«ԹՈՒՐՔԸ ՎՐԱՑՈՒ ՀԱՄԱՐ ԵՐԲԵՔ ԵՂԲԱՅՐ ՉԻ ԵՂԵԼ»
Արխիվ 12-16«ԹՈՒՐՔԸ ՎՐԱՑՈՒ ՀԱՄԱՐ ԵՐԲԵՔ ԵՂԲԱՅՐ ՉԻ ԵՂԵԼ»
Ապրիլի սկզբին Թբիլիսիում Վրաստանի, Ադրբեջանի եւ Թուրքիայի միջեւ ռազմական համագործակցության մասին եռակողմ համաձայնագիր ստորագրվեց, որը դարձավ տարաբնույթ մեկնաբանությունների առարկա: Այն, որ Թուրքիայի եւ Ադրբեջանի մասնակցությամբ որեւէ համագործակցություն` ի նպաստ Հայաստանի, չի կարող լինել, պարզից էլ պարզ է: Բայց որ մեր հարեւաններից երրորդը` Վրաստանն էլ է խառնվում այդ խաղերին, միշտ էլ մտահոգություններ է առաջացրել: Բայց մյուս կողմից էլ` վրացիները սկսել են հաճախակի բողոքել, որ այդ համագործակցություն կոչվածը վերածվել է Վրաստանում թուրք-ադրբեջանական անեքսիայի, եւ հարց է ծագում, թե այդ իրավիճակն ի՞նչ ազդեցություն կունենա տարածաշրջանի, գերտերությունների ու մուսուլմանական երկու երկրների թիրախում հայտնված Վրաստանի համար: Դա էլ «Իրավունքը» պարզեց խնդրից քաջատեղյակ գործիչներից:
«ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ԱԶԴԵՑՈՒԹՅՈՒՆԸ ԴՈՒՐ ՉԻ ԳԱԼԻՍ ԹՈՒՐՔ-
ԱԴՐԲԵՋԱՆԱԿԱՆ ՏԱՆԴԵՄԻՆ»
Վրաստանի հարցերով փորձագետ ՋՈՆԻ ՄԵԼԻՔՅԱՆԸ նախ ներկայացրեց այս համագործակցության նախապատմությունն ու նպատակները. «Թուրքիայի եւ Ադրբեջանի ջանքերով փորձ է արվում երեք երկրների մակարդակով լուրջ ինտեգրում իրականացնել բոլոր ոլորտներում: Վերջին մի քանի տարիների ընթացքում այս համագործակցությունը սկսվեց արտգործնախարարների մակարդակով, շարունակվեց վարչապետների հանդիպումներով եւ պաշտպանության նախարարների ստորագրած համաձայնագրով: Նպատակն է Ադրբեջանի եւ Թուրքայի կողմից ռազմական միացյալ կառույց ստեղծելը, եւ վերջին շրջանում` դեռեւս 2012 թվականից, վրացական կողմը շատ զգուշորեն է մոտենում այդ հարցերին: Նույնիսկ կարելի է ասել, որ եթե շարունակեր իշխանության մնալ «Միացյալ ազգային շարժումը»` Սահակաշվիլու գլխավորությամբ, կարող է այս ուղով լուրջ առաջընթաց լիներ: Բայց այսօրվա դրությամբ կարելի է ասել, որ վրացական կողմը պաշտոնապես հայտարարում է` իրենց ընտրած միակ ուղին ՆԱՏՕ-ն է, այսինքն, եթե ինչ-որ մի կառույցի պիտի անդամակցեն, դա պետք է անպայման լինի Հյուսիս-ատլանտյան դաշինքը: Այդպիսով փորձում են ի սկզբանե ցույց տալ, որ ինչքան էլ համագործակցեն Թուրքիայի եւ Ադրբեջանի հետ, այդ ամենը սահմանափակ ձեւաչափով է լինելու»:
Իսկ ահա ՀՀ ԱԺ պատգամավոր, «Վիրահայերի միասնություն» ՀԿ-ի համանախագահ ՏԱՃԱՏ ՎԱՐԴԱՊԵՏՅԱՆՆ այս կարծիքին է. «Չեմ կարծում, որ թուրք-ադրբեջանական ջերմությունը եւ նրանց ակնկալիքները իրականություն կդառնան, որովհետեւ այն գործընթացները, ինչը մենք կանխատեսում ենք, կարծում եմ, որ ավելի իրատեսական է: Ռուսաստանի ազդեցությունը տարածաշրջանում ընդլայնվելը այդքան էլ դուր չի գալու թուրք-ադրբեջանական տանդեմին, այնպես որ մնում է հետեւել դեպքերին: Մենք նաեւ պետք է քաղաքական հեռատեսություն ունենանք, որպեսզի անտեղի եւ ավելորդ քայլեր չկատարենք»:
«Արեւմտահայոց հարցերի ուսումնասիրության կենտրոնի» տնօրեն, վիրահայության հարցերով փորձագետ ՀԱՅԿԱԶՈՒՆ ԱԼՎՐՑՅԱՆԻ խոսքով էլ. «Առանձնապես մեծ բանի չեն կարող հանգեցնել Թուրքիա, Վրաստան, Ադրբեջան համատեղ զորավարժությունները, որովհետեւ ռազմավարական լուրջ հարաբերությունների մասին չէ խոսքը: Ուղղակի, այսօր Արեւելք-
Արեւմուտք հարաբերությունների արանքում տարբեր խմբավորումներ, դաշինքներ են կազմավորվում: Սակայն բոլոր դաշնակցային հարաբերությունները, դաշինքների մասին հայտարարությունները Կովկասում աստիճանաբար կբերեն երկու խոշոր խմբավորման: Այդ տեսակետիցª Վրաստանը, Թուրքիան եւ Ադրբեջանը արեւմտյան դաշինքի անդամներ են, եւ այս շարժերը նորություն չեն մեզ համար: Մանավանդ, Ուկրաինայում տեղի ունեցող դեպքերն արագացրեցին այդ գործընթացը»:
ՊԱՆԹՈՒՐՔԻԶՄԻ ԵՎ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ՀԱԿԱՍՈՂ
ՇԱՀԵՐԸ ՀԱՐԱՎԱՅԻՆ ԿՈՎԿԱՍՈՒՄ
Բայց այս կերպ նաեւ փորձ չի՞ արվում շարունակել դեռեւս Օսմանյան Թուրքիայի որդեգրած պանթուրքիզմի ծրագիրը` Վրաստանով թուրքական աշխարհը իրար կապելու տեսքով: Միեւնույն ժամանակ իրար կապված թուրքական աշխարհը կարող է կասեցնել Ռուսաստանի տեղաշարժը դեպի հարավ, ինչն արդեն հաստատ ԱՄՆ-ին ձեռնտու կդառնա: Ջ. Մելիքյանն ի պատասխան` ասաց, որ դաշնակիցներ ավելացնելով` Թուրքիան փորձում է ավելացնել իր կշիռը տարածաշրջանում. «Այսօրվա դրությամբ կա նաեւ Իրանի խնդիրը, եւ բավականին լուրջ զարգացումներ են տեղի ունենալու, ինչը մեծ ազդեցություն կունենա ե՛ւ Ադրբեջանի, ե՛ւ Թուրքայի տարածաշրջանային դիրքերի վրա: Եթե Իրանը եւ ԱՄՆ-ն կարողանան իրենց հարաբերությունների խնդիրը լուծել, այդ ժամանակ արդեն, հաշվի առնելով նաեւ ԱՄՆ-ի ու Թուրքայի ունեցած որոշ տարաձայնությունները, կարելի է ասել, որ Իրանի կշիռը կբարձրանա: Իսկ դա մտահոգում է Ադրբեջանին, որովհետեւ, ինչպես գիտեք, նա եւս խնդիրներ ունի Իրանի հետ: Բացի այդ` նաեւ էներգատարների հետ կապված մրցակցային նոր իրավիճակ է ստեղծվում, որից իրենք տուժելու են: Հետեւաբար` տարածաշրջանում թուրք-ադրբեջանական տանդեմն իր դերն ավելացնելու համար պետք է Վրաստանի տարածքը: Եվ վրացիները հասկանալով, որ իրենց ոչ թե Վրաստանի հետ համագործակցությունն է հետաքրքիր, այլ Վրաստանի տարածքը, որը միացնում է այդ երկու երկրները, փորձելու է դիվիդենտներ քաղել այդ ամենից, բայց չվնասելով իրենց ազգային շահերը, ինչը կարելի է ասել, որ Հայաստանի ազգային շահերից էլ է բխում: Իսկ պաշտպանության ոլորտի համագործակցությունն այդ երկու երկրների հետ Վրաստանը փորձում է հավասարակշռել ինչ-որ ծրագրեր իրագործելով ՀՀ պաշտպանության նախարարության հետ այստեղ կամ Վրաստանում, նաեւ` հենց ՆԱՏՕ-ի շրջանակներում»:
Տ. Վարդապետյանն էլ կտրուկ շեշտեց. «Կարծում եմ` Ռուսաստանը նույնպես պետք է քայլեր անի, որպեսզի պանթուրքիզմը տարածում չգտնի Հարավային Կովկասում: Այսօր Հայաստանն այն սեպն է, որը խրված նրանց դարերի երազանքի` Մեծ Թուրանի ծրագրի մեջ: Իսկ եթե Թուրքիայի ներկայացվածությունն այստեղ լինի ազդեցիկ, ավելին` մեծ ազդեցություն ունենա նաեւ թուրք-ադրբեջանական տանդեմը, դա բացի մեզանից, նաեւ հակասում է Ռուսաստանի շահերին: Այնպես որ` պանթուրքիզմի եւ Ռուսաստանի շահերը Հարավային Կովկասում, կարծում եմ, միմյանց հակասող ակնհայտ իրողություններ են»:
Շարունակելով այս միտքը` վիրահայության հարցերով փորձագետն էլ նկատեց, որ այս իրողությունը հակասում է ոչ միայն ռուսական, այլեւ չինական շահերին. «Ընդհանրապես Թուրքայի ամրապնդումը դեպի Արեւելք ոչ միայն ռուսական, այլ նաեւ չինական շահերին է հակասում, եւ սա չպիտի մոռանանք:Իսկ ինչ վերաբերում է պանթուրքիստական քաղաքականությանը, ապա դա ակնհայտ է, եւ մանավանդ վերջին շրջանում առանց թաքցնելու, Թուրքիան որդեգրել է Օսմանյան կայսրության վերականգնման քաղաքականությունը: Եթե ոչ տարածքային իմաստով, ապա գոնե ռազմաքաղաքական ազդեցությամբ: Այս տեսակետից նման մեծ ու փոքր դաշինքները Թուրքիայի շահերից են բխում: Եվ Վրաստանը Թուրքիայի համար շատ կարեւոր դաշնակից է բոլոր առումներով, որովհետեւ դրանով Թուրքիան Կովկասում հենակետ է ունենում»:
ՎՐԱՍՏԱՆՆ ԷԼ ԻՐ ՇԱՀԵՐՆ ՈՒՆԻ
Ամփոփելով թեման` պարոն Վարդապետյանն ասաց. «Բոլոր դեպքերում, Վրաստանի եւ Հայաստանի հարաբերությունների ջերմացումը ուղղակիորեն բխում է նաեւ Թբիլիսիի շահերից: Թույլ տվեք նաեւ պատմությանն անդրադառնալ. թուրքը վրացու համար երբեք եղբայր չի եղել: Իսկ հիմա թե ինչ շահերի տեսլական ունեն այս երեք պետությունները, ես լուրջ հեռանկար չեմ տեսնում: Չէ որ թուրք-ադրբեջանական ներկայացվածությունը Վրաստանում իրենց համար նույնպես սպառնալիք է: Օրինակ, բոլորովին վերջերս Թիֆլիսի մուտքի մոտ սկսել են կառուցել հսկայական մի թաղամաս` ադրբեջանական կապիտալով, եւ դա արտոնյալ պայմաններով տրվելու է Ադրբեջանի քաղաքացիներին կամ ազգությամբ ադրբեջանցիների: Այսինքն` Վրաստանի մայրաքաղաքը ունենալու է հսկայական բնակչությամբ ադրբեջանական թաղամաս, ինչը սպառնալիք է Վրաստանի ազգային անվտանգությանը»: Իր հերթին պատմությանն անդրադարձավ նաեւ պարոն Ալվրցյանը. «Եթե պատմության մեջ խորանանք, ապա կհամոզվենք, որ թուրք-վրացական եւ թուրք-ադրբեջանական համագործակցությունը նորություն չէ: Այն լավ տեսանելի էր նաեւ 1918-20 թթ., ընդ որում` ուղղված Հայոց պետականության դեմ: Այնպես որ, Վրաստանն ունի իր պետական շահերը, որոնք միշտ չէ, որ մեր շահերից են բխում: Ավելին` շատ հաճախ հակադրվում են»:
ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ
