ՇՆՈՐՀԱՎՈՐ ՄԱՅՐՈՒԹՅԱՆ ԵՎ ԳԵՂԵՑԿՈՒԹՅԱՆ ՏՈՆԸ
Արխիվ 12-16ՇՆՈՐՀԱՎՈՐ ՄԱՅՐՈՒԹՅԱՆ ԵՎ ԳԵՂԵՑԿՈՒԹՅԱՆ ՏՈՆԸ
ՀԻՇԵՆՔ ՆԱԵՎ ԳԵՂԵՑԿՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ
Այսօր կանանց միամսյակը եզրափակող Մայրության եւ գեղեցկության տոնն է, սակայն չենք կարող չհնչեցնել հռետորական հարցադրում` քաղաքական գործիչների քանի՞ տոկոսը քաղաքական մրցավազքում կհիշեն այդ տոնը եւ կշնորհավորեն, եթե ոչ բոլոր հայուհիներին, ապա գոնե իրենց հարազատ կանանց: Ժամանակ առ ժամանակ առօրյայի վազքից կտրվելը եւ գեղեցիկը նկատելը հարկավոր է բոլորին, նույնիսկ քաղաքական գործիչներին: Ինչեւէ, տեսնենք, թե ինչով է ապրում եւ շնչում քաղաքական դաշտը:
ԶԱՐԳԱՑՈՒՄՆԵՐԸ ՀԻՄՆԱԿԱՆՈՒՄ` ԱՐԵՎՄՈՒՏՔ-
ՌՈՒՍԱՍՏԱՆ ՀԱՐԹՈՒԹՅԱՆ ՎՐԱ
Մենք արդեն առիթ ունեցել ենք հիշատակելու, որ ՀՀԿ խմբակցությունում առկա են եւ պատգամավորներ, ովքեր կուսակցական հիմնական գծից որոշակիորեն տարբերվող տեսակետներ են արտահայտում: Օրինակ, Սամվել Ֆարմանյանը խոստովանել էր, որ որոշ հարցերում ավելի շուտ համամիտ է ոչ թե կուսակիցների, այլ` ընդդիմադիր գործընկերներ Նիկոլ Փաշինյանի եւ Հրանտ Բագրատյանի հետ: Հավանաբար, ՀՀԿ-ում "արեւմտամետ" թեւի առկայությունը առաջիկայում միգուցե նկատվի նաեւ խորհրդարանական քվեարկությունների ժամանակ: Հարկ է նշել, որ ՀՀԿ-ում առկա է եւ "ռուսամետ" թեւ, ու ընդդիմադիր դաշտում էլ կան "ռուսամետ" ուժեր, ու թերեւս այդտեղ էլ համագործակցության եզրեր գտնվեն:
Այսինքն, ինչքան ավելի մոտենում ենք 2017-ի համապետական ընտրություններին, այնքան ավելի է շեշտվում տարաբաժանումը ոչ թե իշխանամետ-ընդդիմադիր հարթությունում, այլ` Արեւմուտք-Ռուսաստան: Այսինքն` տարաբաժանումը գնալով ստանում է ավելի ու ավելի շեշտված աշխարհաքաղաքական ուղղվածություն: Բայց, այնուամենայնիվ, 2017-ի ընտրություններից առաջ ուժերի դասավորվածությունը այս պահին դժվար է ստույգ կանխատեսել, քանզի աշխարհում գլոբալ հակամարտությունը բավականին անկախատեսելի զարգացումներ է ունենում: Ու նաեւ այդ գլոբալ գործընթացներից է կախված, թե ինչ կոնֆիգուրացիա կունենա իշխող կոալիցիան 2017-ին, թեեւ ակնհայտ է, որ դրա հիմքը լինելու է ՀՀԿ-ն:
Իհարկե, խոսելով "արեւմտամետ" ու "ռուսամետ" թեւերի մասին, մենք նկատի ունենք ոչ թե տարատեսակ 6-րդ շարասյուներ (թեեւ դրանք էլ առկա են, բայց առայժմ բացահայտ իրենց չեն դրսեւորում), այլ գաղափարական նրբերանգները նույն իշխանական համակարգի ներսում:
Այստեղ առանձին է ՀՅԴ-ի հարցը: Խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը հրապարակավ նշում է, որ չի բացառում ՀՅԴ-ի վերադարձը կոալիցիա, միգուցե շուտով դա տեսնենք, բայց էլի հարցական է` 2017-ի կոալիցիայում ՀՅԴ-ն կլինի՞, թե` ոչ: Դա նույնպես կախված է գլոբալ զարգացումներից, առավել եւս, որ ՀՅԴ-ի ներսում էլ կան "ռուսամետ" եւ "արեւմտամետ" թեւեր, ինչպես նաեւ ըստ գործելակերպի կտրուկության, ավանդական "բազեներ" եւ "աղավնիներ":
Իսկ ընդհանուր առմամբ, ինչ վերաբերում է ներքաղաքական դաշտին ու մասնավորապես դրա ընդդիմադիր հատվածին, ապա ինչ-ինչ ռեալ վերադասավորում, որը կտա քչից-շատից հստակ պատկեր, կտեսնենք թերեւս աշնանը: Իսկ առայժմ, ինչպես սիրում են ասել ԲՀԿ-ի ներկայացուցիչները, տեղի է ունենում "տրանսֆորմացիա" եւ "բյուրեղացում":
ԳԱՐՆԱՆԱՅԻՆ "ՍՐԱՑՈՒՄՆԵՐ"
Այս պահին, քանի որ "ԲՀԿ+" տեսակի բոլոր դաշինքներն ու ձեւաչափերը գոյություն չունեն, կարելի է ասել, որ ընդդիմությունը բավականին կրավորական վիճակում է: Դե, ԲՀԿ-ն հիմնականում զբաղված է ներքին խնդիրներով, իսկ ինչ վերաբերում է ՀԱԿ-ին եւ "Ժառանգությանը", ապա առաջինը ժամանակ առ ժամանակ հանդես է գալիս անատամ, բայց միաժամանակ, ինչպես կասեր ժողովուրդը` "աբիժնիկական" բնույթի հայտարարություններով, իսկ երկրորդը դեռ ինքն իրենից պետք է գլուխ հանի: Հիմա պարզ էլ չի, թե ով է իրավասու "Ժառանգության" անունից հայտարարություններ անել` կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյա՞նը, թե` բոլորին փաստի առաջ կանգնեցնող Զարուհի Փոստանջյանը: Պարզ չէ նաեւ, թե արդյոք կուսակցական են համարվելու այնպիսի ֆիգուրները, ինչպիսիք են Ռուբիկ Հակոբյանը եւ Արմեն Մարտիրոսյանը:
Սակայն չի կարելի ասել, որ "նարնջագույն" գործունեություն հիմա գոյություն չունի: Ճիշտ է, դա ավելի շուտ արտահայտվում է ոչ թե քաղաքական դեմքերի, այլ տեղեկատվական-քարոզչական դաշտի կողմից, որի մի հատվածը ուղղակիորեն լծված է բացահայտ հակապետական գործունեությանը, եւ ուր ոմանք` առանց քաշվելու եւ ուշադրություն դարձնելու հանրային պարսավանքի վրա, տիրաժավորում են ադրբեջանական քարոզչամեքենայի ստերը:
Իսկ սոսկ արեւմտամետ քարոզչության տեսակետից` այս պահին նույնիսկ դժվար է հստակ տարանջատում անցկացնել ընդդիմադիր արեւմտամետների եւ իշխանական "արեւմտյան" թեւի ռեսուրսների դրսեւորումների միջեւ: Նրբերանգներն այս պարագայում ավելի շուտ նկատում են այն վերլուծաբանները, ովքեր ստույգ տիրապետում են լրատվական-քարոզչական դաշտի իրական կառուցվածքի եւ ենթակայության մասին տեղեկատվությանը:
Փողոցներն ու հրապարակներն էլ մնացել են "Հիմնադիր խորհրդարանի" բաժին, քանզի այլ ընդդիմադիրներ գործնականում չեն անցկացնում փողոցային միջոցառումներ: Հերթական հանրահավաքները Սէֆիլյանի կողմնակիցները պատրաստվում են անել Արթիկում եւ Վանաձորում, ու մնում է հուսալ, որ այդտեղ չեն լինի սադրիչ գործողություններ, ինչպես եղավ Գյումրիում: Ի դեպ, պետք է նշել, որ ամեն ինչ այժմ բացահայտ է, եւ Գյումրիում դանակահարություն կատարածը շատ արագ հայտնաբերվեց... Բայց ամենակարեւորը "Հիմնադիր խորհրդարանի" հարցում հետեւյալն է` ի՞նչ սպասել նրանցից ապրիլի 24-ին: Պարզ է, որ "100-ամյակն առանց ռեժիմի" տիպի գործողությունները հարուցում են գնալով ավելի ու ավելի աճող հանրային հակակրանք, ու դրա հետ մեկտեղ, ավելի ու ավելի կարեւոր է դառնում` թույլ չտալ "Հիմնադիր խորհրդարանի" ակտիվիստների հայտնվելը Երեւանի կենտրոնում ու առավել եւս Ծիծեռնակաբերդում: Դա հղի է բախումներով` ոչ միայն այն պատճառով, որ ոստիկանությունը կասեցնելու է հասարակական կարգը խախտող քայլեր, այլեւ վրդովված քաղաքացիները կարող են հարձակվել "Հիմնադիր խորհրդարանի" ակտիվիստների վրա, ինչն, անշուշտ, իրավապահների գործը բարդացնում է: Տպավորությունն այնպիսին է, որ, կարծես թե, "Հիմնադիր խորհրդարանի" իրական նպատակն է անպայման ապրիլի 24-ին ներքաշվել բախումների մեջ եւ օտարերկրյա ԶԼՄ-ների տեսախցիկների առաջ կանգնել "տուժածի" կերպարանքով:
Եվ ակամա այսպիսի միտք է ծագում` քանի որ "Հիմնադիր խորհրդարանին" ամեն մի հրապարակային ակցիայի ժամանակ որեւէ տհաճ բան պատահում է, միգուցե հենց այդ միավորման ղեկավարների անվտանգությունից ելնելո՞վ իմաստ ունի ապրիլի 24-ի նախօրեին մեկուսացնել նրանց, առավել եւս որ հակասահմանադրական բազում կոչերով նրանք վաղուց արդեն իրավական հիմք տվել են իրենց նկատմամբ խափանման միջոց կիրառելու:
Ինչեւէ, ավարտենք նրանով, ինչով սկսել ենք` գեղեցիկը նկատելու եւ գնահատելու հորդորով: Ի վերջո, թող նրանք, ովքեր մտադիր են ապրիլի 24-ին ինչ-ինչ "սուր ակցիաների" մասնակից դառնալ, հիշեն, որ, մեղմ ասած, դա բոլորովին գեղեցիկ չի լինի բոլոր տեսակետներից:
ՀՈՎՀԱՆՆԵՍ ԳԱԼԱՋՅԱՆ
