Լսե՛ք մարդկանց, լրջորեն վերաբերվե՛ք նրանց հոգսերին․ կատարվեց քահանայական ձեռնադրություն Ինչ է կատարվում Արցախ կամերային նվագախմբում Ջիվան Գասպարյան կրտսերը նոր տեսահոլովակ է ներկայացրել Հանդիպման յուրահատկությունն այն էր, որ այն ունեցավ հրապարակային մաս. Երեք նախագահների հանդիպման հետքերով Լինում են պահեր, երբ ուզում եմ քեզ մի բան պատմել ու լսել՝ ինչ կասես Իրականացված կապիկ-շոուն ցույց է տալիս, որ այսօրվա ընդդիմությունը չի գործում. Արթուր Ֆարմանյան Մեր թանգարանն անվանում են փոքրիկ Տրետյակովյան պատկերասրահ, Աբրահամյանին՝ մեր օրերի Տրետյակով. Մկրտչյան Զանզիբարում վեցից ավելի հյուրանոցներ ամբողջությամբ այրվել են Տասը տարի՝ ռուսական արվեստի թանգարանի վերափոխման ճանապարհին Թուրքիան և ԵՄ-ն բանակցություններ են վարում անվիզա ռեժիմի ներդրման վերաբերյալ

ԻՆՉՔԱՆՈՎ Է ՌԵԱԼ ՀԱՅԱՍՏԱՆՈՎ ԻՐԱՆԱԿԱՆ ԳԱԶԸ ԵՎՐՈՊԱ ՏԱՆԵԼՈՒ ԳԱՂԱՓԱՐԸ

Արխիվ 12-16

ԻՆՉՔԱՆՈՎ Է ՌԵԱԼ ՀԱՅԱՍՏԱՆՈՎ ԻՐԱՆԱԿԱՆ ԳԱԶԸ ԵՎՐՈՊԱ ՏԱՆԵԼՈՒ ԳԱՂԱՓԱՐԸ


Եվ այսպես, ՀՀ Ազգային ժողովը երեկ քննության առավ հանրապետության գազամատակարարման համակարգի գործունեությունն ուսումնասիրող ԱԺ ժամանակավոր հանձնաժողովի հայտարարությունը: Ընդհանրացնելով այդ քննարկումները` կարելի է թերեւս միայն հետեւյալը նշել. ժամանակին, երբ ստեղծվում էր այդ հանձնաժողովը, կար տպավորություն, որ դրա ինչպես գործունեության, այնպես էլ հաշվետվության ներկայացման ժամանակ "արյան գետեր են հոսելու": Մինչդեռ երեկվա քննարկումներում ընդդիմադիր-իշխանական թեւերը մեկ-մեկ նույնիսկ ջերմ կատակների էին անցնում:
ԻՐԱՆԱԿԱՆ ԳԱԶԸ ՇԱՏ ԼԱՎ Է,
ԵԹԵ ԷԺԱՆ ԼԻՆԻ


Որոշ խորքային խնդիրներ գազամատակարարման համակարգի հետ կապված իր եզրակացությունում հանձնաժողովն այնուամենայնիվ ներկայացրել էր: Թեեւ դրանք հիմնականում "եթե այսպես չլիներ, այնպես լիներ` ավելի ճիշտ կդառնար" տրամաբանության շրջանակներում էին: Չնայած մեկ թեմայի արժե անդրադառնալ: Խոսքը Իրանից գազ ներկրելու կամ Հայաստանով դեպի Եվրոպա իրանական գազի տարանցում իրականացնելու հարցի մասին է, որը մեկ անգամ չէ, որ կրքերի տեղիք է տվել եւ որին բավականին հանգամանալից կերպով անդրադարձել է նաեւ հանձնաժողովը: Սակայն գլխավոր հարցի պատասխանը, թե հնարավո՞ր է, կամ ճի՞շտ է ռուսականի փոխարեն Հայաստանն ապահովել իրանական գազով, մեղմ ասած, այդպես էլ հստակորեն տրված չէ: Թեեւ որոշ ակնարկներ հանձնաժողովն այնուամենայնիվ արել է: Մասնավորապես. "Ներկայումս երկրում (Իրանում- հեղ.) արդյունահանվող գազը նախատեսված էր հիմնականում ներքին շուկայի պահանջմունքների բավարարման համար: Գազի արտադրության եւ սպառման ծավալներն Իրանում գրեթե հավասար են", եւ նույնիսկ. "Որոշ տարիներին Իրանն օգտագործել է ավելի շատ բնական գազ, քան` արտադրել է": Միայն որոշ քանակությամբ Իրանից գազ գալիս է Հայաստան` "Գազ` էլեկտրաէներգիայի դիմաց" ծրագրի շրջանակներում, ինչպես նաեւ գազի փոխանակություն կա Ադրբեջանի հետ: Մեկ էլ` մատակարարումներ են իրականացվում Թուրքիայի ուղղությամբ, այն էլ ստորագրված պայմանագրից նկատելիորեն ավելի քիչ չափով: Այսինքն` այս պահին Իրանը Հայաստանին տալու հավելյալ պաշարներ չունի, ու պարզապես անիմաստ է խոսել ինչպես մեծ ներկրումների, այնպես էլ տարանցման մասին:
Այլ բան, որ վերջին օրերին Իրանի շուրջ միջազգային մթնոլորտը էականորեն փոխվել է, եւ եթե ամռանը չեղյալ համարվեն նրա նկատմամբ միջազգային պատժամիջոցները, ապա իր պաշարներով միայն Ռուսաստանին զիջող Իսլամական Հանրապետության գազի արդյունահանումը կտրուկ կավելանա: Համենայնդեպս, Իրանը գազային գերտերություն է, եթե ոչ այսօր, ապա վաղը վերջինիս այդ պոտենցիալը կսկսի իրականացվել, եւ հաշվի առնելով, որ այդ գազային "մոնսթրը" ոչ միայն մեր անմիջական հարեւանն է, այլ նաեւ` բավականին լավ բարեկամը, ապա հանձնաժողովը գտնում է, որ Հայաստանը պետք է իրանական գազի օգտագործման հեռակա ծրագրեր կազմի: Միայն թե ինչպիսի՞ն կլինեն այդ ծրագրերը, այստեղ է, որ լուրջ կողմնորոշվելու խնդիր կա:
Նախ` կարո՞ղ է Հայաստանը ռուսականի փոխարեն անցնել իրանական գազի: Նման հարցերը հասկանալի է երեւակայություններով չէ, որ կարող են լուծվել: Եթե Իրանը համաձայնի Հայաստանին գազ տալ ռուսականից էժան, ապա ինչի մասին է խոսքը: Ռուսական գազը Հայաստան է մտնում 1000 խմ-ն 189 դոլարով, եւ հարց է, թե դրանից էժան գին Իրանը կառաջարկի՞, հաշվի առնելով, որ ավելորդ պաշարներ ունենալու դեպքում հաստատ շատերը մեծ ուրախությամբ 240-300 դոլար կվճարեն Իրանին: Միգուցե, ինչ-ինչ քաղաքական նկատառումներից ելնելո՞վ Հայաստանին ավելի էժան գազ կառաջարկի. դա էլ է տարբերակ, բայց մինչեւ չունենանք համապատասխան պայմանագիր, այդ ամենը կմնա հեքիաթների դաշտում:

ՈՒՐ ԿԳՆԱ ԻՐԱՆԱԿԱՆ ԳԱԶԸ

Գանք մյուս տարբերակին` իրանական գազի հնարավոր տարանցմանը: Այս հարցում հանձնաժողովը միանգամայն լավատես է. "Եվրոպա իրանական գազի արտահանման բոլոր ճանապարհներից ամենակարճը եւ շահավետը հայկականն է: Այս ուղու մասին քննարկումներ սկսվել են դեռ 2000-ականների սկզբներին: Նախատեսվում է, որ Իրանից Հայաստան կառուցվի 2 գիծ` յուրաքանչյուրը 1000 մմ տրամագծով, որոնցով հնարավոր կլինի տարեկան արտահանել 60 մլրդ խմ գազ": Հրաշալի է, այդ ո՞ր մի հիմարը չի ցանկանա այդքան գազ տարանցել, ինչը, ի դեպ, ենթադրում է նաեւ էժան գներով գազ գնելու հնարավորություն: Միայն թե հետեւյալ հարցն է անհասկանալի մնում. այդ որտեղի՞ց է հանձնաժողովը որոշել, որ Իրանից Եվրոպա գնացող ամենակարճ ճանապարհն անցնում է  Հայաստանով, այսինքն` դեպի Վրաստան, ապա Սեւ ծովով Ուկրաինա եւ Եվրոպա: Միանգամից գոնե մեկ ավելի կարճ ճանապարհ նշենք` Իրանից դեպի թուրքական Տրապիզոն, որտեղից էլ Սեւ ծովով դեպի Ուկրաինա (տես քարտեզը): Ընդ որում, այս տարբերակով Սեւ ծովի հատակով կառուցվելիք խողովակաշարն էլ նկատելիորեն ավելի կարճ կստացվի:
Բայց նաեւ հարց է, թե Եվրոպայի հատկապես ո՞ր կետն է, որ Հայաստանով ավելի մոտ է: Այս պահին հիմնականում շեշտը դրված է Հարավային Եվրոպայի գազամատակարարումն ավելացնելու վրա, իսկ այդ գոտի հասնելու համար շատ ավելի կարճ ճանապարհ է միանգամից Թուրքիայով Հունաստան-Բուլղարիա սահման դուրս գալը: Առավել եւս, որ Հայաստան-Վրաստան տարբերակով խողովակաշարը մեկ պետական սահման ավել է անցնելու, քան թուրքական ուղղությամբ:
Սակայն ամենագլխավոը սա էլ չէ: Իրանը, իհարկե, մերթընդմերթ խոսում է Եվրոպային գազ վաճառելու ցանկության մասին: Բայց Թեհրանում հաստատ քաջ գիտակցում են, որ դա Մոսկվայի հետ իսկական էներգետիկ եւ քաղաքական պատերազմի է վերածվելու, ինչը, ճիշտն ասած, չի տեղավորվում այդ երկու մայրաքաղաքների ներկայիս հարաբերությունների տրամաբանության մեջ: Միեւնույն ժամանակ, Թեհրանն ունի նաեւ Պակիստան-Հնդկաստան-Չինաստան գլոբալ ուղղությամբ գազ վաճառելու մեծ հավակնություններ, որտեղ արդեն որեւէ մրցակցություն չկա: Ընդ որում, հենց այս ուղղություններում են ներկայումս ընթանում համաշխարհային գլոբալ տնտեսական զարգացումները, այստեղ են հիմնական սպառողական շուկաները, եւ եթե իրոք պատժամիջոցները հանվեն ու Իրանն արդեն այս տարվանից սկսի ակտիվորեն զարգացնել գազի արդյունահանումը, ապա երկար տարիներ են պետք այդ նախընտրելի ուղու պահանջարկները բավարարելու, դրանից հետո հավելյալ գազ ունենալու եւ այն վաճառելու շուկաներ փնտրելու համար: Եվ թե այս ամենից հետո ինչքանով է իրատեսական Հայաստան-Վրաստան-Սեւ ծով ուղղությամբ Եվրոպա տարեկան 60 մլրդ խմ գազ տանելը, թողնենք ընթերցողի դատին:
Եվ վերջապես, Հայաստանը կարող է նաեւ իրանական գազի հաշվին փորձի ակտիվացնել իր էլեկտրաէներգիայի արտադրությունը, որի համար անհրաժեշտ պաշարներ մեր հարեւանները թերեւս կհամաձայնեն տրամադրել: Բայց այս դեպքում էլ, նախ պետք է մտածել այդ էլեկտրաէներգիայի սպառման շուկաների մասին, որից հետո միայն իրանական գազի մասին խոսակցությունները կդառնան իրատեսական:

ՔԵՐՈԲ ՍԱՐԳՍՅԱՆ

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ