"ՍԻՐՏՍ ԼՑՎՈՒՄ Է ԳՈՀՈՒՆԱԿՈՒԹՅԱՄԲ, ՈՐ ՎԵՐՋԱՊԵՍ 2 ՄԻԼԻՈՆ ԱՆՄԵՂ ԶՈՀԵՐԻ ՎՐԵԺԸ ԼՈՒԾՎԱԾ Է"
Արխիվ 12-16"ՍԻՐՏՍ ԼՑՎՈՒՄ Է ԳՈՀՈՒՆԱԿՈՒԹՅԱՄԲ, ՈՐ ՎԵՐՋԱՊԵՍ 2 ՄԻԼԻՈՆ ԱՆՄԵՂ ԶՈՀԵՐԻ ՎՐԵԺԸ ԼՈՒԾՎԱԾ Է"
118 տարի առաջ ծնվել է մեծն վրիժառու ՍՈՂՈՄՈՆ ԹԵՀԼԵՐՅԱՆԸ` մարդ, ով Հայոց ցեղասպանությունից հետո մեր ժողովրդին վերադարձրեց հայ լինելու հպարտությունը:Ստորեւ ներկայացնում ենք նրա ցուցմունքը, տրված 1921թ. մարտի 16-ին` Թալեաթին մահապատժի ենթարկելուց մեկ օր անց.
– Ուրեմն Պարսկաստանի՞ց եք:
– Ոչ, պարսկահպատակ չեմ:
– Երեկ այդպես եք հայտարարել:
– Այո, եկել եմ Բեռլին պարսկական անցագրով, բայց թուրքահպատակ եմ, Երզնկայի Բագառիճ գյուղից:
– Ինչո՞ւ այդ կեղծիքին դիմեցիք:
– Կեղծիք չէ, այլ` անհրաժեշտություն: Ջարդերից հետո ոչ մի հայ չի կարող թուրքական անցագիր ստանալ:
– Որտե՞ղ եք սովորել:
– Երզնկայի ազգային վարժարանում:
– Այդ դպրոցի վկայականը բավակա՞ն էր արդյոք, այստեղ համալսարան ընդունվելու համար:
– Ոչ, ուզում էի ազատ ունկնդիր լինել:
– Գերմաներեն գիտե՞ք:
– Այո, որքան հնարավոր էր սովորել 3 ամսվա ընթացքում:
– Գիտե՞ք, թե ով է Ալի Ասլիհ բեյը, որին սպանել եք երեկ` Հարդենբերգ փողոցի N-17 տան մայթին:
– Այո, Թալեաթ փաշան:
– Ի՞նչը Ձեզ հարկադրեց այդ ոճիրը գործել:
– Ոճրագործը ես չեմ, այլ` Թալեաթը: Նա բնաջնջեց մեր ժողովուրդը, ես կարող եմ ձեզ պարզել նրա գործած սարսափները` Պոլսից մինչեւ Դեր Զոր:
– Ովքե՞ր օգնեցին Ձեզ սպանելու Թալեաթ փաշային:
– Ոչ ոք:
– Ո՞ր կազմակերպության հրահանգով կատարեցիք այդ գործը:
– Անձնապես:
– Անձնական ի՞նչ հաշիվ ունեիք Թալեաթ փաշայի հետ:
– Շատ մեծ: Նրա հրամանով էր, որ բոլոր հայերի հետ միասին սպանվեցին մայրս, եղբայրս եւ բոլոր ազգականներս: Այդ օրերից ի վեր ես ապրել եմ միայն Թալեաթից վրեժ լուծելու հույսով:
– Երբվանի՞ց ի վեր էիք հետապնդում այդ գաղափարը:
– 1915-ից սկսած, բայց Թալեաթի հետքը գտնելու աշխատանքը ձեռնարկել եմ 3 տարի առաջ…
– Ինչպե՞ս իմացաք, որ Թալեաթ փաշան Բեռլինում է:
– Պատահաբար, մի թերթի մեջ կարդացի:
– Ինչպե՞ս գտաք Թալեաթ փաշային Բեռլինում:
– Փետրվարի վերջին կենսաբանական այգու մոտ մի օր հանկարծ թուրքերեն խոսակցություն լսեցի: 3 երիտասարդ թուրքերից մեկը փաշա անվանեց հաղթանդամ մի մարդու, որ զրուցում էր նրանց հետ: Բաժանվելու պահին երիտասարդ թուրքերը համբուրեցին նրա ձեռքը: Վերջինը շատ նման էր Թալեաթին, որին ճանաչում էի թերթերում տպագրված նկարներից: Հետապնդեցի նրան մինչեւ Հարդենբերգ փողոցի N4 տունը: Մի քանի օր հետո սենյակ վարձեցի նրա տան դիմաց: Վերջին 10 օրում առիթներ ունեցա ստուգել, որ փաշա կոչվածը Թալեաթն է: Մարտի 15-ին, երբ տնից դուրս եկավ, խփեցի:
– Ուրեմն, Դուք ընդունո՞ւմ եք, որ սպանությունը կատարել եք կանխամտածված:
– Իհարկե:
– Ես հասկանում եմ, որ վրեժի գաղափարը կարող է ձեզ մղած լինել այդ գործին, բայց մի՞թե ձեր խիղճը չի տանջում սպանությունը կատարելուց հետո:
– Ընդհակառակը, սիրտս լցվում է գոհունակությամբ, որ վերջապես 2 միլիոն անմեղ զոհերի վրեժը լուծված է:
– Ուրեմն` դուք եկել եք Բեռլին` ոչ թե ուսանելու, այլ Թալեաթ փաշային սպանելո՞ւ:
– Բեռլինում մեքենագիտություն սովորելու մասին ես երազում էի դեռ պատերազմի նախօրյակին, բայց ամեն բան տակնուվրա եղավ…
– Գիտե՞ք, որ օրենքով ձեզ սպառնում է մահապատիժ:
– Այո, բայց գործս հաջողությամբ կատարելուց հետո ինչ ուզում է, թող լինի:
– Ե՞րբ որոշեցիք ձեռնարկել սպանությունը:
– Մորս անհայտ գերեզմանով երդվել էի Թալեաթին սպանել: Երբ ձեռքս ընկներ, անպայման պիտի սպանեի:
– Պատմեցեք, թե ինչպե՞ս սպանեցիք Թալեաթ փաշային:
– Մարտի 15-ի առավոտյան պատուհանից հանկարծ տեսա, որ Թալեաթը դուրս եկավ փողոց ու գնաց դեպի վար: Ատրճանակս առա, վրա հասա: Զուգահեռ մայթով արագ գնացի առաջ, երբ բավականին ետ մնաց, անցա մյուս մայթը, հետ դարձա նրան դիմացից խփելու համար: Բայց 1-2 քայլ մնացած, հանկարծ նա զգաց, սարսափահար նայեց, ուզեց թեքվել, խուսափել, երբ գամեցի գլխին:
Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ
