Լսե՛ք մարդկանց, լրջորեն վերաբերվե՛ք նրանց հոգսերին․ կատարվեց քահանայական ձեռնադրություն Ինչ է կատարվում Արցախ կամերային նվագախմբում Ջիվան Գասպարյան կրտսերը նոր տեսահոլովակ է ներկայացրել Հանդիպման յուրահատկությունն այն էր, որ այն ունեցավ հրապարակային մաս. Երեք նախագահների հանդիպման հետքերով Լինում են պահեր, երբ ուզում եմ քեզ մի բան պատմել ու լսել՝ ինչ կասես Իրականացված կապիկ-շոուն ցույց է տալիս, որ այսօրվա ընդդիմությունը չի գործում. Արթուր Ֆարմանյան Մեր թանգարանն անվանում են փոքրիկ Տրետյակովյան պատկերասրահ, Աբրահամյանին՝ մեր օրերի Տրետյակով. Մկրտչյան Զանզիբարում վեցից ավելի հյուրանոցներ ամբողջությամբ այրվել են Տասը տարի՝ ռուսական արվեստի թանգարանի վերափոխման ճանապարհին Թուրքիան և ԵՄ-ն բանակցություններ են վարում անվիզա ռեժիմի ներդրման վերաբերյալ

"7-8 ՏԱՐԻՆԵՐԻ ՊՐԱԿՏԻԿԱՆ ԺՈՂՈՎՐԴԻ ՄՈՏ ԱՅԴ ՄՏԱՅՆՈՒԹՅՈՒՆՆ ԱՌԱՋԱՑՐԵԼ Է` ՄԵՌԵԼՈՑ ՕՐԵՐԻՆ ԱՅՑԵԼԵԼ ԳԵՐԵԶՄԱՆՆԵՐ"

Արխիվ 12-16

«7-8 ՏԱՐԻՆԵՐԻ ՊՐԱԿՏԻԿԱՆ ԺՈՂՈՎՐԴԻ ՄՈՏ ԱՅԴ ՄՏԱՅՆՈՒԹՅՈՒՆՆ ԱՌԱՋԱՑՐԵԼ Է` ՄԵՌԵԼՈՑ ՕՐԵՐԻՆ ԱՅՑԵԼԵԼ ԳԵՐԵԶՄԱՆՆԵՐ»



Թեպետ թերի տեղեկատվությունը ամբողջ 2 օր մամուլում ու համացանցում շրջանառում էր, որ տաղավար տոներին հաջորդող օրերը հետայսու դառնալու են աշխատանքային, բայց իրականությունը բոլորովին այլ էր: Պարզապես, ՀՀ կառավարությունը որոշել է վերանայել հարցը:


Երեկ ՀՀ կառավարության նիստի ժամանակ աշխատակազմի ղեկավար-նախարար ԴԱՎԻԹ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԸ նախ նշեց, որ հիմք ընդունելով «ՀՀ տոների եւ հիշատակի օրերի մասին» ՀՀ օրենքի 19-րդ հոդվածն ու «Խղճի ազատության եւ կրոնական կազմակերպությունների մասին» ՀՀ օրենքի 17-րդ հոդվածը` ՀՀ կառավարությունը որոշում է 2015 թվականի ապրիլի 6-ի աշխատանքային օրը տեղափոխել 2015 թվականի ապրիլի 11-ը` շաբաթ օրը, ապա հավելեց.
«Տնտեսական զարգացման այս պայմաններում, նման որոշումները խաթարում են տնտեսական ակտիվությունը: Հատկապես դեմ են արտահայտվում այն անձինք, ովքեր աշխատում են խոշոր ձեռնարկություններում ու ունեն միջազգային կապեր` համարելով, որ երկուշաբթի օրը չաշխատելով` կորցնում են կապը աշխարհի հետ, որտեղ այդ աշխատանքը կատարվում է: Իսկ շաբաթ օրերին աշխատանքը անարդյունավետ է, որովհետեւ չեն կարողանում աշխատել: Հաշվի առնելով, որ հարցն իսկապես պահանջում է շատ ավելի լուրջ ուսումնասիրություն, ՀՀ վարչապետը հանձնարարել է, որպեսզի Հայ առաքելական եկեղեցու հետ միասին մենք կատարենք ավելի լուրջ ուսումնասիրություններ` ի հայտ բերելու, թե ինչ պատկեր է տիրում մեր հասարակությունում, որպեսզի հետագայում կարողանանք ավելի հիմնավորված որոշումներ կայացնել»: Ամփոփելով խոսքը` Դ. Հարությունյանն ասաց. «Հաշվի առնելով, որ նախորդ տարի բոլոր նման հիշատակի օրերը համարվում էին ոչ աշխատանքային, որոշել ենք այս անգամ շարունակել մինչեւ վերջնական որոշման հանգելը: Ընդհանուր առմամբ, վարչապետի հանձնարարականը ընդգրկում է ոչ միայն կոնկրետ այս հիշատակի օրերը, այլ նախատեսում է շատ ավելի լուրջ, ավելի լայն մոտեցում ցուցաբերել տոների եւ հիշատակի օրերին: Այնպես որ, մենք շուտով ձեռնամուխ կլինենք այդ աշխատանքներին»: Շարունակելով կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարարի միտքը` ՀՀ վարչապետ ՀՈՎԻԿ ԱԲՐԱՀԱՄՅԱՆՆ էլ ընդգծեց. «Քանի որ մենք անդամակցում ենք Եվրասիական տնտեսական միությանը եւ իրենք շաբաթ-կիրակի չեն աշխատում, եթե մենք շաբաթ օրն աշխատում ենք, անարդյունավետ է, եւ եթե երկուշաբթի էլ չենք աշխատում ընդհանրապես... Եվ այս տնտեսական լարվածությունը, որը ոչ միայն ՀՀ-ում է, այլ ամբողջ աշխարհում, նաեւ խաթարում է տնտեսական աշխատանքը»: Այնուհետեւ ՀՀ վարչապետը խոսքը փոխանցեց Գերաշնորհ Տ. ԱՐՇԱԿ եպիսկոպոս ԽԱՉԱՏՐՅԱՆԻՆ, ով հրավիրվել էր կառավարություն` Եկեղեցու տեսակետն արտահայտելու համար: «Ենթադրում եմ, որ ողջերի հետ առնչվող հարցերը սպառեցինք, հիմա ննջեցյալների հետ առնչվող հարցերին պիտի ձեռնամուխ լինենք, որովհետեւ մենք այն հավատքի վրա ենք կառուցել մեր վարքը, որ ննջեցյալները նույնչափ ողջ են, որքան եւ ողջերը: Դրա համար է, որ եկեղեցին սահմանել է այս հինգ մեռելոցները, որոնց ժամանակ մենք հնարավորություն ենք ունենում հաղորդակցվել ննջեցյալներին եւ հարգանքի տուրք մատուցել»,- խոսելով եկեղեցագիտական ընդհանուր ըմբռնումի մասին` ասաց Արշակ Սրբազանը եւ անդրադարձավ նաեւ տաղավար տոներին հաջորդող օրը ոչ աշխատանքային դարձնելու նախապատմությանը. «Հիշեցնեմ, որ 2008 թվականին կառավարությունն օգտվեց իր հնարավորությունից եւ շատ ճիշտ արեց, երբ հիմնվելով «Խղճի ազատության» օրենքի վրա, տաղավար տոներին հաջորդող հիշատակի օրերը դարձրեց ոչ աշխատանքային, ավելի ճիշտ վերաբաշխեց աշխատանքային օրը եւ մարդկանց հնարավորություն ընձեռվեց, առանց աշխատակարգը խախտելու, աշխատանքի համար սահմանված նորմերը խախտելու այցելել գերեզմաններ: Ունենք 5 տաղավար տոներ, եւ 2008 թվականից մինչեւ այսօր անխափան կերպով այդ կարգը գործել է, մենք այդ աշխատանքային օրերը տեղափոխում ենք եւ այդ կարգով շարունակում ենք աշխատել: Չեմ ուզում անդրադառնալ այն առարկություններին, որոնք գոյություն ունեն, որովհետեւ դրանք բազմապիսի են եւ հավանաբար, առանձին քննարկման առարկա են: Գիտեմ, որ այլ երկրներում ազատ օրերի գրաֆիկի համեմատ` մեր երկրում տոնացույցը որոշ առումով ծանրաբեռնված է ոչ աշխատանքային օրերով: Ընդունում եմ նաեւ, որ պետք է քննարկումներ կատարել` ոչ աշխատանքային օրերը «բեռնաթափելու համար», բայց համոզված եմ, որ դրանք պետք է կատարվեն ոչ ի հաշիվ մեր ինքնության մաս կազմող տոների, ինչպիսին են նաեւ մեռելոցի օրերը»: Բերելով փաստարկներ` բարձրաստիճան հոգեւորականը նշեց. «Անգամ թուրքական բանակում ծառայող քրիստոնյա զինվորներին հնարավորություն է ընձեռվում քրիստոնեական տոների օրերին, երեք օր ազատ լինել եւ իրենց տոնակատարությունը նշել: Եվ անդրադառնալով պատմությանը` գիտեմ, որ պարսկական իշխանության ժամանակ Երեւանի խանն անգամ հայերի համար այդպիսի բացառություն արել էր, որ թույլ էր տալիս մեռելոցներին, եկեղեցական տոների ժամանակ ազատ լինել այդ օրերին: Որեւէ տողատակային միտք չեմ ուզում այստեղ արտահայտել` այս վկայակոչումները կատարելով, բայց մենք պետք է կարեւորությամբ վերաբերենք այս տոներին: Հատկապես, որ վերջին 7-8 տարիների պրակտիկան ժողովրդի մոտ այդ մտայնությունն առաջացրել է` մեռելոց օրերին այցելել գերեզմաններ»: Սրբազան հայրը կառավարության ներկայացուցիչներին ներկայացրեց նաեւ հարցի վերաբերյալ իր մտահոգությունները. «Կոնկրետ շեշտադրումը կատարելով մեռելոց օրերի նկատմամբ` մտավախություն ունեմ, որ դա կարող է մեկնաբանվել ոչ թե որպես աշխատանքային գրաֆիկը կանոնակարգելու, արդյունավետ դարձնելու նախաձեռնություն, այլ պարզապես մեռելոցների դեմ հասարակության որոշ շրջանակների կողմից հրահրված արշավ: Վիճակագրության ծառայության պետը կվկայի, որ վերջին մարդահամարի տվյալներով մեր երկրում 96 տոկոս էր կազմում Հայ Առաքելականմ եկեղեցու հետեւորդների թիվը: Չանդրադառնալով դեռ եկեղեցու առաքելությանը պատմության մեջ, մշակույթում եւ այն, ինչ ֆիկսված է սահմանադրության մեջ, այլ զուտ այդ 96 տոկոսի հավատքն արտահայտող մի հաստատություն, կարծում եմ, որ ամենայն իրավամբ մենք կարող ենք այդպիսի մի խնդրանք ներկայացնել, որպեսզի հարգվի այդ 96 տոկոսի պահանջները: Դժբախտաբար, ինչպես խմբավորեց պարոն Հարությունյանը, ովքեր կողմնակցություն են արտահայտում ի նպաստ մեռելոցների, հրապարակային իրենց գործունեության մեջ աղմկահարույց այդչափ ակտիվ չեն, որպեսզի այդ զանգվածն ավելի տեսանելի լինի: Բայց ենթադրում եմ, որ մենք գործիքներ ունենք, որ իրականության մեջ պարզենք, թե մեր հասարակությունը ինչպիսի վերաբերմունք ունի մեծամասնության առումով, մեռելոցների եւ առհասարակ եկեղեցական տոների նկատմամբ: Ես թեեւ որոշման նախագիծ չեմ ներկայացրել, բայց խնդրում եմ, ինչպես բոլորը, հաստատել այն»:
Իսկ վերջում ՀՀ վարչապետը եզրափակելով թեման` հակադարձեց. «Սրբազան, չեմ կարծում, որ եթե նույնիսկ աշխատանքային օր լինի, մեր պաշտոնյաներից որեւէ մեկը խոչընդոտի մեր քաղաքացիների գերեզման այցելելու առիթը: Ամեն դեպքում, առաջարկում եմ աշխատենք այս ուղղությամբ եւ փորձենք նաեւ հասարակությանը քննարկումներին ներգրավել»:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ