ԺԻՐԱՅՐ ՍԷՖԻԼՅԱՆԻ ՇԱԲԱԹՆ ՈՒՐԲԱԹԻՑ ՇՈՒՏ ԵԿԱՎ
Արխիվ 12-16ԺԻՐԱՅՐ ՍԷՖԻԼՅԱՆԻ ՇԱԲԱԹՆ ՈՒՐԲԱԹԻՑ ՇՈՒՏ ԵԿԱՎ
«Հիմնադիր խորհրդարան» կոչվող քաղաքացիական նախաձեռնության առաջամարտիկ Ժիրայր Սէֆիլյանի եւ իր մի քանի համախոհների ձերբակալությունն արդեն հասցրել է տարաբնույթ մեկնաբանությունների տեղիք տալ: Տեղի ունեցածի վերաբերյալ «Իրավունքը» զրուցեց «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր, ԱԺ Պաշտպանության, ազգային անվտանգության եւ ներքին գործերի մշտական հանձնաժողովի անդամ ԹԵՎԱՆ ՊՈՂՈՍՅԱՆԻ հետ.
-Մի երկու շաբաթ առաջ իմ կարծիքն ասել էի, որ այն գործընթացը, որը տեղի է ունենում չեմ համարում, թե քաղաքական օրակարգ ունեցող գործընթաց է: Ամեն ինչ իրար խառնելու խնդիրները ճիշտ չէ, հատկապես երբ պահանջն էլ հասկանալի չէ, թե ինչ պետք է լինի: Իսկ դրանից դուրս մնացած պարագաներում ինձ համար դառնում է կարեւոր մի հարց` կան իրավապահ մարմիններ, որոնք ձերբակալել են ինչ-որ մի մարդու. մեր խնդիրը պետք է լինի օրինականությունը ստուգելու գործընթացը: Հուսով եմ` իրավապահ մարմիններն իրենց հաշվետվությունը ժամանակին թափանցիկ կներկայացնեն ու կհասկանանք` եթե կլինեն օրինախախտումներ, պետք է պատժվեն օրինախախտները: Սրա համար պետք է հետեւենք դեպքերին` չմոռանալով, որ մամուլում արդեն մի քանի օր է տարածվում էին նյութեր, թե ամեն ինչ փորձում են անել, որպեսզի իրենց ձերբակալեն, եւ եղավ այս դեպքը: Դրա համար չեմ ուզում քաղաքական որեւէ գնահատական տալ, նախընտրում եմ մնալ իրավական դաշտում: Եթե պետք լինի, նույնիսկ համարում եմ, որ արժե Ազգային ժողովում լսումներ կազմակերպել` այդ ամբողջ գործընթացը վերահսկելու համար: Նաեւ հուսով եմ, որ դատախազը, եթե ոչ այս ԱԺ քառօրյային, ապա հաջորդ քառօրյային կլինի խորհրդարանում իր հաղորդագրությամբ, ու հնարավորություն կլինի հարցեր ուղղել հենց իրեն` ամբողջ գործընթացի օրինականությունն ընկալելու համար:
– Ըստ Ձեզ, ինչո՞ւ հենց այսօր տեղի ունեցավ նրանց ձերբակալությունը:
– Եթե եղել է այսօր, ուրեմն` ինչ-որ հիմքեր կան, թող ապացուցեն: Իսկ եթե ապացույցներ կան, ուրեմն` կներկայանցնեն կիմանանք: Բայց եթե ապացույցներ չլինեն, եւ ուղղակի քաղաքական նկատառումներից է ելնում այս ամենը, բնականաբար, կլինի քաղաքական արձագանք եւ գնահատական: Այնպես որ, սպասենք ու հուսով եմ, որ որեւէ մեկը չի մոռանում այս երկրում, որ կա անմեղության կանխավարկած, եւ որեւէ մեկը դեռ հանցագործ չէ, եթե այդ հանցագործութունն ապացուցված չէ դատարանում:
ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ
