ՊԱՐՈՒՅՐ ՀԱՅՐԻԿՅԱՆՆ ԸՆԿԱՎ ԴԱՎԱՃԱՆ ՎԱՀԵ ԱՎԵՏՅԱՆԻ «ՋՐԵ՞ՐԸ»
Արխիվ 12-16ՊԱՐՈՒՅՐ ՀԱՅՐԻԿՅԱՆՆ ԸՆԿԱՎ ԴԱՎԱՃԱՆ ՎԱՀԵ ԱՎԵՏՅԱՆԻ «ՋՐԵ՞ՐԸ»
Շվեդիայում ապրող «վտարանդի» վայ-գրող Վահե Ավետյանը շարունակում է ստվեր նետել հայաստանյան մշակութային ու քաղաքական գործիչների վրա: Հիշեցնենք, որ վերջինս ո՛չ ավել, ո՛չ պակաս հրապարակավ ներողություն էր խնդրել իր համար սիրելի հարեւան ադրբեջանցիներից` «Խոջալուի ցեղասպանության» համար եւ անգամ հարցականի տակ դրել Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցը: Ստոկհոլմում ապրող այս անձին կրկին չէինք հիշի, եթե օրերս համացանցում չհայտնվեր նրա եւ ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանի լուսանկարը` արված Ազատության հրապարակում: Այս մասին «Իրավունքը» փորձեց պարզաբանում ստանալ հենց պարոն Հայրիկյանից` նախ հետաքրքրվելով, թե ինչպե՞ս է վերաբերվում Վ. Ավետյանի ներողությանը` ուղղված ադրբեջանցիներին.
–Ընդհանրապես հասկանում եմ, որ այդպիսի քայլեր անողները հեռանկարային միտք ունեն: Ես մի անգամ այսպիսի բան նկատեցի իր գրածի մեջ, որ ինքն իր մասով` որպես հայ, ներողություն է խնդրում, որ այդտեղ մարդկային զոհեր են եղել, եւ հիմա հերթը ադրբեջանցիներինն է, որ իրենք էլ ներողություն խնդրեն: Քանի որ Վահե Ավետյանը պետական գործիչ չէ, այլ անհատ, անհրաժեշտություն չեմ համարում նրա քայլերի մեջ անպայման ճշգրտություն որոնել, բայց միտումը հասկանալի է: Նա քայլ էր արել, որ դիմացինին ասի` սա է ձեւը ապագա համակեցության, դե հիմա դուք էլ, Սումգայիթի, Բաքվի, այսօր տեղի ունեցող խառնակությունների համար ներողություն խնդրեք: Թեպետ չեմ խորացել դրա մեջ, բայց իմ նախնական ընկալումը դա է:
– Այսինքն` Վ. Ավետյանի մոտեցումն ընդունելի՞ է Ձեզ համար:
– Դա իր մոտեցումն է, նա ասում է, որ մենք պետք է ապրենք իրար կողքի, իրար հետ համաձայնության գալով, սխալների համար էլ ամեն մեկս մեր մասով վշտակցություն հայտնելով, դա քաղաքակիրթ մոտեցում եմ համարում: Ուռա պատրիոտիզմը, որ կա ու վերջանում է ամեն օր` անտեղի զոհեր տալով, ինձ, օրինակ, չի ուրախացնում, եթե նույնիսկ մեկին տասը լինի զոհերի հարաբերակցությունը, ինչի՞ս է պետք: Ինչեւէ, Վահե Ավետյանը, եթե պետական գործիչ լիներ, մենք մանրակրկիտ կվերլուծեինք նրա ասածը, իսկ սա պետք է ընդունել, որ մի հայ մարդ, մի մտավորական իր կողմից ինչ-որ անհատական քայլ է անում` դիմացը ինչ-որ բաներ սպասելով: Արդարացվա՞ծ է, թե արդարացված չէ, զարգացում կապրի՞, թե` ոչ, դրանք այլ հարցեր են:
– Ի դեպ, համացանցում է հայտնվել Ձեր եւ նրա լուսանկարը, հետաքրքիր է` ընկերային հարաբերություններ ունե՞ք Վ. Ավետյանի հետ:
– Ի՞նչ կապ ունի իմ պատասխանը լուսանկարի հետ, արդյո՞ք իմ պատասխանում կար ոչ օբյեկտիվ մեկնաբանություն: Եկեք սա թողնենք: Վահե Ավետյանն ինձ ճանաչում էր դեռեւս իմ արտաքսման ժամանակ: Նրան ես հիշում եմ արտաքսումից վերադառնալուց հետո, երբ շատ երիտասարդ էր, բայց դա որեւէ կապ չունի այս պահին իմ տված գնահատականի հետ:
– Ընդամենն ուզում էինք ճշտել` գաղափարակի՞ց եք նրա հետ, թե` ոչ:
– Ամեն հայ մարդու հետ փորձում եմ ընդհանրություն գտնել, թե ինչքանով Վահե Ավետյանի հետ կգտնեմ, դա հարցի մյուս կողմն է: Բայց ձեր հարցն այլ էր, ինչին ի պատասխան էլ ասում եմ` նա ուզում է, որ մենք հարեւանների հետ խաղաղ ապրենք, եւ եթե Վահե Ավետյանը շատերի համար անցանկալի բան է արել, շատերը պետք է կարողանան մինչեւ վերջ նայել նրա արած քայլին, ոչ թե կրծքները ծեծելով ասեն` Խոջալուում մարդ է մահացել: Այլ խնդիր է, թե մարդ մահացել է սադրանքի, ինչ-որ վայրագ լակոտի պատճառով, թե կողքից այս երեւույթը խորացնող այլ հանգամանք է եղել: Վահե Ավետյանն այս բոլորի մասնագետը չէ, ինքն ասում է` ես իմ ներողությունն ասացի, հիմա էլ ձեր հերթն է, ես այդ տեսակետով եմ ընկալել ամեն բան:
ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ
