ավետարանական եկեղեցու վերադասները դեմ են, որ եկեղեցու «կեղտոտ սավանը եկեղեցու պատերից դուրս հանվի», մինչդեռ ԱՄՆ-ում իրավապահներին են հանձնում Տիգրան Մելքոնյանին:
- Գիտեք, ցանկացած կազմակերպության մեջ կարող է լինել աշխատակից, որն իրեն լավ չի պահում:
- Այդքան տարի Դուք չգիտեի՞ք, որ Տիգրան Մելքոնյանը գումարներ է յուրացնում:
- Գիտեք, ես այստեղի աշխատող եմ, ոչ թե այնտեղի:
- Ինչո՞ւ են Տիգրան Մելքոնյանին հանձնել իրավապահներին, թող ավետարանական եկեղեցին իր ներսում լուծեր իր հարցերը:
- Ես չեմ կարող պատասխանել նրանց փոխարեն:
- Իսկ հնարավո՞ր է, որ ձերբակալվեն ավետարանչական ընկերակցության այլ ներկայացուցիչներ եւս:
- Եթե սխալներ հայտնաբերվեն, որոնք քրեական են, հնարավոր է: Բայց ես չեմ կարծում, որ ուրիշ բաներ լինեն:
- Քայքայիչ պաշտամունքներից տուժածների օգնության եւ վերականգնողական կենտրոն» ՀԿ ղեկավար Ալեքսանդր Ամարյանը պարբերաբար է խոսում ավետարանչական ընկերակցության միջոցով կատարվող փողերի լվացում:
- Համաձայն չենք այդ հայտարարության հետ: Դե հիմա մարդիկ կխոսեն: Ալեքսանդր Ամարյանը ազատ է կարծիք հայտնել:
ՍՈՆԱ ԴԱՎԹՅԱՆ
