ՊԱՏՐԻԿ ՄԱԼԱՔՅԱՆ. «ՊԵՏՔ Է ԽՈՍՏՈՎԱՆԵՄ, ՈՐ ԱՅՍՕՐ ՆՈՒՅՆԻՍԿ ԼԱՑ ԵՂԱ»
Արխիվ 12-16ՊԱՏՐԻԿ ՄԱԼԱՔՅԱՆ. «ՊԵՏՔ Է ԽՈՍՏՈՎԱՆԵՄ,
ՈՐ ԱՅՍՕՐ ՆՈՒՅՆԻՍԿ ԼԱՑ ԵՂԱ»
Ապրիլի 2-5-ը Երեւանում անցկացվեց Անրի Վեռնոյի օրեր, ինչի առթիվ Հայաստանում էին մեծանուն արվեստագետի որդին` Պատրիկ Մալաքյանը եւ ընտանիքի մյուս անդամները: Նախ կայացավ Անրի Վեռնոյի «Մայրիկ» վերահրատարակված գրքի շնորհանդեսը, ապա Երեւանի թատրոնի եւ կինոյի պետական ինստիտուտի հարակից փողոցը հանդիսավորությամբ կոչվեց Անրի Վեռնոյի անունով, որտեղ բացվեց նաեւ ֆրանսահայ կինոգործչի հուշաքարը: Իսկ արդեն ինստիտուտի 2-րդ հարկում բացվեց Անրի Վեռնոյի անվան կինոսրահը, ինչին հաջորդեց Վեռնոյին նվիրված թատերականացված հուշ-երեկոն` Համազգային թատրոնի դահլիճում, որտեղ ներկայացվեցին արվեստագետի կենսագրությունից դրվագներ: Թերեւս, հայ ժողովրդին հայ մեծանուն լեգենդի` Աշոտ Մալաքյանի (ով առավել հայտնի է ֆրանսիական ժողովրդական կինոյի անվիճելի առաջամարտիկ Անրի Վեռնոյ անվամբ) կենսագրությունը հայտնի էր 1991 թվականից` «Մայրիկ» ֆիլմի միջոցով: «Մայրիկը» եղել է Վեռնոյի վերջին ֆիլմը, ինչն էլ համարվում է նրա կարապի երգը:
ՖԻԼՄԻՑ ՀԱՅՏՆԻ ՓԱԽԼԱՎԱՆ
ԷԿՐԱՆԻՑ ՏԵՂԱՓՈԽՎԵՑ ԲԵՄ, ԱՊԱ` ԴԱՀԼԻՃ
Թատերականացված երեկոյին ներկայացվեցին Վեռնոյի կենսագրությունից դրվագներ, որոնք զուգակցվում էին էկրանին ցուցադրվող նրա «Մայրիկ» ֆիլմի հետ, ինչի միջոցով կարծես էկրանից ֆիլմի հերոսները մի պահ հայտնվում էին Համազգային թատրոնի բեմում, ապա կրկին վերադառնում էկրան: Պատրիկին իսկապես հուզել էր դերակատարների նմանությունը: Համազգային թատրոնի դերասան Գագիկ Մադոյանը, ով մարմնավորում էր Անրի Վեռնոյին, իր նմանությամբ անակնկալի բերեց որդուն` Պատրիկ Մալաքյանին: Ի դեպ, ինչպես ներկայացման ընթացքում հայտնի դարձավ, Պատրիկն ինքն է ցանկացել, որ կրի հայկական ազգանուն: Սակայն անակնկալները Պատրիկի համար այդքանով չսահմանափակվեցին, բոլորին ֆիլմից հայտնի փախլավան, որը Վեռնոյը շատ քնքշությամբ է ներկայացնում ֆիլմում, թե ինչպես էին իրենց տանը տոն դառնում փախլավա թխելու օրերը, կարծես էկրանից տեղափոխվեց բեմ, ապա` դահլիճ: Քանի որ ինչպես ներկայացման մեջ Վերնոյի կերպարն ասաց` ես չեմ կարող այս փախլավան մենակ ուտել ու ծափերի ուղեկցությամբ իջավ դահլիճ` տուփով հայկական փախլավան փոխանցելով Վեռնոյի որդուն:
ՆՈՒՅՆԻՍԿ ՀՅՈՒՐԱՍԻՐՈՒԹՅԱՆ ԸՆԹԱՑՔՈՒՄ
ՊԱՏՐԻԿԸ ՁԵՌՔԻՑ ՉԴՐԵՑ ՓԱԽԼԱՎԱՅՈՎ ԼԻ ՏՈՒՓԸ
Հանդիսության ավարտին, երբ Վեռնոյի Հայաստան ժամանած ընտանիքը լուսանկարվում
էր բեմում, դերասանուհի Սոֆիկ Սարգսյանը Պատրիկի որդուն նվիրեց Արարատի պատկերով նկար: Այդ պահին Պատրիկը շրջվելով` ասաց. «Ինչ է, բոլոր նվերները փոքրիկի՞ն են տալիս»: Թատրոնի եւ կինոյի պետական ինստիտուտի ռեկտոր Դավիթ Մուրադյանն էլ հումորով կարծես իրավիճակը «փրկելու» համար ասաց, թե հայի բնավորություն է, միշտ փոքրիկին են նվերները հասնում, սակայն Պատրիկը շարունակելով կատակել` ասաց. «Ոչինչ ես չեմ նեղսրտվում, ավելի լավ, թող բոլոր նվերները նրան տան, իսկ փախլավան ոչ մեկի հետ չեմ կիսի»: «Հանցագործություն» կլիներ դա հումոր ընդունել, որովհետեւ մինչեւ վերջ` նույնիսկ ներկայացմանը հաջորդած հյուրասիրության ընթացքում Պատրիկը ձեռքից չդրեց փախլավայով լի տուփը: Ավելին, երբ կինն ու որդին պարբերաբար ցանկանում էին բացել տուփն ու փախլավա «փախցնել», Պատրիկը կատակով հարվածում էր նրանց ձեռքին ու ասում. «Ոչ, սա միայն իմն է, ես մենակ եմ ուտելու այն»:
«ԿԱՐԾԵՑԻ, ԹԵ ՀՈՐՍ ԵՄ ՏԵՍՆՈՒՄ ԲԵՄՈՒՄ ԿԱՆԳՆԱԾ»
«Իրավունքի» հետ զրույցում Պատրիկը հուշ-ներկայացումից տպավորված` ասաց. «Իրականում ինձ համար շոկ էր, երբ բեմ դուրս եկավ դերասանը, որ խաղում էր Անրի Վեռնոյի դերը: Նրա արտաքին նմանությունն այնքան ուժեղ էր ու տիպիկ, որ կարծեցի, թե հորս եմ տեսնում բեմում կանգնած: Իսկ միզանսցենի ժամանակակից լինելը, գաղափարները ուղղակի ֆանտաստիկ էին` սկզբից միչեւ վերջ: Եվս մեկ անգամ պետք է խոստովանեմ, որ այսօր նույնպես լաց եղա: Պիտի ասեմ` մայրիկի դերակատարն էլ շատ նման էր, իսկապես ճիշտ ընտրություն էր արված»:
Պատրիկը խոստացավ, որ արդեն հաճախ կլինի Հայաստանում. «Անցյալ տարի 3 անգամ եկել եմ Հայաստան, կփորձեմ արդեն այսուհետ ավելի հաճախ գալ»,- ասաց մեծ հայի որդին ու հստակեցրեց. «Իսկապես, արդեն կանոնավոր կերպով հաճախ կգամ Հայաստան»:
«Իրավունքի» այն դիտարկմանը, թե հարցազրույցներից մեկում ափսոսել էիք, որ Ձեր հայրը Ձեզ հայերեն խոսել չի սովորեցրել, Պատրիկը նշեց. «Արդեն սկսում եմ սովորել հայերեն»: Իսկապես, քանի որ զրույցի ավարտին մեր շնորհակալությանն ի պատասխան` Պատրիկը հայերենով պատասխանեց` խնդրեմ:
«ՊԵՏՔ Է ՈՒՂՂԱԿԻ ԼԻՆԵԼ ՎԵՌՆՈՅԻ ՊԵՍ ՀԱՅ»
Անրի Վեռնոյին մարմնավորած Համազգային թատրոնի դերասան ԳԱԳԻԿ ՄԱԴՈՅԱՆՆ ասաց, որ տիպիկ կերպարի համար շնորհակալ է նախ նկարչին, ապա նաեւ բեմադրիչ Դավիթ Հարությունյանին.
- Առաջարկը ստանալիս` մի քիչ վախեցա, որովհետեւ խաղալ մի մարդու կերպար, որը մեզ մոտ է կանգնած, կինոյի համաշխարհային դեմք է եւ շատ մեծ հեղինակություն է, ինձ համար բարդ էր: Մարդիկ տեսել են Վեռնոյին եւ ցանկացած սխալ հնարավոր է բերեր նրան, որ այսօր երեկոն չստացվեր: Հետեւաբար, իմ պատասխանատվությունն ամենամեծն էր: Եվ ես հասկացա, որ պետք չէ նման լինել նրան, պետք է ուղղակի լինել Վեռնոյի պես հայ:
- Մի քանի օր է, ինչ Պատրիկը Հայաստանում է, հասցրե՞լ եք շփվել նրա հետ:
- Ոչ, ես նոր ծանոթացա իր հետ, երբ բեմից իջա դահլիճ ու փախլավան տուփով տվեցի իրեն: Իմ կարծիքով, շատ հուզիչ էր փախլավայի կտորը, եւ շատ ուրախ եմ, որ նա լավ ընդունեց:
«ԻՆՁ ԱՍԵԼ ԷԻՆ, ՈՐ «ՄԱՅՐԻԿ» ՖԻԼՄՈՒՄ
ԿԼԱՈՒԴԻԱ ԿԱՐԴԻՆԱԼԵԻՆ ՆՄԱՆ ԵՄ»
Անրի Վերնոյի մոր կերպարը մարմնավորած Համազգային թատրոնի դերասանուհի ՆԱՐԻՆԵ ԳՐԻԳՈՐՅԱՆԸ, ով մանկուց սիրել է ֆիլմն ու ամեն անգամ դիտելիս արտասվել, ասաց, որ թեպետ չի սիրում թատերականացված երեկույթներ, բայց. «Սա բացառիկ դեպք էր` Անրի Վեռնոյին շատ բարձր եմ գնահատում: Նրա «Մայրիկ» ֆիլմը փոքր հասակից միշտ սիրել եմ, դիտելիս` ամեն անգամ հուզվել եմ, իսկ դա նշանակում է, որ նա իսկապես հզոր է: Այսօր իմ պարտքն եմ կատարել մի արվեստագետի առաջ, որին սիրել եմ ու ինձ հուզել է»:
Ինչպես հանդիսատեսին ու հատկապես Վեռնոյի որդուն, այնպես էլ Նարինեին ապշեցրել է խաղընկերոջ` Գագիկի նմանությունը Վեռնոյին. «Ճիշտն ասած, երբ Գագիկն արդեն ակնոցով էր, ես էլ նմանությունը տեսա, ուղղակի ապշել էի: Իսկ ինձ մի անգամ ասել էին, որ «Մայրիկ» ֆիլմում Կլաուդիա Կարդինալեին նման եմ, դա էլ հենց ինձ մի քիչ ոգեւորեց, բայց առաջին հերթին այն պարտքն էր, որ ուզում էի շնորհակալություն հայտնել մեծ արվեստագետին»:
Դերասանուհին խոսելով իր կերպարի մասին` ասաց, որ շատ բաներ կան, որ միայն բնորոշ են հայ մայրերին, ինչպես որ «Մայրիկ» ֆիլմում էր. «Միայն հայ մայրիկը կարող է իր ամբողջ կյանքը նվիրել երեխային, նույնիսկ ֆիլմում եղած մյուս կանայք` մորաքույրները, որոնք չեն ամուսնացել ու ողջ ժամանակը նվիրել են Ազատին, դա միայն բնորոշ է հայ կնոջը, հայ մայրիկին: Այդ ամենը շատ հուզիչ էր, պատկերացրեք, մենք կուլիսներում կանգնած` ամեն անգամ հենց տեսնում էինք տեսարանները, հուզվում էինք»:
«ՅՈՒՐՈՎԻ ԵՆՔ ՄԵԿՆԱԲԱՆԵԼ ՎԵՌՆՈՅԻՆ»
Թատերականացված հուշ-ներկայացման բեմադրիչ ԴԱՎԻԹ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԸ
տեղեկանալով, որ դերասաններն իրենց նմանությամբ հուզել են Պատրիկին, «Իրավունքին» ասաց. «Մենք հենց դա էլ ցանկացել ենք, սկզբում ուզում էի, որ պատմողներ լինեն բեմում, որովհետեւ պորտրետային նմանություն ստանալը շատ դժվար է: Սկզբնականում ուրիշ դերասանական կազմ էր ընտրված, բայց հետո վերափոխեցի: Ինքնըստինքյան այնպես ստացվեց, որ Նարինե Գրիգորյանը ու Գագիկ Մադոյանը դիմահարդարման ու հագուստների, մազերի ձեւով, ակնոցի, շալի միջոցով զարմանալիորեն նմանվեցին, նույնիսկ` երիտասարդ Ազատի դերակատարը: Ուրախ եմ, որ կարողացել ենք, ճիշտ է կարճ ժամկետում, բայց հուզել հանդիսականին: Մենք յուրովի ենք մեկնաբանել Վեռնոյին, որովհետեւ նրա մասին կարելի է շատ երկար խոսել, պատմել, բայց ցանկացանք չձանձրացնել հանդիսականին: Ի դեպ, չի բացառվում, որ ներկայացումը մտնի Համազգային թատրոնի խաղացանկ»:
ՓՈՔՐԻԿ ԱՆՐԻ ՎԵՌՆՈՅԸ ՀԱՆՈՒՆ ՀԱՄԱԶԳԱՅԻՆ ԹԱՏՐՈՆԻ
Ի դեպ, Պատրիկ Մալաքյանի որդին` փոքրիկ Անրին, ով արտաքնապես շատ նման էր «Մայրիկ» ֆիլմի փոքրիկ Ազատի դերակատարին, մինչ հայրը հարցազրույց էր տալիս ու լուսանկարվում Վեռնոյի ֆիլմերի սիրահարների հետ, մեր աչքից չվրիպեց, որ նա ուշադրությամբ ու մեծ հետաքրքրությամբ ուսումնասիրում էր սրահում դրված Սոս Սարգսյանի անվան Համազգային թատրոնի ապագա շենքի մակետը: Ավելին` տպավորված ֆրանսահայ փոքրիկը մի կլորիկ գումար ավելացրեց հանգանակության արկղում` հանուն Համազգային թատրոնի կառուցման:
Ներկայացրեց ԼԻԼԻԹ ԵՂԻԱԶԱՐՅԱՆԸ
