Կ. ՌԱՅԿԻՆԸ ՀԱՅԵՐԻՑ ՆԵՂՍՐՏԱԾ Է ԵՂԵԼ, ԲԱՅՑ ԿՐԿԻՆ ՎԵՐԱԴԱՐՁԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆ
Արխիվ 12-16Կ. ՌԱՅԿԻՆԸ ՀԱՅԵՐԻՑ <<ՆԵՂՍՐՏԱԾ>> Է ԵՂԵԼ, ԲԱՅՑ ԿՐԿԻՆ ՎԵՐԱԴԱՐՁԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆ
ՌԴ մշակույթի նախարարության առաջարկով` Հայաստանում է գտնվում ռուս դերասան ԿՈՆՍՏԱՆՏԻՆ ՌԱՅԿԻՆԸ` հանրահայտ Արկադի Ռայկինի որդին: Լրագրողների հետ հանդիպման ժամանակ դերասանը հայտնեց, որ տարիներ առաջ Հայաստանից մի քիչ "նեղսրտած" է հեռացել, բայց այսօր կրկին Հայաստան է եկել: Ավելին` հայ հանդիսատեսի համար նախապատրաստել է "Սեփական ձայնով" մոնոներկայացում-համերգը: Դերասանի խոսքով` "Սեփական ձայնով" ներկայացմամբ հանդես է եկել աշխարհի տարբեր երկրներում: Ժամանակ առ ժամանակ այն փոփոխում է եւ ներկայացման մեջ անում այն, ինչ ցանկանում է:
<<ՀԱՅԿԱԿԱՆ ՀԵՌՈՒՍՏԱԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՑ ՄԵԿԸ ԱՅՆՊԵՍ ՀԻԱՍԹԱՓԵՑՐԵՑ, ՈՐ ԴԺՎԱՐԱՆՈՒՄ ԷԻ ՀԱՎԱՏԱԼ,
ԹԵ ԵՐԲԵՎԷ ԿՎԵՐԱԴԱՌՆԱՄ ՀԱՅԱՍՏԱՆ>>
-Ես հետեւում եմ աշխարհում տեղի ունեցող իրադարձություններին, այդ թվում` նաեւ Հայաստանում կատարվող անցուդարձին, ուստի, երբ ՌԴ մշակույթի նախարարությունն առաջարկեց որեւէ ներկայացմամբ հանդես գալ Հայաստանում, համաձայնեցի: Չնայած, տարիներ առաջ հայկական հեռուստաընկերություններից մեկն ինձ այնպես հիասթափեցրեց, որ դժվարանում էի հավատալ, թե երբեւէ կվերադառնամ Հայաստան: Ճիշտ է, այս մասին խոսելը շատ տխուր է: Պարզապես ապշած էի այդ հեռուստաընկերության աշխատակիցների ոչ պրոֆեսիոնալ դրսեւորումից: Ես երիտասարդ էի, չնայած այժմ էլ եմ երիտասարդ (Ժպտում է.- հեղինակ) եւ եռանդով լեցուն. այդ մարդիկ ինձ շատ տանջեցին: 28 անգամ կրկնում էի այն, ինչ նրանք պետք է նկարահանեին, բայց ապարդյուն, չէին կարողանում ըմբռնել իմ ասածները: Մեր համագործակցությունն այդպես էլ չստացվեց: Հեռուստաընկերությունը նույնիսկ իմ հետդարձի տոմսը չգնեց:
<<ԹԱՏՐՈՆՆ ԻՄ ՍԻՐՈ ՎԱՅՐՆ Է>>
Արդեն 27 տարի դերասանը Մոսկվայում ղեկավարում է "Սատիրիկոն" թատրոնը, որտեղ իր իսկ խոսքով` հանդես է գալիս ե՛ւ որպես դերասան, ե՛ւ ռեժիսոր, ե՛ւ ուսուցիչ: Կ. Ռայկինն ընդգծեց, որ սիրում է հանդես գալ միայն թատրոնում, խոստովանեց, որ նույնիսկ հրաժարվել է 17 մլն դոլարից եւ չի նկարահանվել ֆիլմում. "Ես իմ ընտրությունն արդեն կատարել եմ` թատրոնն է: Այն իմ սիրո վայրն է, որտեղ ես հանդես եմ եկել բազմաթիվ դերերով, ի՞նչ բարձրարժեք եւ հետաքրքիր դեր կարող է կինոն ինձ առաջարկել: Բացի այդ, շատ եմ սիրում թատրոնի հանդիսատեսին, նրանք գնահատում են արվեստի արժեքը: Ոչ ոք չի կարող ունենալ այն հաջողությունը, ինչ ունի թատրոնի դերասանը: Ո՛չ գրողը, ո՛չ ռեժիսորը չեն կարող ունենալ այն հաջողությունը, ինչ այն դերասանը, ով իր դերը կենդանի ներկայացնում է հանդիսատեսին":
Կ. ՌԱՅԿԻՆՆ ԱՍԱՑ,
ՈՐ ԵԿԵԼ Է ՀԱՐԱԶԱՏՆԵՐԻ ՄՈՏ
Կոնստանտին Ռայկինը փաստեց, որ կովկասի ժողովրդի հետ ջերմ հարաբերությունների մեջ է, ինչն էլ պատահական չէ. նախկին կինը կիսով չափ հայ է եղել, կիսով չափ` ադրբեջանցի: Եվ կես կատակ-կես լուրջ ասաց. "Եկել եմ հարազատներիս մոտ":
ԻՆՉՈ՞Ւ ՌԱՅԿԻՆՆ ԻՐ ԱՐՎԵՍՏԱՆՈՑԻՑ
ՀԵՌԱՑՐԵՑ ՀԱՅ ՈՒՍԱՆՈՂԻՆ
-Ինձ համարում եմ ինտերնացիոնալիտ: Իմ արվեստանոցում խնամի-ծանոթ-բարեկամով ընդունված ուսանող չկա: Այստեղ սովորում են տարբեր ազգություն ունեցող շնորհալի մարդիկ, այդ թվում` մեկ հայ, որին, ի դեպ, հեռացրի, քանի որ իրեն լավ չէր դրսեւորում... Ես խիստ եմ, բայց շատ բարի, միեւնույն ժամանակ, դիկտատոր, որովհետեւ առանց վախ ներշնչելու` ոչինչ չես կարող անել, եւ առանց սիրո էլ ոչինչ չի ստեղծվի...
ԶՎԱՐԹ ԽԱՉԱՏՐՅԱՆ
Հ.Գ.- Ի դեպ, ասուլիսին դերասանը եկել էր ալենդելոնյան կերպարով ու իր պրոդյուսերի ուղեկցությամբ: Նա ասուլիսի հենց սկզբում փոքր-ինչ վրդովված էր, ավելին` բարդութավորված, ինչ է, թե դերասանին լուսանկարել էին մամուլի սրահ մտնելիս: Թե ինչով էր պայմանավորված այդ զայրույթը, այդպես էլ անհասկանալի մնաց, հատկապես, որ նա հայտնի դերասան է ու գիտեր` ուր է գալիս, մինչդեռ վերջինիս պրոդյուսերը պարոն Ռայկինին լուսանկարելու համար պահանջում էր այդ լուսանկարչին դուրս հանել ասուլիսից, թեպետ ընթացքում բորբոքված պրոդյուսերն ու լուսանկարիչը լեզու գտան իրար հետ: Այնուամենայնիվ, հետաքրքիր է, ավագ Ռայկինն ինչո՞ւ ժամանակին Ռայկին կրտսերին չէր սովորեցրել լրագրողների հետ շփվելու արվեստը կամ ինչո՞ւ Ռայկին կրտսերը չհորդորեց իր պրոդյուսերին` ադեկվատ մոտեցում ցուցաբերել, այս հարցի պատասխանն էլ թողնենք ընթերցողներին:
