ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՏՈՒԳԱՆՔ ԳՐԵԼՈՒՑ ԼԱՎ Է, ԿԱՐԳԱՎՈՐԵԼՈՒՑ` ՎԱՏ
Արխիվ 12-16ԳՐԵԼՈՒՑ ԼԱՎ Է, ԿԱՐԳԱՎՈՐԵԼՈՒՑ` ՎԱՏ
Երեկ, ինչպես նախորդ բոլոր մեռելոցներին, գերեզմանատներում եւ կից փողոցներում կատարյալ խառնաշփոթ էր: Թեեւ ոստիկանության աշխատակիցները մերթընդմերթ երեւում էին, սակայն մեքենաների եւ հետիոտների քաոսային շարժումները անկառավարելի էին: Ծաղկավաճառների մոտ մեքենաները երկրորդ, իսկ երբեմն էլ երրորդ շարքով էին կանգնում եւ խցանում էին բանուկ փողոցները, օրինակ` Շիրակի խճուղին: Ի դեպ, նման վարվելաձեւը, երբ իրենց "լավ տղա" պատկերացնողները մեքենան կայանում են երկրորդ, երրորդ շարքում, այնտեղ, որտեղ նրանց պետք է, գործում է ոչ միայն մեռելոցի օրերին: Ցանկացած պահի "գոլդ" համարներով թանկարժեք մեքենաներ երկրորդ շարքում կարելի է տեսնել կանգնած` Աբովյան փողոցում գտնվող Տնտեսագիտական համալսարանի մոտ: Նույն իրավիճակն է նաեւ Տերյան, Մոսկովյան, Բաղրամյան փողոցների վրա գտնվող "էլիտար" դպրոցների մոտ` դասերը սկսելու եւ ավարտելու ժամերին: Նման պրակտիկա են կիրառել նաեւ տաքսիները, ում տերերը հայոց աշխարհի հզորներից են ու անհասանելի են ոստիկանների համար:
Դրա փոխարեն` ոստիկանությունը "մուռը" հանում է շարքային քաղաքացիներից եւ անխնա ուղարկում է տուգանքների "սեւ թղթերը": Անգամ այն ժամանակ, երբ շարքային վարորդները ստիպված լինելով շրջանցել երեք շարքով կայանած տղերքին, խախտում են հոծ գծերը, տուգանվում են ոչ թե "լավ տղերքը", այլ նրանց մի կերպ շրջանցողները: Դե ոստիկանությունն է, էլի, ում կարողանում է` տուգանում է, իսկ ում չի կարողանում` ո՞նց տուգանի:
ԱՐՄԵՆՈՒՀԻ ՀԱԿՈԲՅԱՆ
Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ
