Սոց .փաթեթի շրջանակներում առաջարկվող մութ գործարքները՝ օրենքի խախտում
Արխիվ 12-16Սոց .փաթեթի շրջանակներում առաջարկվող մութ
գործարքները՝ օրենքի խախտում
Նեքին տուրիզմի ակտիվացմանը զուգահեռ հասարակության շրջանում ակտիվացել են նաև այն խոսակցությունները, թե որոշ անհատներ ներկայանալով տուրիստական այս կամ այն ընկերության անունից փորձում են տուրիստական սեզոնը դեռ չսկսված սոց-փաթեթի շահառուների հետ պայմանագրեր կնքել, պատճառաբանելով, որ եթե հիմա պայմանագիր չկնքեն, հնարավոր է որ այդ գումարը կորի, քանի որ հայտնի չէ, թե օրինակ 3 ամիս հետո ինչ կլինի սոցիալական փաթեթով տրամադրովող 72 հազար դրամ գումարի հետ:
ՀՀ էկոնոմիկայի նախարարության Զբոսաշրջության վարչության պետ Մեխակ Ապրեսյանը «Իրավունք»-ին տեղեկացրեց, որ նման խուճապի մեջ ընկնել պետք չէ և սոցիալական փաթեթի շրջանակներում շահառուներին տրամադրված գումարները չեն կարող կորել, քանի որ այն կուտակային է: Այսինքն՝ չօգտագործելու դեպքում հաջորդ տարվա գումարն ավելանում է նախորդ տարվա գումարին: «Այստեղ շտապելու կամ անհանգստանալու խնդիր չի կարող լինել, թե՝ շուտ կնքենք, որ գումարը չկորի: Այդպիսի բան չկա»,- ասում է Մ. Ապրեսյանը: Բացի այդ, ժամկետից շուտ կնքված պայամանգերում նույնպես պետք է հստակ ամրագրված լինի, թե տվյալ շահառուն երբ, որտեղ և ինչ ծառայությունից է օգտվելու:
Խոսակցություններ կան նաև, որ մարդկանց առաջարկվում է «փոխշահավետ գործարք» կնքել և առձեռն ստանալ հասանելիք գումարի որոշ մասը: Նման ծուղակների զոհը չդառնալու համար ՀՀ Էկոնոմիկայի նախարարության Զբոսաշրջության վարչության պետը խորհուրդ է տալիս զերծ մնալ նման քայլերից, քանի որ դա օրենքի խախտում է և նման գործարքների դեպքում և՛ քաղաքացիները, և՛ նման առաջարկների հեղինակները կենթարկվեն պատասխանատվության: «Պետք է մասսայական գործարքներ կնքելուց զերծ մնան շահառուները: Որևէ մեկին չի կարելի ստիպել և ասել հիմա կնքի, այստեղ կնքի, պայմանագիրը կնքի հետո կորոշենք թե ուր եք գնալու»,- ասում է Մ. Ապրեսյանը:
«Իրավունք»-ը հետամուտ է լինելու սոցփաթեթի շրջանակներում մատուցվող առողջապահական և այլ ծառայությունների որակին, ուստի խնդիրների դեպքում կարող եք դիմել «Իրավունք»-ի խմբագրակազմին:
ԱՐՄԻՆԵ ԳՐԻԳՈՐՅԱՆ
