"ԱՐՑԱԽՑԻՆԵՐԻ ՀԱԿՎԱԾՈՒԹՅՈՒՆԸ ԴԵՊԻ ԻՇԽԱՆԱԿԱՆ ՈՒԺԵՐ` ՇԱՏ ՔԻՉ Է"
Արխիվ 12-16"ԱՐՑԱԽՑԻՆԵՐԻ ՀԱԿՎԱԾՈՒԹՅՈՒՆԸ
ԴԵՊԻ ԻՇԽԱՆԱԿԱՆ ՈՒԺԵՐ` ՇԱՏ ՔԻՉ Է"
"Շարժում-88" կուսակցությունը մայիսի երեքին ԼՂՀ ԱԺ կայանալիք ընտրություններին մասնակցում է մեծամասնական 7 թեկնածուով: ԼՂՀ ԱԺ ընտրությունների նախընտրական քարոզարշավն արդեն մեկնարկել է: "Իրավունքն" այս եւ այլ հարցերի շուրջ զրուցեց Արցախի ընդդիմադիր պատգամավոր, "Շարժում-88"-ի ցուցակով առաջադրված պատգամավորի թեկնածու, գեներալ ՎԻՏԱԼԻ ԲԱԼԱՍԱՆՅԱՆԻ հետ:–Պարոն Բալասանյան, մայիսի երեքին սպասվում են խորհրդարանական ընտրություններ: Քարոզարշավն արդեն սկսվել է: Ինչպե՞ս է այն ընթանում, ինչպիսի՞ նախընտրական պայքար եք կանխատեսում:
– Դե յոթ կուսակցություն կա: Թեժ պայքար է լինելու:
– Որպես "Շարժում-88"-ի ցուցակով առաջադրված պատգամավորի թեկնածու` Ձեզ ո՞ւմ եք մրցակից տեսնում:
– Ճիշտն ասած` որեւէ մեկին էլ չեմ տեսնում: Տեսնենք` ժողովուրդն ո՞ւմ ձայն կտա:
– Հայաստանի ներքաղաքական շրջանակներից կարծիքներ են հնչում, որ ՀՀ ընտրական համակարգում արմատացած արատավոր երեւույթները` ընտրակեղծիքներ, լցոնումներ, աստիճանաբար թափանցում են Արցախ: Այս խորհրդարանական ընտրություններում նման պատկեր կարձանագրվի՞:
– Սպասենք, տեսնենք: Կարծում եմ` չի լինի, որովհետեւ մինիմում ունենալու ենք 14 վստահված անձ: Դրսից էլ Արցախ միջազգային շատ դիտորդներ են գալու:
– Պարոն Բալասանյան, քանի որ քարոզարշավն արդեն սկսվել է, կարո՞ղ ենք այս պահին նախնական պատկերացում կազմել արցախցու նախընտրական տրամադրությունների մասին, ինչպես նաեւ որոշ չափով հասկանալ` քաղաքական ո՞ր ուժերին են նախապատվություն տալիս:
– Մի քիչ դժգոհություններ ու սոցիալական խնդիրներ կան: Հասկանալի է, որ այս պարագայում արցախցիների հակվածությունը իշխանական կուսակցություններին ու ուժերին շատ քիչ է:
– ԼՂՀ Ազգային ժողովի նախագահ, Արցախի Ժողովրդավարական կուսակցության ղեկավար Աշոտ Ղուլյանը մարտի 29-ին առաջարկել է Արցախի ընտրություններում մասնակցող քաղաքական ուժերին ու մեծամասնական ընտրակարգով առաջադրված թեկնածուներին գործել ԼՂՀ Սահմանադրության եւ օրենքների շրջանակներում, պահպանել արդար մրցակցության սկզբունքները եւ նախաձեռնել "Ազատ եւ արդար ընտրությունների վերաբերյալ" հուշագիր ստորագրելու գործընթացը: Միացե՞լ եք այդ հուշագրին, թե` ոչ:
– Ճիշտն ասած` տեղյակ չեմ: Առաջին անգամ եմ լսում:
– Իսկ հնարավո՞ր է` ընդդիմադիր ուժերը մինչ ընտրությունները միավորվեն ու դաշինք կազմեն:
– Իսկ ովքե՞ր են այդ ընդդիմադիրները:
– Դա արդեն Դուք պետք է ասեք:
– Դեռ չգիտեմ որեւէ կուսակցություն, որը հայտարարել է, որ ընդդիմադիր է:
– "Շարժում-88" կուսակցությունն իրեն ընդդիմադիր չի՞ համարում:
– Մենք ոչ իշխանական ուժ ենք: Երբ մենք ժողովրդի կողմից համապատասխան քվե կստանանք, կգնանք ԱԺ, այն ժամանակ կհայտարարենք: Կարող է` մենք մեծամասնություն դառնանք, իշխանություն կազմենք, ընդդիմություն դառնան մնացած բոլորը:
– Մինչ նախընտրական քարոզարշավը խոսվում էր Սամվել Բաբայանի վերադարձի, խորհրդարանական ընտրություններին մասնակցելու մասին: Սակայն Սամվել Բաբայանը որոշել է կարծես թե ստվերում մնալ:
– Ես էլ Ձեզ նման լսել եմ, որ Սամվել Բաբայանը պիտի մասնակցի ընտրություններին, բայց նրանք, ովքեր խոսում են հեռվից, պետք է իմանան, որ ընտրություններին մասնակցում են կամ մեծամասնական կամ համամասնական տարբերակով: Ես որեւէ ցուցակում որեւէ մեկի անունը չեմ կարդացել:
"ԲԱԲԱՅԱՆԻ`
ԼՈՒՐՋ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅԱՄԲ ԶԲԱՂՎԵԼՆ ԱՐԴԵՆ ԾԻԾԱՂԵԼԻ Է"
–Ի՞նչն է խանգարում Սամվել Բաբայանին զբաղվել քաղաքականությամբ:
– Նախ` որեւէ մեկը որեւէ մեկին չի խանգարում: Երկրորդ` չեմ ցանկանում անձնավորել: Եթե ինչ-որ մեկը ցանկանում է վերադառնալ իր հայրենիքը, որովհետեւ նա մասնակցություն ունի իր հայրենիքի կայացման գործում, հատկապես եթե Սամվել Բաբայանի մասին է խոսքը, ով լուրջ լումա է ներդրել պատերազմական գործողությունների ժամանակ, ապա կարող է վերադառալ: Համոզված եմ` որեւէ մեկը չի խոչընդոտում, որ նա ետ վերադառնա հայրենիք, իսկ եթե պիտի վերադառնա, որ լուրջ քաղաքականությամբ զբաղվի, արդեն ծիծաղելի է:
– Որպես ազատամարտիկ` ինչպե՞ս եք գնահատում Ժիրայր Սեֆիլյանի ու նրա ղեկավարած "Հիմնադիր խորհրդարան" շարժման քայլերը, ապրիլի 24-ին ու դրանից առաջ կայանալիք բողոքի ակցիաներին:
– Ապրիլի 24-ը ոչ թե համազգային, այլ միջազգային սգո օր է, քանի որ այն երկրները, որոնք ճանաչել են Հայոց ցեղասպանությունը, իրենց համար եւս սգո օր է: Ցանկացած մարդ, եթե այդ օրը հայտարարություն, երթ կամ անհնազանդություն անի, դա դավաճանություն կլինի կամ չհարգել մեր ժողովրդին: Ես միանշանակ դեմ եմ: Դրանից հետո յուրաքանչյուր ուժ, խնդրեմ, թող օրինական ճանապարհով պայքարի:
– Իսկ ինչպե՞ս եք ընդունում այն փաստը, որ "Հիմնադիր խորհրդարան" շարժումը ցանկանում է Արցախը ներգրավել Հայաստանի ներքաղաքական խնդիրներին: Բերձորի դեպքերի մասին հիշում եք:
– Ճիշտն ասած` նրանք, ովքեր Արցախը փորձում են ներքաշել ՀՀ-ի ներքաղաքական խաղերին, խառնվում են մեր ներքաղաքական խաղերին: Իսկ ներքաղաքական խաղերի կարելի է խառնվել այն ժամանակ, երբ Արցախի հարցում հարցական իրավիճակ կառաջանա:
"ԵՍ ԵՐԲԵՔ ԴԱՇՆԱԿՑԱԿԱՆ
ՉԵՄ ԵՂԵԼ"
–Որպես նախկին դաշնակցական` հավանաբար, տեղյակ եք, որ ՀՅԴ-ի շարքերից արտահոսք է տեղի ունենում դեպի "Հիմնադիր խորհրդարան"-ի շարքերը: Ըստ Ձեզ` այս արտահոսքն ինչո՞վ է պայմանավորված:
– Նախ ասեմ, որ ես երբեք դաշնակցական չեմ եղել: Հայտնի դաշնակցական է եղել իմ պապը` Ներսես Բալասանյանը, նրա ավագ եղբայրը` Ալեքսանը, որը եղել է հայտնի հրամանատար: Համենայնդեպս, երբ ցանկացած կուսակցությունից արտահոսք կա, մեր երկրի համար ցավալի է:
– Սահմանում այս պահին ի՞նչ իրավիճակ է:
– Կարելի է ասել` կիսալարված: Փորձում են դիվերսիաներ անել, բայց ՊԲ-ը զգոն է:
ՍՈՆԱ ԴԱՎԹՅԱՆ
Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ
