ՀԱՅ ԺՈՂՈՎՐԴԻ ՀԵՏ ՄԻԱՍԻՆ Orange-ը ՀԻՇԱՏԱԿՈՒՄ Է ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ 100-ՐԴ ՏԱՐԵԼԻՑԸ
Արխիվ 12-16Ի զորակցություն ողջ հայության եւ հարգանքի տուրք մատուցելով հայ ժողովրդի կրած մեծ կորստին` Orange-ի նախաձեռնությամբ եւ աջակցությամբ ապրիլին իրականացվելու են Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված մի շարք միջոցառումներ: "Orange-ը Հայաստանի քաղաքացի է, որն ունի ֆրանսիական արմատներ: Այդ պատճառով մենք որոշել ենք մեր մասնակցությունն ունենալ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված մի շարք միջոցառումների, այդ թվում` այն նախաձեռնություններին, որոնք արտահայտում են Ֆրանսիայի ժողովրդի զորակցությունը հայ ժողովրդին: Մենք մեր պարտքն ենք համարում աջակցել այս կարեւոր նախաձեռնություններին` թույլ տալով մեր բաժանորդներին արտահայտել իրենց զորակցությունը եւ անմասն չմնալ ինչպես Հայաստանում, այնպես էլ արտերկրում կազմակերպվող միջոցառումներից, որոնք նվիրված են Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին",- ասաց Օրանժ Արմենիայի գլխավոր տնօրեն ՖՐԱՆՍԻՍ ԺԵԼԻԲՏԵՐԸ:
Միջոցառումների շարքը մեկնարկել է "Դեպի Կանն" հատուկ վիդեոմրցույթով, որն Orange-ի կողմից կազմակերպվում է արդեն վեցերորդ անգամ: Այս տարի մրցույթը նվիրված կլինի վերջին հարյուրամյակում հայ ժողովրդի ունեցած ձեռքբերումներին եւ կկրի "100 տարվա վերածնունդ" խորագիրը` մրցույթի մասնակիցներին հնարավորություն ընձեռելով ներկայացնել իրենց ընտանիքների եւ հայ ժողովրդի վերածննդի պատմությունը: Orange-ն առավելագույն ջանքեր կգործադրի` իր ֆեյսբուքյան էջում մասնակիցների ստեղծագործ աշխատանքների տեսանելիությունը լավագույնս ապահովելու համար: Մրցույթի մանրամասները հասանելի են http: //orangearmenia.am/about-orange-armenia/events/armenian-genocide-centennial/ կայքում:
Orange հիմնադրամը կաջակցի Ֆրանսիայում Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված խոշորագույն երաժշտական նախագծին, որը կազմակերպում է Հայկական բարեգործական ընդհանուր միությունը: Համերգը տեղի կունենա ապրիլի 21-ին Փարիզի հեղինակավոր Շատլե համերգասրահում` Ֆրանսիայի եւ Հայաստանի նախագահների բարձր հովանու ներքո: Համերգին կմասնակցեն աշխարհի լավագույն նվագախմբերում հանդես եկող 50 հայ երաժիշտներից բաղկացած եւ հատուկ այս միջոցառման համար ստեղծված Armenian World Orchestra նվագախումբը, ինչպես նաեւ հռչակավոր Գյուլբենկյան երգչախումբը` Հասմիկ Պապյանի (սոպրանո), Նորա Գուբիշի (մեցո-սոպրանո), Լիպարիտ Ավետիսյանի (տենոր), Տիգրան Մարտիրոսյանի (բաս) եւ այլոց մասնակցությամբ: Երգչախմբի ղեկավարն է` աշխարհահռչակ դիրիժոր Ալեն Ալթինօղլուն: Այլ կատարումների շարքում կհնչեն նաեւ Արամ Խաչատրյանի եւ Կոմիտասի ստեղծագործությունները: Orange հիմնադրամի հետ համագործակցության շնորհիվ "Արմենիա TV" հեռուստաընկերության արբանյակային ալիքներով համերգն ուղիղ եթերով կհեռարձակվի եվրոպական երկրներում եւ Ռուսաստանում, իսկ ապրիլի 24-ին նաեւ Հայաստանում` "Արմենիա TV" հեռուստաալիքով: Բոլոր նրանք, ովքեր ցանկանում են համերգը դիտել առցանց ուղիղ եթերով, կարող են այցելել www.orangearmenia.am կայք ապրիլի 21-ին` Երեւանի ժամանակով ժամը 22:00-ին: Համերգի լրացուցիչ մանրամասները հասանելի են www.awo2015.com կայքում:
"Օրանժ Արմենիա" ընկերության բրենդի հաղորդակցության գծով տնօրեն Արամ Մկրտչյանն էլ մանրամասն խոսելով "Դեպի Կանն" հատուկ վիդեոմրցույթի մասին, ասաց. "Օrange-ի յուրաքանչյուր բաժանորդ այսօրվանից մինչեւ ապրիլի 28-ը մեր ֆեյսբուքի էջում կարող է վերբեռնել իր կողմից ստեղծված վիդեոնյութը, որը կանդրադառնա վերջին 100-տարում մեր հաջողություններին ու ձեռքբերումներին: Դրան զուգահեռ ֆեյսբուքում տեղի կունենա քվեարկություն: Ամենաշատ քվեներ ստացած 15 մասնակցի վիդեոնյութերը կուսումնասիրի "Օրանժ"-ի ժյուրին: Հաղթող տեսանյութի անունը կհրապարակվի մայիսի 4-ին: Հաղթողը հնարավորություն կունենա դառնա "Կաննի" միջազգային կինոփառատոնի պատվավոր հյուրը մայիսի 20-ին: Մենք խրախուսում ենք բոլորին` ակտիվորեն մասնակցել մրցույթին, քանի որ նախորդ տարիներին ունեցել ենք բարձր մասնակցություն եւ մեծ դիտումներ ֆեյսբուքում":
ՍՈՆԱ ԴԱՎԹՅԱՆ
Օrange-ի կողմից եւ աջակցությամբ իրականացվող բոլոր նախաձեռնությունների մանրամասներին կարելի է ծանոթանալ` այցելելով http: //orangearmenia.am/about-orange-armenia/events/armenian-genocide-centennial/ կայքում:
Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ
