ՍԻՄ ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ ԴԱՐՁԱՎ 26 ՏԱՐԵԿԱՆ
Արխիվ 12-16ՍԻՄ ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ ԴԱՐՁԱՎ 26 ՏԱՐԵԿԱՆ
Այսօր «Սահմանադրական իրավունք միություն» կուսակցության ծննդյան օրն է: 26 տարի առաջ`1989 թվականի ապրիլի 4-ին ստեղծվեց ՍԻՄ կուսակցությունը: Այդ կապակցությամբ այսօր տեղի ունեցած ՍԻՄ նախագահության նիստին, նախագահ Հայկ Բաբուխանյանը շնորհավորեց կուսակիցներին եւ համակիրներին:
Այնուհետեվ ՍԻՄ նախագահությունը քննարկեց ներքաղաքական իրավիճակը, ինչպես նաեւ արտաքին մարտահրավերները: Նշվեց, որ ռուսաստանյան հայտնի «Միռ ի մի» կայքը հրապարակել է Հայկ Բաբուխանյանի բաց նամակը ԵԽԽՎ-ին:
ՍԻՄ նախագահը տեղեկացրեց, որ դիմել է դատախազություն Բրիտանական ֆիլմերի փառատոնի ընթացքում համասեռամոլների վերաբերյալ ֆիլմերի ապօրինի ցուցադրման կապակցությամբ եւ դատախազությունում սկսվել է հարցի ուսումնասիրությունը: Նա նշեց նաեւ, որ սկսվել է գոքրծընթաց ՍԻՄ-ի կողմից առաջարկված ՀՀ «Քաղաքացիական օրենսգրքում» փոփոխությունների նախագիծը ՀՀ ԱԺ-ում շրջանառության մեջ դնելու ուղղությամբ: Անդրադառնալով օրենսդրական աշխատանքի հետագա ծրագրերին, նախագահությունը կարեւորեց «Հասարակական կազմակերպությունների» եւ ԶԼՄ-ների վերաբերյալ օրենսդրությունում կատարել փոփոխություններ, որոնք նպատակաուղղված կլինեն ապահովել օտարերկրյա ֆինանսավորման թափանցիկությունը: Այդ առումով ՍԻՄ նախագահությունը որոշեց առաջարկել ՍԻՄ նախագահին հանդես գալ պատգամավորական հարցումով ճշտելու համար ինչ ծավալի օտարերկրյա ֆինանսավորում են ստացել Հայաստանի ՀԿ-ները 2012-2014 թվականներին:
ՍԻՄ նախագահը շնորհակալություն հայտնեց ՍԻՄ մարդու իրավունքների հանձնաժողովի նախագահ Ա. Աբգարյանին ՀՀ Սահմանադրական դատարան դիմում ներկայացնելու համար այն մասին, որ կիրառվել է հակասահմանադրական օրենք: Բանն այն է, որ 2015-ի մարտի 17-ի ՍԴՈ-1196 Որոշմամբ ՀՀ Սահմանադրական դատարանը ՀՀ սահմանադրությանը մասամբ հակասող էր ճանաչել ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 404-րդ հոդվածի 4-րդ մասի դրույթը, ըստ որի` քրեական գործերով վճռաբեկ դատարան կարելի էր դիմել միայն փաստաբանի միջոցով:
Սահմանադրական դատարանի որոշուման մեջ ասված է. «ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 404-րդ հոդվածի 4-րդ մասը`դատավարության այն մասնակիցների մասով, ովքեր չունեն պաշտպան և որոնց համար օրենքով սահմանված կարգով երաշխավորված չէ անվճար իրավաբանական օգնություն ցույց տալու հնարավորությունը, ճանաչել Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 14.1-րդ հոդվածին, 18-րդհոդվածի 1-ին մասին, 19-րդ հոդվածի 1-ին մասին հակասող և անվավեր`նկատի ունենալով, որ տվյալ դրույթի կիրառումն առկա իրավակարգավորումների պայմաններում սոցիալական անհամաչափ ծանրաբեռնվածություն է առաջացնում անձանց համար` կախված նրանց ֆինանսական հնարավորություններից, չապահովելով նաև անձի արդարդատաքննության, դատական պաշտպանության արդյունավետ միջոցի և դատարանի մատչելիության իրավունքների լիարժեք իրացումը»:
Հիշեցնենք, որ տարիներ առաջ մեկ անգամ հաջողվել էր այդպիսի նորմ մտցնել քրեադատավարական օրենքում. Այն կոչվել էր` «արտոնյալ փաստաբանների ինստիտուտ», եւ փաստաբաններից մի քանիսին էին միայն թույլ տրվում բերել վճռաբեկ բողոք…
Եվ այսպես` ակնհայտ հակասահմանադրական նորմը վերացվել է: Մնում է նշել, որ այդ նորմը հակասահմանադրական ճանաչելու խնդրանքով ՍԴ դիմել էր նաեւ ՍԻՄ կուսակցության «Մարդու իրավունքների» հանձնաժողովի ղեկավարը:
ՍԻՄ նախագահությունը քննարկեց նաեւ, որ սահմանադրական բարեփոխումներին կուսակցության մասնակցության ընթացքը: Տրվեցին մի շարք հանձնարարականներ քննարկումներն ակտիվացնելու ուղղությամբ:
ՍԻՄ նախագահը շնորհավորեց ներկաներին մոտալուտ Սուրբ Զատիկի կապակցությամբ:
ՍԻՄ ԼՐԱՏՎԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ
