ՍԻՄ ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ ԴԱՐՁԱՎ 26 ՏԱՐԵԿԱՆ
Արխիվ 12-16Ապրիլի 4-ը "Սահմանադրական իրավունք միություն" կուսակցության ծննդյան օրն է: 26 տարի առաջ`1989 թվականի ապրիլի 4-ին, ստեղծվեց ՍԻՄ կուսակցությունը: Այդ կապակցությամբ շաբաթ օրը տեղի ունեցած ՍԻՄ նախագահության նիստին, նախագահ ՀԱՅԿ ԲԱԲՈՒԽԱՆՅԱՆԸ շնորհավորեց կուսակիցներին եւ համակիրներին:
Այնուհետեւ ՍԻՄ նախագահությունը քննարկեց ներքաղաքական իրավիճակը, ինչպես նաեւ արտաքին մարտահրավերները: Նշվեց, որ ռուսաստանյան հայտնի "Միռ ի մի" կայքը հրապարակել է Հայկ Բաբուխանյանի բաց նամակը ԵԽԽՎ-ին:
ՍԻՄ նախագահը տեղեկացրեց, որ դիմել է դատախազություն` Բրիտանական ֆիլմերի փառատոնի ընթացքում համասեռամոլների վերաբերյալ ֆիլմերի ապօրինի ցուցադրման կապակցությամբ եւ դատախազությունում սկսվել է հարցի ուսումնասիրությունը: Նա նշեց նաեւ, որ սկսվել է գործընթաց` ՍԻՄ-ի կողմից առաջարկված ՀՀ "Քաղաքացիական օրենսգրքում" փոփոխությունների նախագիծը ՀՀ ԱԺ-ում շրջանառության մեջ դնելու ուղղությամբ: Անդրադառնալով օրենսդրական աշխատանքի հետագա ծրագրերին` նախագահությունը կարեւորեց "Հասարակական կազմակերպությունների" եւ ԶԼՄ-ների վերաբերյալ օրենսդրությունում կատարել փոփոխություններ, որոնք նպատակաուղղված կլինեն ապահովել օտարերկրյա ֆինանսավորման թափանցիկությունը: Այդ առումով ՍԻՄ նախագահությունը որոշեց առաջարկել ՍԻՄ նախագահին հանդես գալ պատգամավորական հարցումով` ճշտելու համար` ինչ ծավալի օտարերկրյա ֆինանսավորում են ստացել Հայաստանի ՀԿ-ները 2012-2014 թվականներին:
ՍԻՄ նախագահը շնորհակալություն հայտնեց ՍԻՄ-ի Մարդու իրավունքների հանձնաժողովի նախագահ Ա. Աբգարյանին` ՀՀ Սահմանադրական դատարան դիմում ներկայացնելու համար այն մասին, որ կիրառվել է հակասահմանադրական օրենք: Բանն այն է, որ 2015-ի մարտի 17-ի ՍԴՈ-1196 որոշմամբ` ՀՀ Սահմանադրական դատարանը ՀՀ Սահմանադրությանը մասամբ հակասող էր ճանաչել ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 404-րդ հոդվածի 4-րդ մասի դրույթը, ըստ որի` քրեական գործերով վճռաբեկ դատարան կարելի էր դիմել միայն փաստաբանի միջոցով:
Սահմանադրական դատարանի որոշման մեջ ասված է. "ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 404-րդ հոդվածի 4-րդ մասը`դատավարության այն մասնակիցների մասով, ովքեր չունեն պաշտպան, եւ որոնց համար օրենքով սահմանված կարգով երաշխավորված չէ անվճար իրավաբանական օգնություն ցույց տալու հնարավորությունը, ճանաչել Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 14.1-րդ հոդվածին, 18-րդ հոդվածի 1-ին մասին, 19-րդ հոդվածի 1-ին մասին հակասող եւ անվավեր` նկատի ունենալով, որ տվյալ դրույթի կիրառումն առկա իրավակարգավորումների պայմաններում սոցիալական անհամաչափ ծանրաբեռնվածություն է առաջացնում անձանց համար` կախված նրանց ֆինանսական հնարավորություններից, չապահովելով նաեւ անձի արդարդատաքննության, դատական պաշտպանության արդյունավետ միջոցի եւ դատարանի մատչելիության իրավունքների լիարժեք իրացումը":
Հիշեցնենք, որ տարիներ առաջ մեկ անգամ հաջողվել էր այդպիսի նորմ մտցնել քրեադատավարական օրենքում. այն կոչվել էր` "արտոնյալ փաստաբանների ինստիտուտ", եւ փաստաբաններից մի քանիսին էր միայն թույլ տրվում բերել վճռաբեկ բողոք…
Եվ այսպես` ակնհայտ հակասահմանադրական նորմը վերացվել է: Մնում է նշել, որ այդ նորմը հակասահմանադրական ճանաչելու խնդրանքով` ՍԴ դիմել էր նաեւ ՍԻՄ կուսակցության Մարդու իրավունքների հանձնաժողովի ղեկավարը:
ՍԻՄ նախագահությունը քննարկեց նաեւ սահմանադրական բարեփոխումներին կուսակցության մասնակցության ընթացքը: Տրվեցին մի շարք հանձնարարականներ` քննարկումներն ակտիվացնելու ուղղությամբ:
ՍԻՄ նախագահը շնորհավորեց ներկաներին` Սուրբ Զատիկի կապակցությամբ:
ՍԻՄ ԼՐԱՏՎԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ
Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ
