ՍՈՒՐԻԿ ԽԱՉԱՏՐՅԱՆՆ ԻՐ ՈՒՆԵՑՎԱԾՔԸ ԹԱՔՑՆՈ՞ՒՄ Է
Արխիվ 12-16ՍՈՒՐԻԿ ԽԱՉԱՏՐՅԱՆՆ ԻՐ ՈՒՆԵՑՎԱԾՔԸ ԹԱՔՑՆՈ՞ՒՄ Է
«Իրավունքը» նախորդ հրապարակումներում ներկայացրել է բարձրաստիճան մեր մի որոշ պաշտոնյաների հայտարարագրած ունեցվածքը: Այս անգամ ներկայացնում ենք Սյունիքի մարզպետ, աղմկահարույց մի քանի պատմությունների կենտրոնում հայտնված Սուրեն Խաչատրյանի (մականունը Լիսկա) 2014 թ-ի հայտարարագիրը:
Ըստ հայտարարագրի` Սյունիքի մարզպետի դրամական միջոցները կազմել են 2.999 դոլար: Մարզպետի եկամուտները հարկային տարում կազմել են 215,202,684 դրամ: Ընդ որում` Սուրեն Խաչատրյանի եկամտի աղբյուրը ոչ միայն նրա աշխատավարձն է, այլեւ վարձակալությունից ու փոխառություններից ստացված գումարները:
Կնոջ` Լորետա Բարսեղյանի հայտարարագիրը եւս բավական համեստ է` ընդամենը 2,192,320 դրամ:
Արդյոք Սուրեն Խաչատրյանի ունեցվածքը սահմանափակվում է այսքանով: Իհարկե ոչ: Համենայնդեպս Գորիսի նախկին քաղաքապետ Սամվել Հարությունյանի 2013 թ-ի հայտարարությունն հակառակն է ասում` «Գորիսի 8 հարկանի հյուրանոցը, Գորիսի հանրախանութը՝ 4000 քմ տարածքով, Գորիսի շինարարական միավորման շենքը, Գորիսի տարածաշրջանի Սեւ լիճը, որը երկրորդն է իր մեծությամբ բնական լիճ, իր սեփականությունն է: Եղբոր անունով գրանցել է իր մյուս լիճը՝ Քարահունջի ջրամբարի՝ իր հարակից տարածքներով, հանգստյան տնով: Երեւանում բազմաթիվ շենքեր ունի: Իր միայն ապարանքը մի քանի միլիոն դոլար արժե: Ապարանքին կից իմ ժամանակ այդտեղ շինարարություն էր լինում՝ բաղնիքի շենք էին կառուցում, այդ շենքը անմիջապես սեփականացրել է եւ դարձրել իր ապարանքի կցակառույցը: Երեւանում Հրազդան մարզադաշտի հարեւանությամբ 4 հարկանի հսկայական շենքը՝ կահույքի կենտրոնը իրեն է պատկանում՝ մի քանի հազար քմ տարածքով: Մոնումենտում ունի բնակարան: Շիրակ հյուրանոցի հարեւանությամբ առաջին էլիտար շենքից բնակարան է ստացել: Գորիսում 4 գազալցակայան ունի, ասում են՝ 2 հատ էլ ունի Կապանում:
Ըստ մամուլում շրջանառվող տեղեկությունների` պարոն Խաչատրյանի որդին` Տիգրան Խաչատրյանը, այս տարի Գորիսի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու 2015 թվականի Խաչի քավոր է դարձել, իսկ թե դա ինչպես է տեղի ունեցել, դեռեւս պարզ չէ:



ՍՈՆԱ ԴԱՎԹՅԱՆ
