ԹՈՎՄԱՍ ՊՈՂՈՍՅԱՆԸ ԱՌԱՋԻՆ ԱՆԳԱՄ ԿՆԵՐԿԱՅԱՆԱ «ԴԼԵ ՅԱՄԱՆ» ԺՈՂՈՎՐԴԱԿԱՆ ԵՐԳԻ ՏԵՍԱՀՈԼՈՎԱԿՈՎ
Արխիվ 12-16ԹՈՎՄԱՍ ՊՈՂՈՍՅԱՆԸ ԱՌԱՋԻՆ ԱՆԳԱՄ ԿՆԵՐԿԱՅԱՆԱ «ԴԼԵ ՅԱՄԱՆ» ԺՈՂՈՎՐԴԱԿԱՆ ԵՐԳԻ ՏԵՍԱՀՈԼՈՎԱԿՈՎ
Ապրիլի 12-ին Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնում տեղի կունենա Սայաթ-Նովա աշուղական համույթի համերգը` նվիրված Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին: Համերգի ժամանակ հայ հանդիսատեսին կներկայացվի «Դլե յաման» ժողովրդական երգի տեսահոլովակը` «Սայաթ-Նովա» մշակութային միության ղեկավար ԹՈՎՄԱՍ ՊՈՂՈՍՅԱՆԻ մասնակցությամբ, որը նրա առաջին տեսահոլովակն է. «Այս տեսահալովակը նվիրված է Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին: Առաջին հայացքից այս երգը ժողովրդական սիրային երգ է, սակայն ժամանակների հոլովույթում այն ձեռք է բերել համազգային ցավի ու վշտի արտահայտություն: Այս իմաստով շատ խորքային բաներ տեսա եւ որոշեցի երգել«Դլե յամանը» եւ նկարահանել տեսահոլովակ, որի պրեմիերան տեղի կունենա ապրիլի 12-ին»,-տեղեկացրեց Թովմաս Պողոսյանը: Նրա խոսքով`համերգի ընթացքում կհնչեն միայն ոգեկոչման երգեր`անցյալի եւ ներկա ժամանակների աշուղների ստեղծագործություններից. «Մեր հիմնական ասելիքն այս տարի տեղի ունենալիք համերգի միջոցով է լինելու: Նպատակ ունենք համերգային ծրագիրը ներկայացնել նաեւ Արցախում, Ջավախքում եւ ՀՀ մարզերում: Մենք ամբողջ տարին ապրելու ենք Ցեղասպանության զոհերի ոգեկոչմամբ»,-ընդգծեց պարոն Թովմասյանը: Նրա համար Ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված ամենակարեւոր միջացառումը իրականացնում է Հայ Առաքելական եկեղեցին`սրբադասելով Ցեղասպանության անմեղ զոհերին. «Սա մեր պատմության մեջ աննախադեպ երեւույթ է, 600 տարուց ավելի սրբադասում չենք ունեցել: Սակայն այս բոլոր հիշատակի արարողություներից առավել կարեւրոը իմ կարծիքով այն է, որ ազգովի միավորվենք ու հզորանանք եւ մեր Դատը բարձրացնել: Այդ գործընթացը մենք պետք է անենք, այլ ոչ թե խնդրենք այս կամ այն գերտերությանը: Պետք է հզորանանք այնքան, որ այդ տերությունները եւ միջազգային կառույցները մեզ հետ հաշվի նստեն: Աղքատի, թույլի հետ ոչ ոք հաշվի չի նստում»,-եզրափակեց Թովմաս Պողոսյանը:
ԶՎԱՐԹ ԽԱՉԱՏՐՅԱՆ
