ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՏՈՒԳԱՆՔ ԳՐԵԼՈՒՑ ԼԱՎ Է, ԿԱՐԳԱՎՈՐԵԼՈՒՑ` ՎԱՏ
Արխիվ 12-16ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՏՈՒԳԱՆՔ ԳՐԵԼՈՒՑ ԼԱՎ Է,
ԿԱՐԳԱՎՈՐԵԼՈՒՑ` ՎԱՏ
Այսօր ինչպես նախորդ բոլոր մեռելոցներին գերեզմանատներում եւ կից փողոցներում կատարյալ խառնաշփոթ էր: Թեեւ ոստիկանության աշխատակիցները մերթ ընդ մերթ երեւում էին, սակայն մեքենաների եւ հետիոտների քաոսային շարժումները անկառավարելի էին: Ծաղկավաճառների մոտ մեքենաները երկրորդ, իսկ երբեմն էլ երրորդ շարքով էին կանգնում եւ խցանում էին բանուկ փողոցները, օրինակ Շիրակի խճուղին: Ի դեպ նման վարվելաձեվը, երբ իրենց լավ տղա պատկերացնողները մեքենան կայանում են երկրորդ, երրորդ շարքում, այնտեղ, որտեղ նրանց պետք է գործում է ոչ միայն մեռելոցի օրերին: Ցանկացած պահի «գոլդ» համարներով, թանկարժեք մեքենաներ երկրորդ շարքում կարելի է տեսնել կանգնած Աբովյան փողոցում գտնվող տնտեսագիտական համալսարանի մոտ: Նույն իրավիճակն է նաեւ Տերյան, Մոսկովյան, Բաղրամյան փողոցների վրա գտնվող «Էլիտար» դպրոցների մոտ` դասերը սկսելու եւ ավարտելու ժամերին: Նման պրակտիկա են կիրառել նաեւ տաքսիները, ում տերերը հայոց աշխարհի հզորներից են ու անհասանելի են ոստիկանների համար: Դրա փոխարեն ոստիկանությունը «մուռը» հանում է շարքային քաղաքացիներից եւ անխնա ուղարկում են տուգանքների «սեւ թղթերը»: Անգամ այն ժամանակ, երբ շարքային վարորդները ստիպված լինելով շրջանցել երեք շարքով կայանած տղերքին, խախտում են հոծ գծերը, տուգանվում են ոչ թե լավ տղերքը, այլ նրանց մի կերպ շրջանցողները: Դե ոստիկանությունն է էլի, ում կարողանում է տուգանում է, իսկ ում չի կարողանում, ո՞նց տուգանի:
ԱՐՄԵՆՈՒՀԻ ՀԱԿՈԲՅԱՆ
Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ
