ՆԱԻՐԱ ԶՈՀՐԱԲՅԱՆ. «ՄԵՆՔ ՉԵՆՔ ՄԵԿՆԱԲԱՆՈՒՄ ՌՈԲԵՐՏ ՔՈՉԱՐՅԱՆԻ ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑԸ»
Արխիվ 12-16ՆԱԻՐԱ ԶՈՀՐԱԲՅԱՆ. «ՄԵՆՔ ՉԵՆՔ ՄԵԿՆԱԲԱՆՈՒՄ ՌՈԲԵՐՏ ՔՈՉԱՐՅԱՆԻ ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑԸ»
Այսօր խորհրդարանի բակում տեղի ունեցավ Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցին նվիրված հուշարձանի բացումը, որից հետո տեղի ունեցավ ծառատունկ: Պատգանավորները տնկեցին 100 ծառ` ի հիշատակ Հայոց ցեղասպանության զոհերի: Ծառատունկին մասնակցում էր նաեւ ԲՀԿ առաջնորդ Նաիրա Զոհրաբյանը: «Պետք է ապրել հանուն այն 1.5 միլիոն հայերի, որոնք նահատակվեցին: Պիտի ապրել` հիշելով նրանց»,- «Իրավունքի» հետ զրույցում ասաց ԲՀԿ առաջնորդը:
Արդյոք Նաիրա Զոհրաբյանը կհասցնի խնամել իր տնկած բոլոր ծառերը: «Գիտեք, ես մեր գյուղում էլ մի քանի ծառ տնկել եմ եւ աշխատում եմ պարբերաբար գնալ ու հետեւել: Քանի որ պատասխանատու մարդ եմ ինձ համարում, աշխատում եմ մինչեւ վերջ գործը ավարտին հասցնել: Առանձնապես բարդ չէ մի դույլ վերցնել ու ջրել ծառերը»,- ասաց տիկին Զոհրաբյանը:
Կուսակցության ղեկավարին «Իրավունքը» ՀՀ նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանի հարցազրույցի վերաբերյալ հարց ուղղեց:
- Տիկին Զոհրաբյան, որպես ԲՀԿ առաջնորդ` արդյոք ընդունում եք, որ ԲՀԿ-ն կազմաքանդելով` իշխանությունը թեթեւացրեց իր կյանքը, ինչպես երեկ հայտարարել է ՀՀ նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանը:
- Ռոբերտ Քոչարյանի հարցազրույից վերաբերյալ մենք մեկնաբանություն չենք տալիս: Ինչ վերաբերում է կազմաքանդել ձեւակերպմանը, մեր մամլո խոսնակ Վահան Բաբայանը հստակ հայտարարել է, որ ԲՀԿ-ի համար դժվար օրեր էին, բայց կուսակցությունը կարողացավ հաղթահարել դժվար ֆորս-մաժորային իրավիճակը, համախմբել իր առողջ ուժերը: Ինչպես երեկ, ԲՀԿ-ն քաղաքական դաշտի առանցքային ուժերից մեկն է`անկախ նրանից` դա ում դուրն է գալիս, ում դուրը`ոչ:
- Տեղեկություններ կան, որ ԲՀԿ-ն համալրվում է նոր մարդկանցով: Հայտնի դեմքեր կա՞ն համալրողների շարքում, թե՞ միայն շարքային քաղաքացիներ են:
- Յուրաքանչյուր շարքային քաղաքացի ինձ համար կարեւոր է, որովհետեւ մեր քաղաքացիներն են մեր երկրի ապագան: Անդամագրվողների մեջ կան նաեւ մտավորականներ, որոնց մասին առաջիկայում կիմանաք:
ՍՈՆԱ ԴԱՎԹՅԱՆ
