«ԴԱ ԵՎՍ ՄԵԿ ԱՊՏԱԿ ԿԼԻՆԻ ԹՈՒՐՔԻԱՅԻՆ». ԿԱԼԻՖՈՐՆԻԱՅԻ ՊՐՈՖԵՍՈՐ
Արխիվ 12-16«ԴԱ ԵՎՍ ՄԵԿ ԱՊՏԱԿ ԿԼԻՆԻ ԹՈՒՐՔԻԱՅԻՆ».
ԿԱԼԻՖՈՐՆԻԱՅԻ ՊՐՈՖԵՍՈՐ
Կալիֆորնիայի «Նորթրիջ» նահանգային համալսարանի հայագիտական ծրագրերի ղեկավար դոկտոր, պրոֆեսոր Վահրամ Շեմմասյանն այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ներկայացրեց այն միջոցառումները, որոնք կիրականացվեն Կալիֆորնիայում` Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցին:
Պրն Շեմմասյանի խոսքով` Կալիֆորնայում միջոցառումները սկսվել են դեռ նախորդ տարի հոկտեմբերին, մեծ գիտաժողով են իրականացրել, համերգ են կազմակերպել: «Մեծ գիտաժողով տեղի ունեցավ, որի շրջանակներում 4 թեմա քննարկվեց` ինչպես պետք է ուսումնասիրել Ցեղասպանությունը, վերապրածների լեզվի պահպանման հարցը, իսլամացված հայերի խնդիրն ու հայ դատի հարցը»,- ասաց հայագիտական ծրագրերի ղեկավարը:
Ապրիլի 24-ին Հոլիվուդում բազմահազարանոց հայերի մասնակցությամբ քայլերթ տեղի կունենա. «10 կիլոմետր կքայլեն դեպի Թուրքիայի հյուպատոսարան: Այդպիսով բոլորին ցույց կտանք` ինչ է եղել 100 տարի առաջ եւ եւս մի ճնշում կգործադրենք Թուրքիայի վրա»,- ասաց բանախոսը` նշելով, որ ապրիլի 24-ով միջոցառումները չեն ավարտվելու: Ապրիլի 25-ին եւս ԱՄՆ-ի տարբեր քաղաքներում միջոցառումներ կլինեն:
Արդյոք ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման կճանաչի Հայոց ցեղասպանությունը: Ըստ Վահան Շեմմասյանը դժվարացավ պատասխանել, միայն ասաց, որ ցեղասպանության մասին հիշեցնող միջոցառումներ միշտ պետք է տեղի ունենան:
«Նորթրիջ» նահանգային համալսարանի հայագիտական ծրագրերի ղեկավարը շատ է կարեւորում սփյուռքում ապրող հայերին իրենց արմատներին վերադարձնելու գործընթացն ու ինքնության ճանաչումը:
Անդրադառնալով ապրիլի 12-ին Հռոմի պապի կողմից Ցեղասպանության զոհերի հիշատակին տրվելիք պատարագին` բանախոսը նշեց, որ Վատիկանի այս որոշումը մեծ նշանակություն ունի. «Մեզ բոլորիս համար մեծ նշանակություն ունի այն, որ Գրիգոր Նարեկացու սրբադասում է լինելու: Սա եւս մի ապտակ կլինի Թուրքիայի համար»:
«Իրավունքի» հարցին` արդյոք Հայոց ցեղասպանության 100-ամյակի միջոցառումներն իսկական ցունամի են Թուրքիայի համար, Շեմմասյանի խոսքով` արդյունքը հետո կարող ենք գնահատել, բայց քայլեր աստիճանաբար արվում են: Ի վերջո, ցունամին միանգամից չի լինում:
ՍՈՆԱ ԴԱՎԹՅԱՆ
