ՖԱՐՄԱՆՅԱՆԸ ՓՈՍՏԱՆՋՅԱՆԻՑ ԷԼ ԸՆԴԴԻՄԱԴԻՐ Է
Արխիվ 12-16ՖԱՐՄԱՆՅԱՆԸ ՓՈՍՏԱՆՋՅԱՆԻՑ ԷԼ ԸՆԴԴԻՄԱԴԻՐ Է
Այսօր ԱԺ-ում կարծես թե տեղերով փոխվեցին Սամվել Ֆարմանյանը եւ Զարուհի Փոստանջյանը: Ֆարմանյանը լինելով Հանրապետական ներկայացրեց մի շարք մտքեր, որոնք շատ հեռու են պահպանողական գաղափարախոսությունից եւ շատ մոտ վուլգար լիբերալիզմին: Ըստ էության Ֆարմանյանը, ինչ որ տեղ համահունչ հայտարարություններ արեց Հրանտ Բագրատյանի ելույթում հնչած մտքերին, վերջինս էլ կրկնում էր Լեվոն Տեր-Պետրոսյանի գաղափարական գոհարները կոչ անելով ուշադիր լինել Տեր-պետրոսյանի հոդվածներին: Այսպես, Ֆարմանյանը կրկնեց օրերս արտահայտած իր այն միտքը, որ ՀՀ նախագահի կողմից հրապարակած համազգային հռչակագիրը եւ ՀՀ արտաքին քաղաքականության օրակարգը նույնական չեն: <Իրավունք>-ը օրեր առաջ փորձեց պարոն Ֆարմանյանից ճշտել, թե հատկապես, որ դրույթներն են տարբերվում հռչակագրում եւ ՀՀ արտաքին քաղաքականության օրակարգում: Սակայն մեզ այդպես էլ չհաջողվեց պարոն Ֆարմանյանից որեւէ պատասխան ստանալ: Այսօր Ֆարմանյանը գնաց էլ ավելի հեռու եւ կրկնեց Հ. Բագրատյանի այն դրույթը, որ ԱԺ-ի՝ ցեղասպանության 100-ամյա տարելիցի առթիվ հրապարակած հայտարարության մեջ համահայկական հռչակագրի հիշատակումը բացի վնասից ոչ մի օգուտ չի բերի: Ավելին, Ֆարմանյանը կրկնեց Տեր-Պետրսյանի այն դրույթը, որ անգամ ցեղասպանության միջազգային ճանաչման եւ պատժման խնդրում աշխարասփյուռ հայ ազգը չի կարող լինել միասնական: Մի խոսքով, ՀՀԿ անդամ Սամվել Ֆարմանյանը եւս մեկ անգամ ապացուցեց իր իսկ խոսքը, որ բազմաթիվ հարցերում նա շատ ավելի մեծ համաձայնություն ունի ընդդիմադիրների, քան իր իսկ խմբակցության անդամների հետ, եւ այլ բան է, որ Ֆարմանյանի նման բազմաթիվ հայտարարությունները, առայժմ, որեւէ մեկնաբանության չեն առաջացրել ՀՀԿ խմբակցությունում:
Սրան ի հակառակ Զարուհի Փոստանջյանը, ով սովորաբար հանդես էր գալիս արեւմտամետ ու լիբերալ դիրքերից, այսօր հակառակը հանդես եկավ ելույթով, որը շատ ավելի նման է պահպանողականների դիրքորոշմանը: Նա խոսեց եւ հայոց պահանջատիրությունից եւ միասնական դիրքորոշումից: Եթե այսպես շարունակվի ապա չի բացառվում, որ շուտով ԱԺ-ում Ֆարմանյանն ու Փոստանջյանը կփոխվեն իրենց տեղերով:
ԱՐՄԵՆՈՒՀԻ ՀԱԿՈԲՅԱՆ
