ՈՎ ԵՎ ԻՆՉՊԵՍ Է ՈՒՐԱԽԱՑՆՈՒՄ ԱԼԻԵՎԻՆ ՈՒ ԷՐԴՈՂԱՆԻՆ
Արխիվ 12-16ՈՎ ԵՎ ԻՆՉՊԵՍ Է ՈՒՐԱԽԱՑՆՈՒՄ
ԱԼԻԵՎԻՆ ՈՒ ԷՐԴՈՂԱՆԻՆ
Ինչքան ավելի մոտենում է ապրիլի 24-ը, այնքան ավելի սադրիչ ու լկտի է դառնում հարեւան մազութային սուլթանատի պահվածքը: Դա արտահայտվում է ինչպես շփման գծում ավելի ու ավելի լկտի սադրանքներով, որոնց համադրումը սանձարձակ քարոզչության հետ ՊՆ մամլո խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը արդեն բնութագրել է "հիբրիդային պատերազմ", այնպես էլ այդ քվազիպետության ղեկավարի եւ այլ պաշտոնատարների ագրեսիվ հայտարարություններով:
"ԺԱՄԱՑՈՒՅՑՆԵՐԻ ՃՇԳՐՏՈՒՄ" ՊՈՒՏԻՆԻ ԱՅՑԻՑ ԱՌԱՋ
Արդեն բավականին ժամանակ է, ինչ քաղաքական կուլիսներում խոսակցություններ են շրջանառվում, որ Վլադիմիր Պուտինի` Հայոց ցեղասպանության 100-ամյակին Երեւան ժամանելով լուծվելու է ոչ միայն Ռուսաստանի` Ցեղասպանության նկատմամբ վերաբերմունքի դրսեւորման հարցը, այլեւ լուրջ միջպետական քննարկումներ են լինելու: Այն, որ մեր արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը այժմ հանդիպում է իր ռուս գործընկեր Սերգեյ Լավրովի հետ, կարծես թե դրա հաստատումն է:
Թերեւս նույն համատեքստում կարելի է դիտարկել եւ Սերժ Սարգսյանի հարցազրույցը ռուսական "Ռոսիա-24" հեռուստաալիքին: Այդտեղ շոշափված հարցերի շրջանակը բավականին ընդարձակ է` Ցեղասպանության տարելից եւ Թուրքիայի պահվածք, արցախյան հակամարտություն, ԵՏՄ-ԵՄ հարթություն` քաղաքական եւ տնտեսական տեսակետից եւ այլն: 100-ամյակի առնչությամբ ՀՀ նախագահը հատուկ շեշտեց ՌԴ նախագահի մասնակցությունը. "Մեզ համար մեծ պատիվ է, որ այդ օրը Հայաստանում կլինեն եղբայրական երկրների ղեկավարները: Կցանկանայի հատուկ ընդգծել այդ միջոցառումներին այլ առաջնորդների թվում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի մասնակցությունը": Բնականաբար, մեր երկրի ղեկավարը ընդարձակ անդրադարձ կատարեց թուրքական ժխտողականությանը:
Բայց առանձնահատուկ ուշագրավ են Սերժ Սարգսյանի անդրադարձները մազութային սուլթանատի հետ հակամարտությանը: "Մենք վստահ ենք, որ այն սկզբունքներն ու տարրերը, որոնք ներառված են Մինսկի խմբի համանախագահ երկրների` Ռուսաստանի, Միացյալ Նահանգների, Ֆրանսիայի ղեկավարների 6 հայտարարություններում եւ այն փաստաթղթում, որի հիման վրա մենք Ադրբեջանի հետ արդեն 7 տարուց ավելի բանակցություններ ենք վարում, ընդունելի հիմք են հանդիսանում ղարաբաղյան հակամարտության լուծման համար",- ասել է Սերժ Սարգսյանն ու ընդգծել, որ այդ հարցում "Համանախագահ երկրների կոնսենսուսային կարծիքն այն է, որ սկզբունքներն ու տարրերը մեկ ամբողջություն են, եւ ոչ մի դեպքում որեւէ սկզբունքին` մյուսի համեմատ նախապատվություն տալ չի կարելի": Նաեւ շեշտեց. "Բոլորս դիտարկում ենք իրավիճակի լարում` սկսած անցած տարվա ամառվանից: Բոլոր դեպքերում պետությունների եւ այս հարցով զբաղվող պաշտոնատար անձանց շրջանում կասկած չկա, որ էսկալացիայի պատճառն Ադրբեջանն է": Ս. Սարգսյանն ընդգծել է, որ Ադրբեջանի ղեկավարությունն ինքն էլ չի թաքցնում այդ փաստը, եւ ընդամենը վերջերս Մյունխենի անվտանգության համաժողովի ժամանակ հայտարարել է, որ լարվածությունը շարունակվելու է:
ԵՎիզուր չէ, որ մեր երկրի ղեկավարը նաեւ կանգ առավ հենց պատերազմի սպառնալիքի վրա` զուգահեռներ տանելով հայերի մասնակցության հետ Հայրենական մեծ պատերազմին:
Ըստ էության, ՀՀ նախագահը շեշտեց, որ մի կողմից խաղաղ կարգավորման հարցում Հայաստանն ունի կառուցողական դիրքորոշում, եւ խաղաղ ճանապարհը տապալողը միայն ու միայն Ադրբեջանն է, մյուս կողմից` որ պատերազմական շանտաժով Հայաստանին վախեցնելը ամբողջովին անօգուտ գործ է: Թերեւս պետք չէ բացառել, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում կուտակած "բագաժի" հիման վրա Ռուսաստանն այժմ նախաձեռնություն ցուցաբերի` սկսելու բանակցությունների նոր, առավել ակտիվ ռաունդ: Թե արդյոք այդ բանակցությունները իրական արդյունք կտան` դժվար է ասել, սակայն բանակցությունների փաստն ինքնին լարվածությունը թուլացնող եւ պատերազմի հավանականությունը նվազեցնող գործոն է, անգամ եթե հերթական ռաունդը զրոյական արդյունք տա: Իսկ Մոսկվան այժմ օբյեկտիվորեն շահագրգռված է, որպեսզի հաշվի առնելով լարվածությունը Ուկրաինայի արեւելքում, հանկարծ թույլ չտա 2-րդ ճակատի առաջացումը Կովկասում:
ՀԱՅԿԱԿԱՆ ԱՐՏԱԴՐՈՒԹՅԱՆ "ՈՒՐԱԽԱՑՈՂ ԹՈՒՐՔ"
"Նարնջագույն" քաղաքական կուսակցություններն այժմ բավականին պասսիվ վարքագիծ են դրսեւորում եւ չեն ձգտում տարատեսակ սուր ակցիաների: Տազ արած վիճակում են նաեւ գրանտածիծ ՀԿ-ները: Պասսիվության պահը հատկապես նկատվում է "Ժառանգությունում", ուր, բացառությամբ Զարուհի Փոստանջյանի, սուր ելույթներ չեն դիտարկվում: Նույնիսկ ընդհակառակը` այդ կուսակցության երիտասարդական թեւը խանդավառորեն լծվել է մի նախաձեռնության` անվանակոչումներով եւ հուշարձաններով հավերժացնել Սեւրի պայմանագրի կնքահայր, այն ժամանակվա ԱՄՆ նախագահ Վուդրո Վիլսոնի հիշատակը: Նախաձեռնություն, որը բավականին դրական է եւ ազգի ու պետության շահերի տեսակետից որեւէ բացասական բան չի պարունակում:
Սակայն դա չի նշանակում, որ սեւ գործ անողներ չկան: Ճիշտ է, ամերիկյան ճնշումները բանի տեղ չդնելը տարածվում է աշխարհով մեկ (զորօրինակ` Լուկաշենկոն վռնդել է երկրից ԱՄՆ դեսպանին, իսկ Զեմանը նախագահական նստավայրի դռնից ներս չի թողնում), ու դա իր արտացոլումն ունի եւ մեր երկրում, սակայն ապակայունացնող ակտիվությունը տեղեկատվական դաշտում չի դադարում: Անասելի ինտենսիվությամբ տիրաժավորվում է ադրբեջանական քարոզչությունը ոչ միայն "Ֆեյսբուքում", այլեւ լրատվական կայքերում, ինչը թերեւս արեւմտյան թելադրանքով թուրքական աշխարհին ցուցաբերվող ներքին աջակցությունն է Արծրուն Հովհաննիսյանի հիշատակած հիբրիդային պատերազմին: Այդպիսի դրսեւորումներին միշտ էլ նորմալ քաղաքացիները ե՛ւ բանավոր խոսքում, ե՛ւ համացանցում արձագանքում են "թուրքը տեսնում ուրախանում է" կշտամբանք-բանաձեւով: Սակայն այդ բանաձեւը վերջին շրջանում դարձել է քարոզիչների ցինիկ ծաղրի առարկա, եւ անգամ "Ֆեյսբուքում" ստեղծվել են "ուրախացող թուրք" անունը կրող էջեր: Դե, իսկ դասական քարոզչությունն ընդդեմ ԵՏՄ-ի եւ ռուսների, կա ու կա:
Իսկ ռեալ գործողությունների դաշտում ապրիլի 24-ին հարամություն նախապատրաստող "Հիմնադիր խորհրդարանը" վերջապես վնասազերծվեց ԱԱԾ-ի, ՀՔԾ-ի եւ Ոստիկանության համատեղ գործողություններով, ձերբակալվեցին առաջնորդներն ու ակտիվիստները, զանգվածային անկարգություններ նախապատրաստելու հանցակազմով, առգրավվեցին թռուցիկները եւ համակարգիչները: Բայց հետաքրքրական է, որ ընդամենը խուզարկության ենթարկվեց առանցքային ֆիգուրներից մեկը` Կարո Եղնուկյանը, ով որոշումների կայացման վրա ավելի մեծ ազդեցություն ունի, քան ձերբակալված Ժիրայր Սէֆիլյանը եւ Գարեգին Չուքասզյանը: Ճիշտն ասած, առավել սպասելի էր, որ այդպիսի գործողություն տեղի կունենա ապրիլի 20-ի կողմերը, սակայն, հավանաբար, իրավապահ կառույցների օպերատիվ ծառայությունները լուրջ հիմքեր ունեին շտապելու, համ էլ չպետք է բացառել, որ ավելի ուշ, երբ իրեն ինչ-որ ձեւով կդրսեւորի "Հիմնադիր խորհրդարանի" 2-րդ էշելոնը, տեղի կունենա վնասազերծման օպերացիայի 2-րդ փուլ:
Բավականին հետաքրքիր է ընդդիմադիր ուժերի արձագանքը ձերբակալություններին ու խուզարկություններին: Կտրուկ դատապարտումով հանդես եկավ Նիկոլ Փաշինյանը, Զարուհի Փոստանջյանը շատ էմոցիոնալ ձեւով հիշեց Յանուկովիչին ու Քադաֆիին, ՀԱԿ-ը հանդես եկավ դատապարտող հայտարարությամբ` մարդու իրավունքների դիտակետից, իսկ "Ժառանգությունը" սամանափակվեց իր մամլո խոսնակ Դավիթ Սանասարյանի մեկնաբանություններով: Ինչ վերաբերում է ԲՀԿ-ին, ապա այդ կուսակցությունն ընդհանրապես զերծ մնաց գնահատականներից: Իսկ եթե դիտարկենք հայտարարությունով հանդես եկած ՀԿ-ները, ապա առաջինը շտապեցին Արթուր Սաքունցն ու Լեւոն Բարսեղյանը:
Ինչ է դա ցույց տալիս` մի պարզ իրողություն, որ ընդդիմադիրները, խոշոր հաշվով, ամենեւին էլ դեմ չեն ընդդիմադիր դաշտը "Հիմնադիր խորհրդարանի" արմատական տարրերից մաքրելու գործընթացին: Իսկ խոշորագույն գրանտակերների կողմից այդպիսի հիմնարար աջակցությունը թերեւս պետք է բացատրել անմիջապես "քեռի Սեմի" շահերով, ում ընդհակառակը սէֆիլյանական կադրերի պես արմատականներն անհրաժեշտ են:
Ինչեւէ, եթե դիտարկենք գործընթացի ընդհանուր վեկտորը, ապա կարող ենք արձանագրել, որ ամեն ինչ գնում է ընդդիմադիր ու մասնավորապես արեւմտամետ դաշտը արմատական հռետորաբանությունից եւ գործողություններից բեռնաթափելու բավականին հետեւողական գործընթացին: Ու մինչեւ մայիս, այսինքն այն պահը, երբ Ռիգայում տեղի է ունենալու ԵՄ Արեւելյան գործընկերության գագաթնաժողովը, ասպարեզում մնացած կլինեն հիմնականում առավել չափավոր, նույնիսկ որոշ դեպքերում ձեռնասուն արեւմտամետները:
ՀՈՎՀԱՆՆԵՍ ԳԱԼԱՋՅԱՆ
Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ
