"ԳԵԼԱՓ". ՀԱՐՑՎԱԾՆԵՐԻ 49%-Ը ՑԱՆԿԱՆՈՒՄ Է ՊԵՐՄՅԱԿՈՎԻ ՄԱՀԱՊԱՏԻԺԸ
Արխիվ 12-16ՊԵՐՄՅԱԿՈՎԻ ՄԱՀԱՊԱՏԻԺԸ
"Գելափ ինթերնեյշնլ" կազմակերպության հայաստանյան ներկայացուցիչներն այս տարի մարտի 2-15-ը Երեւանում եւ մարզերում անցկացրել են հարցումներ մի քանի խնդիրների` Հայաստանում առկա սոցիալ-տնտեսական իրավիճակի, ներքաղաքական իրավիճակի` ՀՀԿ-ԲՀԿ հակամարտության, հունվարի 27-ին Ավետիսյանների ընտանիքի սպանության, Հայոց ցեղասպանության միջոցառումների իրազեկվածության մասին: Ըստ հարցման արդյունքների` հարցվածների 49%-ը ցանկանում է, որ Պերմյակովին մահապատժի ենթարկեն: Հարցվածների 88%-ը ցանկանում է Պերմյակովին դատեն ՀՀ-ում, 87%-ն էլ` հանցագործին դատեն ՀՀ-ում ՀՀ օրենքներով: 40%-ը վստահ է` Պերմյակովը չի գործել միայնակ, նրա հետ եղել է հանցախումբ: Հարցվածների 59%-ն էլ ցանկանում է, որ Ավետիսյանների գործով քննությունը վարեն հայ եւ ռուս քննիչները համատեղ:
Կազմակերպության անցկացրած մյուս սոցհարցումը վերաբերում է Հայոց ցեղասպանությանն առնչվող միջոցառումներին: Սոցհարցման պատկերը, սակայն, մտահոգիչ է: 38%-ը ցանկանում է մասնակցել Ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումներին (ջահերով երթեր, ասմունքի երեկո եւ այլն), բայց տեղյակ չէ` դրանք որտեղ են անցկացվելու եւ երբ:
Ներքաղաքական իրավիճակի` ՀՀԿ-ԲՀԿ հակամարտության սոցհարցման արդյունքների համաձայն` հարցվածների 27%-ը դժվարացել է պատասխանել` ի վերջո, ինչ տեղի ունեցավ:
"Գելափ ինթերնեյշնլ"-ը հարցվածներին հարց է ուղղել նաեւ արտահերթ նախագահական եւ խորհրդարանական ընտրությունների հավանականության մասին: Հարցվածների 32%-ը կարծում է, որ միանշանակ հնարավոր չեն արտահերթ եւ խորհրդարանական ընտրություններ:
Կազմակերպությունը նաեւ հարցմանը մասնակցած քաղաքացիներից պարզել է` վերջին շրջանում քաղաքացիները որ ապրանքների ու ծառայությունների վրա են սկսել տնտեսել: Հարցվածների 49%-ը պատասխանել է` հագուստի ու կոշիկի, 38%-ը` սննդամթերքի, 29%-ը` տնտեսական ապրանքների` 28%-ը` ժամանցի վայրեր հաճախելու, 28%-ը` խոշոր կենցաղային տեխնիկա գնելու, 25%-ը` ճանապարհորդությունների, մանր կենցաղային տեխնիկա գնելու վրա` 23%-ը, չի տնտեսում 23%-ը:
Ի դեպ, սոցհարցումն անցկացվել է հեռախոսի միջոցով` 1500 քաղաքացու շրջանում:
ՍՈՆԱ ԴԱՎԹՅԱՆ
Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ
