ԲԱՑՎԵՑ ԽԱՉԱԶԱՐԴՈՂ Է. ԽԱՆՈՅԱՆԻ ԱՆՀԱՏԱԿԱՆ ՑՈՒՑԱՀԱՆԵՍԸ` ՆՎԻՐՎԱԾ ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ 100-ՐԴ ՏԱՐԵԼԻՑԻՆ
Արխիվ 12-16ԲԱՑՎԵՑ ԽԱՉԱԶԱՐԴՈՂ Է. ԽԱՆՈՅԱՆԻ ԱՆՀԱՏԱԿԱՆ ՑՈՒՑԱՀԱՆԵՍԸ` ՆՎԻՐՎԱԾ ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ 100-ՐԴ ՏԱՐԵԼԻՑԻՆ
Հարյուր - հազար տարի արդեն մենք քայլում ենք լեռան միջով,
Լեռան միջով անցնող ճամփեն տրված է մեզ Աստծո խաչով,
Լեռան միջով անցնող ճամփեն նման է մեր բախտի խաչին`
Չորս թեւ, չորս լույս, չորս քերովբե …
Կարոտ՝ հոգու մեր հին կանչին:
Աշխարհը՝ լեռ, մեր ճամփեն՝ խաչ,
Խաչե ճամփով մենք քառատվել,
Հարյուր-հազար տարի առաջ լեռը մտանք ու մեջն ենք դեռ …
Բանաստեղծ Հովիկ Հովեյանի այս տողերով ժողովրդական ստեղծագործության կենտրոնում բացվեց նկարիչ, խաչազարդող, ժողովրդական վարպետ ԷԴՈՒԱՐԴ ԽԱՆՈՅԱՆԻ անհատական ցուցահանդեսը՝ նվիրված Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին:
«Ինչպես հոգին, այդպես էլ Խաչը չունի սեռ: Սակայն պարոն Խանոյանի խաչազարդումներում կարծես թե տարբերակում ենք նազանքով քայլող, ճեմապարող, գեղանի խաչերի , զինվոր խաչերի… հանդիպում ենք Կիլիկիո տարածքներից եկող, հինավուրց ուղերձներ բարձրաձայնող եւ հուշող ասպետ- խաչերի»,- իր ողջույնի խոսքում նշեց Հովիկ Հովեյանը:
Խանոյանը շարունակում է հայ ծաղկողների գործը՝ հայ մանրանկարչության մեջ ստեղծելով իր ուրույն դպրոցը: Նկարում է բացառապես խաչեր, երբեք չի կրկնում իրեն:
«Ես խաչերի էսքիզները ստանում եմ տիեզերքից,- ասում է հեղինակը,- նախ մտքումս են պատկերվում, ապա մարմնավորում եմ՝ հանձնում կտավին, թղթին»:
Բանաստեղծ թարգմանիչ Բաբկեն Սիմոնյանն իր խոսքում շեշտեց, որ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին ընդառաջ այս ցուցադրությունը՝ խաչերը, մեր ժողովրդի հարատեւման վկայություններից են՝ իրենց խորհրդով ու փիլիսոփայությամբ:
Ցուցահանդեսին ներկա էր նաև Հայաստանում Ռուսաստանի Դաշնության արտակարգ և լիազոր դեսպան պարոն Վոլինկինը:
Նշենք, որ Է. Խանոյանի աշխատանքները ներկայացնող գիրք-ալբոմ է հրատարակվել Ռուսաստանի Դաշնությունում եւ հեղինակը հույս ունի, որ մի օր Մայր Աթոռն էլ կնախաձեռնի խաչերի հավաքածուի ընտրանու տպագրությունը հայրենի երկրում:
Էդվարդ Խանոյանը ծնվել է 1954 թ. Թբիլիսի քաղաքում: Ստեղծագործում է 1998 թ.-ից:
Ունեցել է անհատական ցուցահանդեսներ ՀՀ–ում, ԼՂՀ–ում: Առաջին անհատական տեղի է ունեցել 2003 թ.–ին Հայաստանի ժողովրդական արվեստի պետական թանգարանում: Խանոյանի ստեղծագործությունները տեղ են գտել Հայաստանի, Արցախի և աշխարհի տարբեր երկրների (Կանադա, ԱՄՆ, Գերմանիա, Ֆրանսիա, Իտալիա, Ավստրալիա) մասնավոր հավաքածուներում:
ԶՎԱՐԹ ԽԱՉԱՏՐՅԱՆ
