"ԱՍՈՒՄ ԷԻՆ` ՄԵՐ ԵՐԿԻՐԸ ՉԻ ԸՆԴՈՒՆԵԼ ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ, ՄԵԶ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՄԵՋ ՄԻ ԽԱՌՆԵՔ, ԲԱՅՑ ԽԱՌՆԵԼ ԵՆՔ ԲՈԼՈՐԻՆ"
Արխիվ 12-16"ԱՍՈՒՄ ԷԻՆ` ՄԵՐ ԵՐԿԻՐԸ ՉԻ ԸՆԴՈՒՆԵԼ ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ,
ՄԵԶ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՄԵՋ ՄԻ ԽԱՌՆԵՔ, ԲԱՅՑ ԽԱՌՆԵԼ ԵՆՔ ԲՈԼՈՐԻՆ"
Այսօր Օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնում "Հիշում եմ եւ պահանջում" խորագրի ներքո հայազգի հայտնի դիրիժոր Ալան Ալթինօղլուի ղեկավարությամբ, Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը կներկայանա համերգով: Այդ եւ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին ընդառաջ ապրիլյան համերգաշարի, հյուրախաղերի մասին երեկ "Ազդակ" լրագրողական ակումբում խոսեցին հյուրընկալված ԱԼԱՆ ԱԼԹԻՆՕՂԼՈՒՆ, թավջութակահար ԱԼԵՔՍԱՆԴՐ ՉԱՈՒՇՅԱՆԸ, Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավար եւ գլխավոր դիրիժոր ԷԴՈՒԱՐԴ ԹՈՓՉՅԱՆԸ եւ ՀԱՖՆ-ի տնօրեն ՌՈՒԶԱՆՆԱ ՍԻՐՈՒՆՅԱՆԸ: Մինչ ասուլիսին անցնելը, ազգային նվագախմբի տնօրենին անակնկալ էր սպասվում: Տարվա ընթացքում մշակույթին եւ ազգային երաժշտությանը լավագույնս աջակցելու համար Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի տնօրեն ՌՈՒԶԱՆՆԱ ՍԻՐՈՒՆՅԱՆԻՆ տրվեց պատվոգիր` "Իրավունք" թերթի կողմից Տարվա մշակութային հաստատության լավագույն ղեկավար ճանաչվելու կապակցությամբ:
"ԳԻՏԵԻ ՈՐ ՀԱՅ Է, ԲԱՅՑ ՈՐ ԱՅՍՊԵՍ
ՀԱՅԵՐԵ՜Ն Է ԽՈՍՈՒՄ..."
Ասուլիսին անցնելով` նվագախմբի գեղարվեստական ղեկավար ԷԴՈՒԱՐԴ ԹՈՓՉՅԱՆՆ ասաց, որ մի շարք հարցերից առաջնահերթն այն է, որ Ալան Ալթունօղլուն Հայաստանում է ու հանդես է գալու ֆիլհարմոնիկ նվագախմբի հետ. "Ինձ շատ լավ եմ զգում, որ Ալան Ալթինօղլուն` համաշխարհային բարձրագույն հաջողությունների հասած երիտասարդ, դիրիժոր եւ միեւնույն ժամանակ հայ, հրաշալի լավ տղա, ով նաեւ հրաշալի է խոսում հայերեն, այս պահին մեզ հետ է: Գիտեի, որ հայ է, գիտեի, որ իսկական հայ է, բայց որ այսպես հայերեն է խոսում` առաջին անգամ Հայաստանում լինելով, զարմացնում է: Հիմա արդեն տարին երկու անգամ է գալու Հայաստան",- վստահեցրեց Է. Թոփչյանը:
"ԿԻՆՍ ՖՐԱՆՍՈՒՀԻ Է, ԲԱՅՑ ՀԱՅԵՐԵՆ ՀԱՍԿԱՆՈՒՄ Է"
Ալանն էլ ընդհատելով Թոփչյանին` ծիծաղելով ասաց. "Սուտ է, հայերեն շատ տգեղ եմ խոսում: Առաջին անգամ եմ Հայաստանում ու այստեղ գտնվելու համար շնորհակալ եմ Էդուարդ Թոփչյանին եւ Ալեքսանդր Չաուշյանին: Առավոտյան փորձերից հետո գնում ենք Հայաստանի տեսարժան վայրեր, արդեն հասցրել եմ լինել Էջմիածնում, Սեւանա լիճն եմ տեսել...",- լրագրողներին տպավորված ասաց հայազգի դիրիժորն ու պատմեց իր մասին. "Ֆրանսիայում եմ ծնվել, այնտեղ եմ երաժշտական կրթություն ստացել, հայերեն խոսում եմ, որովհետեւ հայրս ու մայրս ինձ հետ հայերեն են խոսել: Ճիշտ է, արեւելահայերն չեմ խոսում, քանի որ հայրս ու մայրս պոլսահայ են, այս լեզվով խոսում եմ նաեւ երեխայիս հետ: Կինս ֆրանսուհի է, բայց հասկանում է հայերեն":
"ԳԻՏԵՄ, ՈՐ ՀԱՅ ԵՄ ՈՒ ՀԱՅԵՐԵՆ ԵՄ ԽՈՍՈՒՄ"
Լրագրողների հետաքրքրությունը սպառելու համար Ալանը մանրամասնորեն բացատրեց, թե ինչու է կրում թուրքական ազգանուն. "Մեր ազգանունը Ալթունյան է եղել, երբ 1934-ին թուրքերը հրամայել են, որ բոլոր հայկական անուններն ու ազգանունները փոխեն թուրքերեն, այդպես Ալթունյանը դարձել է Ալթունօղլի: Հետո, երբ հայրս, որ արդեն 71 տարի ապրում է Ֆրանսիայում, ցանկացել է փոխել ազգանունը Ալթունյան, ասել են, կարող եք փոխել, բայց պիտի ֆրանսիական անուն-ազգանուն լինի, Ալթունօղլին Ալթունյան չի կարող լինել: Այդ պատճառով որոշել է չփոխել: Բայց մեր ազգականներից շատերը Ալթունյան են: Ես այս անունով եմ սկսել իմ կարիերան, ինձ այսպես են ճանաչում, եւ ես գիտեմ, որ հայ եմ ու հայերեն եմ խոսում":
Ալանը տպավորված է նաեւ Ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի երաժիշտներով, զարմացած է բարձր որակի վրա. "Լավ երաժիշտներ ու որակյալ նվագախումբ է, զգում եմ, որ երաժիշտները սրտով են նվագում":
"ՀՈՒՍԱՆՔ, ՈՐ ԵՐԻՏԱՍԱՐԴ ԹՈՒՐՔԵՐԸ ԿՀԱՍԿԱԿԱՆ
ՈՒ ԿԸՆԴՈՒՆԵՆ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ"
Հայ-թուրքական հարաբերություններին անդրադառնալով` ֆրանսահայ դիրիժորն ասաց. "Մենք մեր պատմությունները գիտենք մեր ընտանիքներում եւ մեզ համար, այդ մասին պետք է խոսվի ու բարձրաձայնվի ամեն օր: Կարծում եմ` նախկինում, երբ չկար համացանց, երիտասարդ թուրքերը միայն գրքերից էին տեղեկանում, թե իբրեւ հայերը վատն են, իսկ իրենք լավն են: Հիմա, քանի որ համացանցի դար է, ու ամեն ինչ հասանելի է, հուսանք, որ կամաց-կամաց երիտասարդ թուրքերը կհասկանան ու կընդունեն Հայոց ցեղասպանությունը":
"ՇԱՏ ԵՄ ՈՒԶՈՒՄ, ՈՐ ՖՐԱՆՍԻԱՑԻՆԵՐԸ
ՀԱՅԿԱԿԱՆ ԴՈՒԴՈՒԿ ԼՍԵՆ"
Է. Թոփչյանն էլ շարունակելով Ալանին` վստահեցրեց. "Պիտի ընդունեն, որովհետեւ միշտ ավելի շատ երիատասարդ թուրքեր եմ տեսնում, որ գրում են` ես հետաքրքրված եմ, կուզեմ իմանալ, եթե մեղավոր ենք, դա իմ մեղքը չէ, այլ իմ պապերի մեղքն է, ես պատրաստ եմ ընդունել ու այլեւս ուրիշ ճանապարհով գնալ":
"Այնուամենայնիվ,- շարունակեց Ալանը,- ֆրանսիացիները 2001-ին ճանաչեցին Հայոց ցեղասպանությունը, Ֆրանսիայում մոտ 500 հազար հայ կա, դրա համար ես ուզեցի ու հենց ապրիլի 21-ին կազմակերպեցի մեծ համերգ Փարիզում, որին մասնակցում են ամբողջ աշխարհի սփյուռքի հայ երաժիշտները, որոնք բոլորն էլ հայերեն են խոսում: Համերգի առաջին մասում իհարկե պիտի նվագենք Ա. Խաչատրյանի "Դիմականահանդեսը", հետո շատ եմ ուզում, որ ֆրանսիացիները հայկական դուդուկ լսեն, դրա համար Կոմիտաս պիտի նվագենք: Ու ինձ շատ զարմացրեց այն, որ համերգի հայտարարությունից մեկ շաբաթ անց, բոլոր տոմսերը սպառված են: Սա շատ ուրախալի է ու կարեւոր հայերիս համար: Այս համերգով բոլորին պիտի ցույց տանք Հայոց ցեղասպանության ընդունման կարեւորությունը: Երկու օր առաջ ընտանիքիս հետ առաջին անգամ Ծիծեռնակաբերդ գնացինք... Գիտեք, Հայոց ցեղասպանությունը մեր ընտանիքի մեջ է, մեծ մայրիկս ու հայրիկս պատմում էին իրենց սարսափելի պատմությունները...":
ՀԱՖՆ-Ի 90-ԱՄՅԱԿԻ
ՀԱՄԵՐԳՆԵՐԻ ՄԵԿՆԱՐԿԸ ԿՏՐՎԻ ԱՇՆԱՆԸ
Տնօրեն Ռուզաննա Սիրունյանն էլ, անդրադառնալով Ֆիլհարմոնիկ նվագախմբի հյուրախաղերին ու Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված համերգաշարին, հավելեց, որ այդ թվում չեն անտեսել նաեւ ՀԱՖՆ-ի 90-ամյակը. "Այս տարի արդեն ունեցանք մեկ համերգ` նվիրված ֆիլհարմոնիկի 90-ամյակին: Քանի որ այս տարի Ցեղասպանության 100-րդ տարելիցն է, մենք ավելի շատ կենտրոնացած ենք այդ միջոցառումների վրա: Իսկ արդեն 90-ամյակին նվիրված համերգների մեկնարկը կտրվի աշնանը` մեր փառատոնի ընթացքում: Իսկ այդ մեկ համերգն էլ մարտի 20-ին ունեցանք, քանի որ 1925 թվականին հենց մարտի 20-ին, ուրբաթ օրը` (այս տարի եւս մարտի 20-ը ուրբաթ օր էր), կայացել էր ֆիլհարմոնիկի առաջին համերգը",- ասաց Ռ. Սիրունյանն ու խոսելով առաջիկա հյուրախաղերի մասին` ասաց որ ապրիլի 10-ին 4 համերգով պիտի հանդես գան սկանդինավյան երկրներում` նվիրված Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին` "Հիշում եմ եւ պահանջում" խորագրով:
Է. Թոփչյանը եւս անդրադառնալով հյուրախաղերին` կարեւորելով այն` նշեց. "Այդ բոլոր համերգները կային ու առանց 100-ամյակ էլ էին լինելու, բայց մենք հատուկ ենք մեր բոլոր համերգները նվիրել 100-ամյակին: Նույնիսկ ոմանց ստիպել ենք, որովհետեւ մարդիկ ասում էին` մեր երկիրը չի ընդունել Հայոց ցեղասպանությունը, մեզ քաղաքականության մեջ մի խառնեք, բայց խառնել ենք բոլորին":
ԼԻԼԻԹ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ
Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ
