Զգուշացեք անհայտ ծագում ունեցող զբոսաշրջային գործակալներից
Արխիվ 12-16Զգուշացեք անհայտ ծագում ունեցող զբոսաշրջային
գործակալներից. Մեխակ Ապրեսյան
Սոցիալական փաթեթի շրջանակներում կառավարության կողմից տրամադրվող 132 հազար դրամի 52 հազար դրամը ուղղվում է առողջական խնդիրների կարգավորման, 8 հազար դրամը պարտադիր բուժզննում անցնելու համար: Մնացած 72 հազար դրամը շահառուները կարող են «ծախսել» 4 տարբեր ուղղություններով՝ բուժման, երեխաների ուսման վարձի և հիփոթեքի տոկոսադրույքի վճարման, ինչպես նաև հանգստի ծառայություններից օգտվելու նպատակով:ՀՀ էկոնոմիկայի նախարարության Զբոսաշրջության վարչության պետ Մեխակ Ապրեսյանը «Իրավունքի» թղթակցի հետ զրույցում տեղեկացրեց, որ տարեց տարի ավելանում է հանգստի ծառայություններից օգտվողների թիվը: Մասնավորապես եթե 2012 թ.-ին հանգստի ապահովման 13 հազար պայմանգիր է կնքվել, ապա 2014 թվականին այն հասել է 62 հազարի: «Սոցիալական փաթեթ համակարգը փայլուն նախագիծ էր, որն ուղղակի ներդրում էր տնտեսության մեջ, ինչը միանգամից մի քանի խնդիր կարողացավ լուծել»,- ասում է Մ. Ապեսյանը:
Ինչ վերաբերում է սոց. փաթեթի շրջանակներում հանգիստը պատշաճ կազմակերպելուն, ապա, Մ. Ապրեսյանի տեղեկացմամաբ, շահառուները միայն պետք է օգտվեն այն զբոսաշրջային օպերատորների առաջարկներից, որոնք հաշվառված և լիցենզավորված են Էկոնոմիկայի նախարարության կողմից: Դրանց ցանկը ներկայացված է նախարարության պաշտոնական կայքէջում: «Սպառողը ինքը պետք է կայքից տեղեկանա, թե այդ օպերատորը, որը սոց-փաթեթի շրջանակներում ծառայություն է առաջարկում, արդյո՞ք ընդգրկված է այդ ցանկում: Եթե ոչ, ապա պետք է հեռու մնալ նման առաջարկներից: Բայց, այստեղ կա մի բայց: Զբոսաշրջային ընկերությունները կարող են իրենց գործակալների միջոցով նույնպես պայմանագրեր կնքել շահառուների հետ, սակայն նրանց տվյալները կրկին պետք է ընդգրկված լինեն մեր կողմից հաշվառված զբոսաշրջային ընկերություններից որևէ մեկի ցանկում»,- ասում է Մ. Ապրեսյանը:
Գործակալները նույնպես պետք է լինեն կամ՝ անհատ ձեռնարկատերեր, կամ՝ առևտրային կազմակերություններ: Պայմանագրերը կնքվում են նախարարության կողմից հաշվառված օպերատորների անունից,ասում է Մ. Ապրեսյանը, ուստի պայմանագրից ծագող իրավունքների և պարտավորությունների պատասխանատուն հանդիսանում է տուր-օպերատորը, ուստի կեղծ գործարք կնքելու, կամ պայմանագրից բխող պարտավորությունները չկատարելու դեպքում օպերատորը զրկվում է նախարության կողմից տրամադրված լիցենզիայից:
ԱՐՄԻՆԵ ԳՐԻԳՈՐՅԱՆ
