"70-80 ԱՆՀԱՅՏ ԿՈՐԱԾ, ԶՈՀՎԱԾ ՀԱՅԵՐ ԿԱՆ"
Արխիվ 12-16Դոնբասում այս օրերին տեղի ունեցող իրադարձությունների եւ առհասարակ Ուկրաինայում հայկական համայնքների հայերի վիճակի մասին փորձեցինք զրուցել Դոնեցկի Կոնստանտինովկա քաղաքի հայկական համայնքի նախագահ ԱՂԱՍԻ ԲԱՐՍԵՂՅԱՆԻ հետ: Չնայած Կոնստանտինովկայի հայկական համայնքը քիչ թե շատ զերծ է մնացել ռմբակոծություններից, բայց անդրադառնալով ընդհանուր հայության խնդրին` մեր զրուցակիցը նկատեց.
-Հայկական համայնքը հիմնականում չեզոք դիրք է գրավում, որի շնորհիվ էլ կարողանում է այս պատերազմական թոհուբոհի մեջ գոյատեւել: Չնայած վերջերս կոնֆերանս էր տեղի ունեցել, եւ պարզեցինք, որ արդեն 70-80 անհայտ կորած, զոհված հայեր կան: Դրությունը լարված է մնում ողջ շրջանում, սադրանքներ էլ են լինում, փողոցում` զինված անձինք խաղաղ ժողովրդին են վիրավորում... Այլ խոսքովª այս պահին ավելի շատ քաղաքացիական պատերազմ է: Տեղի հայերի մեծ մասը գաղթել է, ովքեր գնալու տեղ չունեն` ստիպված մնում են: Փողոցներում ամենուր զինված խմբավորումներ են, մարդիկ դուրս են գալիս շուկա, առեւտուր անում ու ուզեն, թե ոչ` բախվում են զինված անձանց հետ: Ճիշտ է` ասում են զինադադարի պայմանագիր է ստորագրված, բայց այդ զինադադարը ընդամենը թղթի վրա գրված զինադադար է: Սա արդեն երրորդ զինադադարն է, ու ամեն զինադադարից հետո կռիվ է լինում. զինադադար կոչվածը Կիեւի իշխանությունները պարզապես օգտագործում են զորքերի վերադասավորման, նոր զենքեր եւ դրա հետ մեկտեղ պատերազմի նոր հրահանգներ ստանալու համար. զինադադարի մասին խոսելն ավելորդ է մեր պարագայում:
Փառք Աստծո, որ ազգամիջյան ընդհարումներ, նման երեւույթներ չկան, սրանց կռիվն այլ է:
- Ի՞նչ եք կարծում, ե՞րբ եւ ինչպե՞ս կավարտվի այս ամենը:
- Եթե այս պատերազմը հովանավորողները միմյանց հետ ընդհանուր լեզու գտնեն, այդ ժամանակ հնարավոր է, որ որեւէ փոփոխություն տեղի ունենա: Բայց զենք մատակարարող կողմերը, ովքեր հովանավորում են այս պատերազմը, արտաքուստ ցույց են տալիս, թե ամեն բան լավ կլինի, բայց իրականում որեւէ դրական տեղաշարժ չկա, Դոնեցկի եւ Լուգանսկի շրջանները շարունակում են պարբերաբար ռմբակոծությունների ենթարկվել, եւ հայտնի չէ, թե այս ամենը ինչով կվերջանա: Ամեն դեպքում մի բան հստակ է` ե՛ւ ժողովուրդն է հոգնել այս անորոշությունից, ե՛ւ պատերազմող կողմերը: Սարսափելի զգացողություն է, երբ ամեն առավոտ գործի գնալիս տեսնում ենք, որ անտառաշերտերը ամբողջությամբ ականապատված են: Նույնիսկ երբ մարդ է մահանում, մի կերպ, վախենալով ենք կարողանում հասցնել գերեզմանատուն: Այնպիսի տպավորություն է, որ պատերազմող կողմը, չնայած ոչ բացահայտ, բայց անում է ամեն բան, որպեսզի հասկացնի` ով դժգոհ է, թող վեր կենա, փախչի: Այս պատերազմում որեւէ քաղաքական հանգուցալուծում չենք տեսնում առայժմ, որովհետեւ այստեղ միմյանց են բախվում գերտերությունների շահերը: Իսկ մինչ ինչ-որ քաղաքական որոշում կայացվի, Դոնեցկի եւ Լուգանսկի շրջանների կեսից ավելին արդեն իսկ ավերվել է. կամուրջները, ինֆրաստրուկտուրաները, ոչինչ չի մնացել: Որ էսպես շարունակվի, վերջում միայն մարզերի անունները կմնան:
- Իսկ հայկական համայնքներն ինչպե՞ս են կարողանում այս իրավիճակում գոյատեւել:
- Դոնեցկի եւ Լուգանսկի շրջաններում մի աղետալի վիճակ է. մարդիկ չունեն աշխատանք, գոյատեւման միջոցներ: Չնայած մեզ մոտ` Կոնստանտինովկայում էլ մի լավ իրավիճակ չէ, բայց համեմատած վերը նշված տարածքների հետ` էլի ոչինչ, ծայրը-ծայրին հասցնում ենք: Այնտեղ մարդիկ թոշակ, աշխատավարձ, այլ խոսքով` որեւէ ֆինանսական միջոց չունեն, իսկ ապրանքների գներն արեւմտյան շրջանի հետ համեմատած` երկու-երեք անգամ բարձր է: Ժողովուրդը գերտերությունների կողմից սարքված խաղերի քաղաքական պատանդն է դարձել, թոշակառուները մի տարուց ավելի է` թոշակ չեն ստանում: Դե պատկերացրեք, թե ինչ վիճակ է` աննկարագրելի, սա միայն տեսնել է պետք:
- Տեղի իշխանությունները չե՞ն սատարում հայկական համայնքներին:
- Ընդհանուր առմամբ տեղի իշխանություններն աջակցում են հայերին` Ցեղասպանության նվիրված միջոցառումների կազմակերպման, ուժային ստրուկտուրաների առումով: Ճիշտ էª Ուկրաինան պաշտոնապես չի ընդունում Հայոց ցեղասպանությունը, բայց ղեկավարությունը, հավատացեք, կողմ է: Պարզապես պաշտոնյանները չեն բարձրաձայնում այդ մասին, որովհետեւ իրենք իրենց կաշին ավելի թանկ են գնահատում: Գիտեք` Թուրքիայի հետ մեր առեւտուրը կազմում է համարյա երեսուն տոկոս, եւ այս պայմաններում, հատկապես պատերազմական իրավիճակում, անիրատեսական է, որ Ուկրաինան կճանաչի Ցեղասպանությունն այս տարի. ոնց որ ասում են` էն լավ օրերին չճանաչեց, հիմա հո չի՞ ճանաչի: Ամեն դեպքում, անկախ ամեն բանից, մենք մեր սահմանադրական իրավունքների շրջանակներում պայքարում ենք Հայոց ցեղասպանության ճանաչման համար:
Հարցազրույցը` ԻԼՈՆԱ ԱԶԱՐՅԱՆԻ
Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ
