ՉԻՆԱՍՏԱՆԻ ՀԵՏ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ ԿԱԿՏԻՎԱՑՆԻ ՀՀ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆԸ
Արխիվ 12-16ԿԱԿՏԻՎԱՑՆԻ ՀՀ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆԸ
Պեկինում կայացած հայ-չինական բանակցությունների ժամանակ ստորագրվել են ավելի քան մեկ տասնյակ փաստաթղթեր: Ներկայացնենք մի քանիսը: Դրանից մեկը 2015-2018թթ. Չինաստանի կողմից Հայաստանի Հանրապետությանը արտոնյալ պայմաններով վարկեր տրամադրելու մասին շրջանակային hամաձայնագիրն է, ըստ որի Չինաստանի Արտահանման-ներմուծման բանկի միջոցով Հայաստանի Հանրապետության կառավարությանը տրամադրվելու են արտոնյալ պայմաններով վարկեր:
"Հայաստանի մաքսային զննման տեխնոլոգիաների եւ սարքավորումների արդիականացման ծրագրի" շրջանակներում նախատեսվում է արտոնյալ պայմաններով 155,440,000 (մոտ 25,3 մլն ԱՄՆ դոլար) չինական յուան արժողությամբ վարկի տրամադրում, որտեղ` վարկի արժույթը լինելու է չինական յուանը, մարման ժամկետը` 20 տարի, որից 5-ը` արտոնյալ, տարեկան տոկոսադրույքը` 2%, կառավարման վճարը տարեկան կկազմի 0,25%, իսկ պարտավորության վճարը` տարեկան 0,25%:
Ըստ այդ ծրագրի, նախատեսվում է չինական "Նուքթեք Քամփնի" ընկերության կողմից Հայաստանի Հանրապետությանը մաքսային զննման շարժական ռենտգեն եւ այլ սարքավորումների տրամադրում: Սարքավորումները կարող են օգտագործվել` ստուգելու եւ բացահայտելու պայթուցիկ նյութերը, զենքը, դեղերը եւ այլ մաքսանենգ ապրանքներ:
Սարքավորումները բնութագրվում են բարձր թափանցելիությամբ, հուսալիությամբ, ճկունությամբ, ռադիոակտիվ անվտանգությամբ, բարձրորակ սկանավորված պատկերներով, տվյալների անվտանգությամբ: Մատակարարման պայմանագրի շրջանակներում կիրականացվի նաեւ տեխնիկական ուսուցման ապահովում եւ երաշխիքային սպասարկում:
Ստորագրվել է նաեւ "Հայաստանի Հանրապետության կառավարության եւ Չինաստանի Ժողովրդական Հանրապետության կառավարության միջեւ տեխնիկատնտեսական համագործակցության մասին" համաձայնագիր, ըստ որի, նախատեսվում է ՉԺՀ կառավարության կողմից ՀՀ կառավարությանը 60 միլիոն ՉԺՀ յուանի անհատույց տեխնիկական օգնության տրամադրում` Հայաստանի Հանրապետության հանրային հեռուստաընկերության համար հեռուստատեսային տաղավարի կառուցման ծրագրի իրականացման նպատակով:
Հիշեցնենք, որ Չինաստանի կառավարության կողմից 1999-ից սկսած` յուրաքանչյուր տարի տրամադրվում է անհատույց օգնություն Հայաստանի Հանրապետության կառավարությանը: Այդ շրջանակներում իրականացվող համագործակցությունը նպաստել է Հայաստանի Հանրապետության սոցիալ-տնտեսական զարգացման ծագրերին: Ընդհանրապես, ՀՀ եւ ՉԺՀ կառավարությունների միջեւ տեխնիկատնտեսական համագործակցությունը հաջող ընթացք է ունեցել. իրականացվել են տարբեր ծրագրեր` գյուղատնտեսության, առողջապահության, տրանսպորտի եւ այլ ոլորտներում: Վերջին տարիներին ՉԺՀ կառավարության կողմից տրամադրվող անհատույց օգնության ծավալներն աճել են:
ՍՊԱՐՏԱԿ ԳՐԻԳՈՐՅԱՆ
Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ
