"ԵԿՄ-Ի ՀԵՏ ԵՐԲԵՎԻՑԵ ԿՈՆՖԼԻԿՏ ՉԵՄ ՈՒՆԵՑԵԼ"
Արխիվ 12-16
Երեկ ԱԺ հայտարարությունների ժամին ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր, "Երդվյալ ազատամարտիկների միության" ղեկավար ՌՈՒԲԵՆ ԳԵՎՈՐԳՅԱՆԸ խորհրդարանական ամբիոնից դիմեց ՀՀ գերագույն հրամանատար, ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին, որպեսզի թույլ տա "Երդվյալ ազատամարտիկների միության" անդամ ազատամարտիկներին ապրիլի 15-30-ը լինել սահմանապահ զինվորների կողքին: Այս, ինչպես նաեւ վերջին մի քանի իրադարձությունների մասին հնչեցված հայտարարությունից հետո "Իրավունքը" զրուցեց պարոն Գեւորգյանի հետ:–Ըստ Ձեզ, Ցեղասպանության 100-րդ տարելիցի հետ կապված` սահմանին լարվածությունը կուժեղանա՞, որ կարծում եք անհրաժեշտություն կա ազատամարտիկների սահմանին լինելու:
– Բացառված չէ, թուրքից ամեն ինչ էլ սպասելի է: Դրա համար գերադասում ենք, որ երդվյալ ազատամարտիկներին` 300 հոգի մեր տղաներին, հնարավորություն տան մոտենալ սահմանին: Ի դեմս այդ հնարավորության` դիմեցի գերագույն հրամանատարին, որովհետեւ առանց իր թույլտվության` երբեւիցե չես կարող:
– Այսինքն` սա կանխարգելիչ միջոցառո՞ւմ է Ձեր կողմից, թե՞ ռեալ վտանգ եք տեսնում:
– Մենք ցանկացանք մեր առաքելությունն իրականացնել սահմանում` մեր զինվորի կողքին:
– Իսկ ինչպե՞ս եք վերաբերվում, որ Ազգային անվտանգության, Հատուկ քննչական կոմիտեի եւ Ոստիկանության աշխատակիցների կողմից ձերբակալվել են Ժիրայր Սէֆիլյանն ու "Հիմնադիր խորհրդարանի" իր թիմակիցներից մի քանիսը:
– Շատ վատ եմ ընդունում, ցավում եմ այդ միջադեպի համար: Բոլորը կռված տղաներ են, չեմ հասկանում... Իմ կողմից անընդունելի է...
– Ձերբակալությո՞ւնն է Ձեզ համար անընդունելի, թե՞ նրանց քայլերը:
– Ես իրենց քայլերը դեռ չեմ տեսել:
– Օրինակ, նրանց "100 ամյակն առանց ռեժիմի" նախաձեռնությունը...
– Չգիտեմ իրենց քայլերը դեպի ուր կտանեն, թե չեն տանի, բայց այդ ձերբակալությունները` որպես կռված ազատամարտիկի, իմ կողմից անընդունելի են:
– Ի դեպ, այսօր որեւէ կոնֆլիկտ կա՞ Ձեր ղեկավարած կառույցի եւ ԵԿՄ-ի միջեւ, քանի որ բազմիցս մամուլում շրջանառվել է այդ մասին:
– Երկրապահ կամավորականների միության հետ ես երբեւիցե կոնֆլիկտ չեմ ունեցել: Ես` որպես ԵԿՄ հիմնադիրներից մեկը, ասում եմ, որ Երկրապահ կամավորական միության կազմակերպությունն ինձ համար անձամբ հոգեհարազատ կազմակերպություն է: Հետեւաբար, երբեք կոնֆլիկտ չի կարող լինել կազմակերպության հետ:
– Փաստորեն, կոնֆլիկտը անհատների՞ մեջ է:
– Անհատների մեջ է, թե խոսքի... դա արդեն չեմ կարող ասել, իսկ կազմակերպության հետ ես պրոբլեմ չունեմ:
ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ
Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ
