«ՌՈԲԵՐՏ ՈՒՈԼԹԵՐԻ ՀՆԱՐԱՎՈՐ ԱՅՑԸ ՀԱՅԱՍՏԱՆ ՉԻ ՓՈԽՈՒՄ ՄԵՐ ՈՐՈՇՈՒՄԸ»
Արխիվ 12-16«ՌՈԲԵՐՏ ՈՒՈԼԹԵՐԻ ՀՆԱՐԱՎՈՐ ԱՅՑԸ
ՀԱՅԱՍՏԱՆ ՉԻ ՓՈԽՈՒՄ ՄԵՐ ՈՐՈՇՈՒՄԸ»
«Բռնության աճը Լեռնային Ղարաբաղում եւ Ադրբեջանի մյուս գրավյալ տարածքներում» վերնագրով խայտառակ ԵԽԽՎ-յան զեկույցը պատրաստող ԵԽԽՎ բրիտանացի պատգամավոր Ռոբերտ Ուոլթերն անցյալ ամիս փաստահավաք առաքելությամբ եղել է Ադրբեջանում, իսկ մայիսին մտադիր է գալ Հայաստան ու Լեռնային Ղարաբաղ, թեպետ Հայաստանն ու ԼՂՀ-ն որոշել էին բոյկոտել նրա այցը: Այս, ինչպես նաեւ ԵԽԽՎ հարթակում տիրող հակահայկական գործընթացների ու Ցեղասպանության 100-րդ տարելիցին առնչվող հարցերի շուրջ էլ «Իրավունքը» զրուցեց ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր, ԵԽԽՎ հայաստանյան պատվիրակության անդամ ՆԱԻՐԱ ԿԱՐԱՊԵՏՅԱՆԻ հետ:
«ՄԵՐ ԴԻՐՔՈՐՈՇՈՒՄՆ ԱՅԴ ԶԵԿՈՒՅՑԻ ՊԱՏՐԱՍՏՄԱՆ ՀԵՏ ԿԱՊՎԱԾ ՀՍՏԱԿ Է»
–Տիկին Կարապետյան, ինչո՞վ է պայմանավորված, որ հիմա որոշվել է Հայաստանում ընդունել ԵԽԽՎ բրիտանացի պատգամավոր Ռոբերտ Ուոլթերին:
– Մեր դիրքորոշումը այդ զեկույցի պատրաստման հետ կապված հստակ է եւ որեւէ փոփոխություն չի կրել` չի լինելու որեւէ համագործակցություն: Եվ այդ մասին տեղյակ է թե՛ ԵԽԽՎ քաղաքական հանձնաժողովը, որտեղ պատրաստվում է զեկույցը, եւ թե՛ հենց ինքը` զեկուցողը: Կարծում եմ, գիտակցելով այս ամենը, նա եւս պատկերացնում է, որ իր այցը Հայաստան որեւէ կապ չի ունենալու զեկույցի հետ:
– Տիկին Նաղդալյանը լրատվամիջոցներից մեկի հետ զրույցում նշել է, որ հայտնի զեկույցի շրջանակներում համագործակցությանը չմասնակցելու որոշումը մնացել է նույնը, այդ դեպքում Ռ. Ուոլթերի հետ ի՞նչ հարցերի շուրջ պետք է բանակցենք մայիսին:
– Անկեղծ ասած, ես տեղյակ չեմ, թե ինչպիսի օրակարգ կառաջարկվի, եւ արդյոք այդ այցը կկայանա, թե` ոչ, բայց եւս մեկ անգամ վերահաստատում եմ տիկին Նաղդալյանի ասածը` որեւէ փոփոխություն մեր դիրքորոշման մեջ չկա:
– Ընդհանրապես, ԵԽԽՎ-ն հայտնի է իր հակահայկական բանաձեւերով, այս դեպքում ի՞նչ կարելի է ակնկալել բրիտանացի ԵԽ պատգամավորից, ում կարծիքով` Արցախը հայերի կողմից գրավյալ տարածք է:
– ԵԽԽՎ-ն ունի տարակարծիք բազում բանաձեւեր` տարբեր երկրների մասին: Խոսելով կոնկրետ այս բանաձեւի նախագծի վերաբերյալ` նշեմ, որ եթե լիներ որեւէ լավատեսություն, ապա պատվիրակությունը այս բավականին կոշտ դիրքորոշումը չէր ընտրի, եւ մենք կաշխատեինք զեկուցողի հետ: Եվ խնդիրն այստեղ միայն զեկուցողը չէ: ԵԽԽՎ աշխատանքային կանոնակարգը թույլ է տալիս, դիցուք ունենալով փայլուն հայամետ բանաձեւ, ընդունման օրը, բազում փոփոխությունների հնարավորություններից օգտվելով, հաստատել եւ ընդունել լիովին այլ` հակահայկական տեքստ:
«ՀՀ-Ի ԵՎ ԼՂՀ-Ի ՄԻՋԵՎ ՈՐԵՎԷ ՀԱԿԱՍՈՒԹՅՈՒՆ ՉԿԱ ԵՎ ՉԻ ԿԱՐՈՂ ԼԻՆԵԼ»
–Ժամանակին ԼՂՀ նախագահի մամուլի խոսնակ Դավիթ Բաբայանը, ով բացառել է Ռ. Ուոլթերի այցը ԼՂՀ, «Իրավունքի» հարցին, թե հնարավո՞ր է ԼՂՀ-ն պաշտոնապես խնդրանքով դիմի ՀՀ ԱԳՆ-ին` Ռոբերտ Ուոլթերի մուտքը նաեւ Հայաստան արգելելու համար, պատասխանել է. «Կարծում եմ` դրա կարիքը չկա, քանի որ Ռոբերտ Ուոլթերը Հայաստան չի էլ գա: Իմաստ էլ չունի, որ նման վերնագրով զեկույց պատրաստող ԵԽԽՎ պաշտոնյան ժամանի Հայաստանի Հանրապետություն»: Այս դեպքում` չե՞ք կարծում, որ ժամանակն է կանխել այս այցը` գոնե ՀՀ-ԼՂՀ հակասություն չառաջացնելու համար:
– ՀՀ-ի եւ ԼՂՀ-ի միջեւ որեւէ հակասություն չկա եւ չի էլ կարող լինել, մասնավորապես` նաեւ այս զեկույցի հետ կապված: Ես արդեն նշել եմ, որ Ռոբերտ Ուոլթերի հնարավոր այցը Հայաստան չի փոխում մեր որոշումը, եւ չի լինելու եւ ոչ մի համագործակցություն` վերոնշյալ բանաձեւի պատրաստման հետ կապված: Երկրորդում եմ ասածս եւս մեկ անգամ` թե՛ ԵԽԽՎ-ն, թե՛ Ռոբերտ Ուոլթերն այդ մասին տեղյակ են: Որպես գործընկեր, որպես ԵԽԽՎ պատվիրակ` ցանկացած երկրի ցանկացած պատգամավոր կարող է ցանկություն հայտնել` այցելելու Հայաստան:
«ԵԽԽՎ-ՈՒՄ ՄԻՇՏ ՉԷ, ՈՐ ՔԱՆԱԿՆ Է ՈՐՈՇԻՉ»
– ԵԽԽՎ ինստիտուցիոնալ հարցերի հանձնաժողովը օրերս ողջունել է Թուրքիայի իշխանությունների առաջարկը` 2016 թվականին խոշոր ներդրող դառնալու միջոցով «Եվրոպայի խորհուրդը ամրապնդելու» մասին: ԵԽԽՎ պաշտոնական կայքի փոխանցմամբ` Ռուդի Սալեսի ԵԽԽՎ ծախսերի մասին զեկույցի հիման վրա պատրաստված բանաձեւի նախագծում հանձնաժողովը կոչ է արել անդամ պետություններին` առանց Եվրոպայի խորհրդի բյուջեում իրենց ներդրումները նվազեցնելու, ընդունել այս առաջարկը: Ավելին` հանձնաժողովը նաեւ առաջարկել է ավելացնել ԵԽԽՎ-ում թուրք պատգամավորների քանակը եւ նշել է, որ թուրքերենը, որպես աշխատանքային լեզու ընդունելը կարող է ֆինանսավորվել միայն հավելյալ ֆինանսական աղբյուրներից: Ինչպե՞ս եք վերաբերվում ԵԽԽՎ-ի նման դիրքորոշմանը, ու ի՞նչ խոչընդոտներ այն կարող է առաջացնել մեզ համար այս հարթակում:
–Անշուշտ, թուրք պատվիրակների քանակի ավելացումը հնարավոր է որոշակի դժվարություններ ստեղծի մեր կողմի համար, բայց կցանկանայի տեղեկացնել մեր ընթերցողներին, որ ԵԽԽՎ-ում միշտ չէ, որ քանակն է որոշիչ, եւ որ սա մեզ համար լուրջ սպառնալիք է: Մեր լոբբին հստակ եւ միասնական աշխատում է` անկախ պատվիրակության անդամների քանակից:
– Ի դեպ, ԵԽԽՎ նախագահին վերջերս նամակ էին ուղղել ԱԺ պատգամավորներ Վահե Հովհաննիսյանը (ԲՀԿ), Նաիրա Զոհրաբյանը (ԲՀԿ) եւ Լեւոն Զուրաբյանը (ՀԱԿ) ու բողոքել հայաստանյան ներքաղաքական իրավիճակից, չե՞ք կարծում, որ ԵԽԽՎ-ում ստեղծված հակահայկական տրամադրությունների պատճառը ոչ միայն մեր «հարեւան» պետություններն են, այլեւ մեր որոշ հայրենակիցները…
– Ժողովրդավարությունը ենթադրում է ազատ կամարտահայտման իրավունք, ինչից ազատորեն օգտվում են հայաստանյան քաղաքական եւ հասարակական կառույցները: Կարծում եմ` Ձեր կողմից նշված նամակը հստակ ապացույց է Եվրոպայի համար` Հայաստանում ժողովրդավարական արժեքների բարձր ներկայացմանը: Նման բնույթի նամակները եւ ելույթները եւս մեկ անգամ ապացուցում են, որ Հայաստանում չկան խոսքի ազատության եւ ժողովրդավարության նկատմամբ ճնշումներ եւ բռնություններ:
«ԿԱՐԵՎՈՐ Է` ՈՐՊԵՍ ԵԶՐԱԳԻԾ ԿԱՆԳ ՉԱՌՆԵԼ 100-ԱՄՅԱԿԻ ՎՐԱ»
–Անդրադառնանք նաեւ մեկ այլ թեմայի. 2007թ. մարտին թուրք ազգայնական Դողու Փերինչեքը դարձավ առաջին մարդը, ով Շվեյցարիայում դատապարտվեց Ցեղասպանության մերժման համար: Սակայն նա բողոքարկել էր ու դատավարությունը շարունակվում էր: Որեւէ տեղեկություն ունե՞ք, թե ինչով ավարտվեց այն:
– Դատարանի որոշումը դեռ չի կայացվել, սակայն դատավարության ընթացքը մեծ ուշադրության էր արժանացել` կապված մի շարք գործոնների հետ, այդ թվում նաեւ այն փաստի, որ հայանպաստ դիրքորոշումը ներկայացվում էին շատ ազդեցիկ մարդկանց կողմից, ինչպես ազգությամբ հայերի հետ որեւէ առնչություն չունեցող մի անձնավորության` Ամալ Քլունիի կողմից, ով, գիտեք, աշխարհահռչակ դերասան Զորջ Քլունիի կինն է: Այս փաստը հետաքրքրության մեծ ալիք բարձրացրեց հասարակության լայն շրջանակներում, եւ շատերը նաեւ այսպես տեղեկացան Ցեղասպանության իրողության մասին: Թե՛ նրա, եւ թե՛ այլոց կողմից ներկայացված ծանրակշիռ փաստարկները, հուսով եմ, իրենց ազդեցությունը կունենան դատարանի վերջնական որոշման վրա:
– Ընդամենը 17 օր է մնացել Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին, ըստ Ձեզ, միջազգային հարթակներում այս հարցով ի՞նչ կիսատ մնացած գործեր ունենք:
– Ցեղասպանության ճանաչման, դատապարտման եւ հետագա կանխարգելման հետ կապված` բավականին շատ գործ է արված այս ընթացքում, այդ թվում եւ միջազգային հարթակներում: Սակայն շատ կարեւոր է որպես եզրագիծ կանգ չառնել 100-ամյակի վրա եւ հետեւողականորեն շարունակել այս ուղղությամբ բոլոր աշխատանքները:
ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ
