"ՀԱՅԱՍՏԱՆԸ ՊԵՏՔ Է ՀԱՅՏԱՐԱՐԵԼ ԳՄՕ-ՆԵՐԻՑ ԶԵՐԾ ՏԱՐԱԾՔ"
Արխիվ 12-16"ՀԱՅԱՍՏԱՆԸ ՊԵՏՔ Է ՀԱՅՏԱՐԱՐԵԼ
ԳՄՕ-ՆԵՐԻՑ ԶԵՐԾ ՏԱՐԱԾՔ"
Տարիներ շարունակ բնապահպանները մտահոգություն են հայտնում Հայաստան ներկրվող գենետիկորեն մոդիֆիկացված օրգանիզմներ ¥ԳՄՕ¤ պարունակող սննդամթերքի վերաբերյալ` ընդգծելով, որ սահմանափակող կամ արգելող օրենք չկա, եւ որեւէ մեկը այսօր չի կարող վստահ լինել, թե ինչ է ուտում: Եվ այդ առումով վերջերս նույնիսկ մեկ հետաքրքիր դժգոհություն լսեցինք. քաղաքացին բողոքում էր, թե պոմիդորից ձկան համ է զգացել: Դա կատակի տակ անցավ, թեեւ գիտությունն այսօր հնարավորություն է տալիս ձկան գեներից մեկը ներդնելով պոմիդորի մեջª ստանալ ցրտադիմացկուն տեսակ, եւ որպես կողմնակի էֆեկտ կարող է եւ ձկան համը փոխանցվել:ԵՏՄ-Ն ՍԱՀՄԱՆՈՒՄ Է ԳՄՕ-ՆԵՐԻ ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՈՒՄ
Որքանով է իսկապես գենոմոդիֆիկացված սնունդը վնասակար մարդու օրգանիզմի համար, հատկապես, որ սննդամթերքներում են դրանք գերիշխում, եւ ինչ տենդենց է նկատվում ԳՄՕ-ների աճի հետ կապված, փորձեցինք պարզել Սննդամթերքի անվտանգության եւ որակի հսկողության տեսչության, սննդամթերքի արտադրության վերահսկողության բաժնի պետ Վահե Դանիելյանից, ով մեզ հետ զրույցում հաստատեց, որ Հայաստանը ներկրում եւ իրացնում է գենոմոդիֆիկացված սնունդ: Բայց նաեւ, թե.
- Գենետիկ ձեւափոխված սննդամթերքը վտանգավոր չէ: Այլ բան, որ կան սննդամթերքի տեսակներ, որտեղ, որ արգելվում է գենետիկ ձեւափոխված օրգանիզմների կիրառումը: Դա հատուկ նշանակության եւ մանկական սննդամթերքն է: Համենայնդեպսª մինչ օրս ոչ մի գիտական հետեւություն չկա, ըստ որի կարելի է ենթադրել, որ ԳՄՕ-ն վտանգավոր սննդամթերք է հանդիսանում, որ առողջությանը վնաս պատճառող է: Անգամ Առեւտրի համաշխարհային կազմակերպությունը դեռեւս 2003 թվականին ընդունել է, որ գենետիկ ձեւափոխված օրգանիզմներով ստացված սննդամթերքները վտանգավոր չեն: Այստեղ խնդիրը զուտ մակնշման դաշտում է, որ եթե այս կամ այն տեսակի սննդամթերքը 0,9 տոկոսից ավել ԳՄՕ է պարունակում, ապա պարտադիր պետք է նշվի դրա մասին իր մակնշման մեջ:
- Իսկ ԳՄՕ-ների աճ նկատվո՞ւմ է Հայաստանում:
- Չեմ կարող հստակ պատասխանելª դրանք շատանում են, թե հակառակը: Հստակ կարող եմ ասել, որ ԳՄՕ-ով մանկական եւ հատուկ նշանակության սննդամթերք Հայաստան չի ներկրվում, որը եւ օրենքի պահանջ է: Ասենքª գենետիկորեն ձեւափոխված սննդամաթերքների տեսակները մեծ տարածում չունեն եւ Հայաստան մեծ քանակությամբ չեն ներկրվում: Հայաստանում ԳՄՕ-ն տարածված է բուսական ծագում ունեցող սննդամթերքներում:
Ավելացնեմ նաեւ, որ ըստ Եվրասիական միության պահանջներիª անգամ օգտագործվող գենետիկ ձեւափոխված շղթաները պետք է պետական գրանցում ստացած լինեն: Այսինքն` այն սննդամթերքները, որոնց մեջ առկա է ԳՄՕ, դրանց նկատմամբ հատուկ հսկողություն է իրականացվելու:
"ԳՄՕ-Ն ՈՉ ՄԻԱՅՆ ՎՆԱՍԱԿԱՐ Է, ԱՅԼ ՆԱԵՎª ՔԱՂՑԿԵՂԱԾԻՆ"
Իսկ ահա բնապահպան Կարինե Դանիելյանը մեզ հետ զրույցում պնդում է, որ ԳՄՕ-ի վնասակարությունը, վտանգն ակնհայտ է: Ավելինª այն նաեւ քաղկցկեղածին է.
- ԳՄՕ-ի ակնհայտ վնասներն արդեն իսկ ֆիքսված են միջազգային պրակտիկայում, որ դրանք վնասակար են թե՛ բնության եւ թե՛ մարդու համար: Դրանք նաեւ քաղցկեղածին են, ալերգիկ ռեակցիաներ են առաջացնում: Եվ ամենակարեւորըª հանգեցնում են անպտղության: Պարզապես, ԳՄՕ-ի վնասակարությունը ի հայտ է գալիս ամիսների, տարիների ընթացքում, բայց այդ ժամանակ էլ շատ ուշ կլինի: Այդ իսկ պատճառով պարզել, թե ինչպես է ԳՄՕ-ն ազդում մարդու առողջության վրա, այս պահին հնարավոր չէ. դրա համար մի քանի սերունդ է անհրաժեշտ: Սակայն, ակհայտ է, որ մոտ 99 տոկոսով այն կարող է նաեւ կապված լինել քաղցկեղի տարածման (այս էֆեկտն ի հայտ էր եկել առնետների վրա անցկացված փորձարկումների ժամանակ), ճարպակալման եւ հորմոնալ խախտումների հետ:
Մեզ համար լավագույն տարբերակը կլինի այն, որ մենք Հայաստանը հայտարարենք ԳՄՕ-ներից զերծ տարածք, ինչպես դա անում են որոշ երկրներում: Բայց, իհարկե, գիտակցում եմ, որ դրա հավանականությունը փոքր է: Միեւնույն ժամանակª պետք է նաեւ բնության մեջ սահմանափակենք ԳՄՕ-ների տարածումը: Դրա հետ կապված` օրենքի նախագիծը ԱԺ-ում առաջին ընթերցմամբ անցել է, մեզ խոստացան, որ հաջորդ փուլը կլինի սննդի անվտանգության հետ կապված: Բայց խնդիրն այն է, որ այսօր մեծ լոբբինգ է իրականացվում այն մարդկանց կողմից, ովքեր ԳՄՕ պարունակող սնունդ են ներկրում, եւ իրենց ձեռնտու չէ, որ ԳՄՕ-ների հետ կապված ինչ-որ սահմանափակում լինի:
ԻԼՈՆԱ ԱԶԱՐՅԱՆ
Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ
