ԱՆԴՐԱՆԻԿ ՕԶԱՆՅԱՆԸ` ԲԱՔՎԻ ԿԵՆՏՐՈՆՈՒՄ
Արխիվ 12-16ԱՆԴՐԱՆԻԿ ՕԶԱՆՅԱՆԸ` ԲԱՔՎԻ ԿԵՆՏՐՈՆՈՒՄ
Ադրբեջանական լրատվադաշտում սկանդալ է: Պարզվում է, որ Բաքվի կենտրոնում արդեն 3 տարի գործող "Մոնթինբուրգ" պանդոկը զարդարված է Անդրանիկ Օզանյանի պատկերներով: Ռեստորանի աշխատակիցները համոզված են, որ դա օղու-լիկյորի գործարանի սեփականատեր Մոնթինի դիմանկարն է: Իսկ ցանկացած թուրքի համար սարսափազդու հանգամանքը հայտնաբերել է կամ "քողազերծել" սկանդալային ադրբեջանական քարոզիչ Վուգար Սեյիդովը: Վերջինս հայտնի է նրանով, որ Արցախյան պատերազմի տարիներին ռազմաճակատից փախել էր Եվրոպա ու այդտեղ էր վաստակում իր հացը` ամենաթունդ քարոզչական հակահայկական նյութերը գրելով: Սակայն մի քանի տարի առաջ նա հայտնվել էր շատ անհարմար վիճակում, երբ հայ մասնագետները կոտրել էին նրա էլեկտրոնային փոստը եւ հրապարակել պարունակությունը, որից հայտնի դարձավ, թե ընկերական շրջապատում ինչպիսի բնորոշումներ է տալիս ե՛ւ Ադրբեջանին, ե՛ւ Ալիեւներին: Հարազատ երկրին տված ամենամեղմ բնութագրումներն էին "Հեյդարիստան", "Աբսուրդիստան" եւ "Օղռաշխանա": Դրանից հետո, որպեսզի կրկին վերականգնի մազութային սուլթանատի բռնապետի վստահությունը, Սեյիդովը էլ ավելի ջանասիրությամբ լծվել է ամենուրեք հայկական դավադրության հետքեր փնտրելու գործին, եւ ահա նրա վերջին "բացահայտումը"` գեներալ Անդրանիկ Օզանյանը Բաքվի կենտրոնում, այն էլ 3 տարի շարունակ:
Ա. ԱՐԱՄՅԱՆ
