ՍՏԵՓԱՆ ՄԱՐԳԱՐՅԱՆ. «ԱՌԱՋԱՐԿԵԼ ԵՄ ՔՈՉԱՐՅԱՆԻՆ ՀԱՄԱԳՈՐԾԱԿԵԼ ՈՉ ՄԻԱՅՆ ԲՀԿ-Ի, ԱՅԼԵՎ «ԵՌՅԱԿԻ» ՈՒ «ՔԱՌՅԱԿԻ»
Արխիվ 12-16ՍՏԵՓԱՆ ՄԱՐԳԱՐՅԱՆ. «ԱՌԱՋԱՐԿԵԼ ԵՄ ՔՈՉԱՐՅԱՆԻՆ ՀԱՄԱԳՈՐԾԱԿԵԼ ՈՉ ՄԻԱՅՆ ԲՀԿ-Ի, ԱՅԼԵՎ «ԵՌՅԱԿԻ» ՈՒ «ՔԱՌՅԱԿԻ» ՀԵՏ
ՀՀ նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանը երեկ հարցազրույցով է հանդես եկել եւ խոսել ներքաղաքական հարցերի, Հայոց ցեղասպանության, սոցիալ-տնտեսական իրավիճակի, սահմանադրական բարեփոխումների մասին: Նախկին նախագահն իր հարցազրույցում խոսել է նաեւ ԲՀԿ-ի շուրջ տեղի ունեցած վերջին իրադարձությունների մասին: Այս եւ այլ հարցերի շուրջ «Իրավունքը» զրուցեց ԲՀԿ պատգամավոր Ստեփան Մարգարյանի հետ:
- Պրն Մարգարյան, իշխանության կյանքն իրոք թեթեւացավ` ԲՀԿ-ն կազմաքանդելով, ինչպես հայտարարել է նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանը:
- Ես ուզում եմ անդրադառնալ «կազմաքանդել» բառին: Ցանկացած իշխանություն հոգու խորքում չի ցանկանում լուրջ ընդդիմություն ունենալ երկրի ներսում, չնայած տրամաբանորեն արտահայտում է հակառակը: Ցանկացած պետության համար, եթե չկա լուրջ ընդդիմություն, վտանգավոր է ընդդիմության ու իշխանության համար: Քոչարյանը, կարծում եմ, սա է նկատի ունեցել`կազմաքանդել ասելով: Ոչ թե բառի բուն իմաստով է ասել, որ ԲՀԿ-ն կազմաքանդվել է, այլ նկատի է ունեցել այն, որ իշխանություններն արեցին ինչ-որ բան, որ ուղղված է կազմաքանդելուն, ու սրանով իշխանության կյանքը թեթեւացավ: Ասել, թե` ԲՀԿ-ը կազմաքանդվել է, կարծում եմ` Քոչարյանը սա նկատի չուներ:
- Եթե Ռ. Քոչարյանը նկատի ունենար այն, ինչ Դուք եք ասում, այսինքն` փորձեցին կազմաքանդել, ոչ թե կազմաքանդեցին, չե՞ք կարծում, որ հենց այդպես կասեր:
- Դե հիմա դա ձեւակերպման խնդիր է: Հարցազրույցի ամբողջ տրամաբանությունը դրան չի ուղղված:
- Նախկին նախագահն այդ հարցազրույցում եւս մի անգամ հայտարարում է, որ ոչ մի կապ չունի ԲՀԿ-ի հետ, անգամ` ստվերային, բայց նաեւ ասում է` միեւնույնն է` ոչ բոլորն են դրան հավատում…
- Դուք հիմա ի՞նչ եք ուզում…
- Ցանկանում ենք այդ հայտարարությունը հակառակ կողմից դիտարկել: Քանի որ հանրությունն ու մամուլը չի հավատում Քոչարյանի`ԲՀԿ-ի հետ կապ չունենալուն, չե՞ք կարծում, որ նախկին նախագահը ԲՀԿ-ի տեղի ունեցած վերջին դեպքերից` հատկապես Գագիկ Ծառուկյանի` կուսակցությունից ու քաղաքականությունից հեռանալուց հետո, արդեն բաց տեքստով հայտարարում է, որ խզում է իր կապերը կուսակցության հետ:
- Ոչ: Հայտարարության խորքում ավելի լուրջ բան էր ընկած: Բոլորը նախկինում համարում էին, որ ԲՀԿ-ի գործունեությունը համակարգում է Ռոբերտ Քոչարյանը, որի մասին գրում էր մամուլը: Ես միշտ ասել եմ հետեւյալը` մարդկային հարաբերությունները չի կարելի շփոթել քաղաքական հարաբերությունների հետ…
- Իսկ կա՞ն մարդկային հարաբերություններ:
- Այո: Քոչարյանի` նախագահի պաշտոնից հեռանալուց հետո մի քանի անգամ նրա հետ հանդիպել եմ:
- Ի՞նչ եք քննարկել այդ հանդիպումների ընթացքում:
- Հազար ու մի հարց:
- Փետրվարի քսանի արդեն չկայացած եւ անցյալում մնացած հանրահավաքը չե՞ք քննարկել:
- Ոչ, ոչ: Մենք քննարկել ենք տարածաշրջանային խնդիրներ, որովհետեւ ես նրա օրոք կառավարությունում աշխատել ու համակարգել եմ այդպիսի հարցեր:
- Քոչարյանական կադր եք, փաստորեն:
- Դե մամուլը գրում էր այդ մասին: Բայց ես աշխատել եմ կառավարման համակարգում 1992 թ-ից Լեւոն Տեր-Պետրոսյանի օրոք` նախագահի աշխատակազմում, եւ համակարգել եմ տեղական իշխանությունները:
- Հիմա Ձեզ ո՞ւմ կադր եք համարում:
- ՀՀ-ի կադր (ծիծաղում է-խմբ.): Ես ուզում եմ ասել, որ մարդկային հարաբերությունները խառնել քաղաքականի հետ, սխալ է ու վտանգավոր, քանի որ եթե այդպես լինի, ապա կվերանան մարդկային բոլոր հարաբերությունները: Ես հայտարարել եմ ու ասել` կցանկանայի, որ Քոչարյանը համագործակցեր…
- ԲՀԿ-ի հե՞տ:
- Ոչ միայն ԲՀԿ-ի, նաեւ «եռյակի» ու «քառյակի» հետ: Քաղաքական այն գործիչը, որը կիսում է մեր գաղափարները, արժի համագործակցել: Բայց Ռ. Քոչարյանը երբեւէ չի մասնակցել ո՛չ ԲՀԿ-ի քննարկումներին, ոչ «եռյակի»:
- Անգամ միջնորդավորված` Վարդան Օսկանյանի միջոցով մեսիջներ չի՞ ուղարկել նախկին նախագահը:
- Ոչ, ոչ: Նրա մեսջիները եղել են իր հարցազրույցները: Ես ինքս էլ դա չեմ տեսել ու չեմ զգացել (նկատի ունի Քոչարյանի միջամտությունը-խմբ.): Հիմա ի՞նչ հիմք ունեմ իրեն չհավատալու:
- Այդ հարցազրույցում Ռոբերտ Քոչարյանը հայտարարում է. « Վերջին տարիներին ԲՀԿ-ն համառ ձգտում էր ցուցաբերում՝ սեփական թեկնածուներով մասնակցելու ինչպես խորհրդարանական, այնպես էլ՝ նախագահական ընտրություններին»: «Համառ» բառի օգտագործումը չի՞ նշանակում արդյոք, որ Ռոբերտ Քոչարյանը չի ցանկացել եւ ամեն ինչ արել է, որ ԲՀԿ-ը գնա այն ճանապարհով, որով գնաց մինչ փետրվարի քսանի հանրահավաքի չեղյալ համարելը:
- Դժվարանում եմ ասել: «Համառ» բառը չգիտեմ որքանով է… բայց ԲՀԿ-ն միշտ հայտարարել է, որ եթե նախագահական ընտրություններին մասնակցի, միայն Գագիկ Ծառուկյանով, որը տրամաբանական է:
- Բայց դա կարծես թե Քոչարյանին դուր չի եկել:
- Ես այդպես չեմ հասկացել: Պարզապես ինքը դա ասել է, որ մեկ անգամ փաստի` ԲՀԿ-ն իր շահերը չի սպասարկել:
- Այդ հարցազրույցից հետո կարծիքներ հնչեցին, որ Ռոբերտ Քոչարյանը կարծես աստիճանաբար համակերպվում է երիտասարդ թոշակառուի իր կարգավիճակով:
- Բայց մենք չգիտենք` դա այդպե՞ս է, թե` ոչ: Վերջին հարցազրույցը, համենայնդեպս, դա չէր նշանակում:
- Իսկ ի՞նչ էր նշանակում:
- Այն, որ ինքը հետեւում է երկրի զարգացումներին, անհանգստացած է բացթողումներով…
- Որոնց մեջ ինքն էլ իր մեղքի բաժինն ունի…
- Ինքը դա չի ասել այս հարցազրույցում:
- Իսկ ընդունո՞ւմ եք, որ նախկին նախագահն ունի իր մեղքի բաժինը:
- Ո՞ր մասով:
- Օրինակ, երեկվա հարցազրույցում խոսում է արտաքին պարտքի աճի մասին:
-Արտաքին պարտքը Քոչարյանի օրոք, որքան հիշում եմ, 1,5 մլրդ էր:
- Բայց տեսակետներ կան, որ կարող էր արտաքին պարտքն ավելի քիչ լիներ:
- Եթե արտաքին պարտքի ավելացումը վնասակարության տեսակետից նայենք, ապա կասենք, որ պարտքը 1,5 միլիարդ դարձել է իր օրոք: Բայց արտաքին պարտքը երբեմն օգտակար է լինում ճիշտ օգտագործվելու դեպքում: Այսօր շատերն են կասկածում արտաքին պարտքի արդյունավետ ծախսելու վրա, իսկ այն ժամանակ կասկածներն այդքան էլ շատ չէին: Իհարկե, լավ չէ, որ պետությունը դիմում է արտաքին պարտքի, բայց պետությունների մեծ մասն այդ գումարներն օգտագործում է արդյունավետ:
- Քանի որ մեղքերի մասին խոսեցինք, Դուք, Քոչարյանի օրոք աշխատած նախկին պաշտոնյա, կարո՞ղ եք ասել` ո՞րն է Քոչարյանի ամենամեծ մեղքը:
- Իսկ ինչո՞ւ պետք է ես գնահատեմ:
- Դուք նրա կառավարման օրոք պաշտոնյա եք եղել:
- Ես չեմ տեսնում այնպիսի մեղք, որի համար դատապարտեն մարդուն:
- Մարտի մեկ, հոկետմբերի 27…
-Բայց դա ի՞նչ կապ ունի Քոչարյանի հետ:
- Նա 1999 թ-ի հոկտեմբերի 27-ին եղել է երկրի ղեկավար` առաջին պատասխանատուն, ում անվան հետ հաճախ կապում են ամեն ինչ:
- Ես համաձայն չեմ, որ ամեն ինչ կապում են թիվ մեկ պատասխանատուի հետ: Եթե հոկտեմբերի 27-ի գործով Քոչարյանը ունենար որեւէ պատասխանատվություն, վաղուց դա կերեւար:
ՍՈՆԱ ԴԱՎԹՅԱՆ
