ՀՅԴ ՊԱՏԳԱՄԱՎՈՐԸ` "ՀԻՄՆԱԴԻՐ ԽՈՐՀՐԴԱՐԱՆԻՆ". "ՉԻ ԿԱՐԵԼԻ ԱՆԲԱՐՈՅԱԿԱՆՈՒԹՅԱՄԲ ԿԱՌՈՒՑԵԼ ԱՊԱԳԱ"
Արխիվ 12-16ՀՅԴ ՊԱՏԳԱՄԱՎՈՐԸ` "ՀԻՄՆԱԴԻՐ ԽՈՐՀՐԴԱՐԱՆԻՆ".
"ՉԻ ԿԱՐԵԼԻ ԱՆԲԱՐՈՅԱԿԱՆՈՒԹՅԱՄԲ ԿԱՌՈՒՑԵԼ ԱՊԱԳԱ"
Վերջին շրջանում "Հիմնադիր խորհրդարան" շարժման կողմից քննադատություն է հնչում ոչ միայն իշխանության, այլեւ ՀՅԴ-ի հասցեին: "Հիմնադիր խորհրդարան" շարժման անդամ Կարո Եղնուկյանը հայտարարել էր, որ "Հիմնադիր խորհրդարան" շարժման անդամ Հրաչիկ Միրզոյանի դանակահարությունը եղել է ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանի հրահանգով: "Իրավունքն" այս առնչությամբ մի քանի հարց ուղղեց ՀՅԴ խմբակցության պատգամավոր ԱՐԾՎԻԿ ՄԻՆԱՍՅԱՆԻՆ:–Պարոն Մինասյան, ըստ Ձեզ` ինչո՞ւ է ՀՅԴ-ն վերջին շրջանում "Հիմնադիր խորհրդարան" շարժման քննադատության թիրախում հայտնվել: Անգամ դանակահարության փաստը վերագրվեց Արմեն Ռուստամյանին:
– Կարծում եմ` "Հիմնադիր խորհրդարան" շարժման անդամները խորը թյուրիմացության մեջ են, եթե մտածում են, որ ՀՅԴ-ին հարված հասցնելով` փորձում են կորզել նրա ուժը: Սա ոչ միայն աբսուրդ մոտեցում է, այլեւ թույլ ու թերի մոտեցում: Հայտարարելով, որ բազում դաշնակցականներ դուրս են եկել կուսակցությունից, որն իրականության հետ ոչ մի կապ չունի, սրանց նպատակը, կարծում եմ, մեկն է` ցույց տալ, որ ազգային ողնաշար ունեցող ուժի անդամները տեղափոխվում են իրենց մոտ: Կամ փորձում են անհատական մակարդակով վիրավորանքներ հասցնել, մեղադրանքներ հնչեցնել, որը նույնպես աբսուրդ, անուղեղ, անպտուղ գործողությունների հետեւանք է:
– "Հիմնադիր խորհրդարան" շարժման անդամ Կարո Եղնուկյանը հայտարարել էր, որ "Հիմնադիր խորհրդարան" շարժման անդամ Հրաչիկ Միրզոյանի դանակահարությունը եղել է ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանի հրահանգով: Արմեն Ռուստամյանն ի՞նչ քայլեր է ձեռնարկելու:
– Ես չգիտեմ, Արմեն Ռուստամյանին հարցրեք: Բայց իմ` որպես կուսակցական գործընկերոջ գործողությունները հետեւյալն են լինելու` էդ ապուշություններին միշտ չէ, որ պետք է անդրադառնալ ու պատասխանել: Եթե նրանք շարունակեն նման կեցվածք ցուցաբերել, ապա պատասխանը կլինի շատ ավելի կոշտ, շատ ավելի կոպիտ, անշուշտ` օրենքի շրջանակներում: Չի կարելի անբարոյականությամբ կառուցել ապագա:
– Իսկ պատահակա՞ն եք համարում, որ Արմեն Ռուստամյանի հասցեին դանակահարության մեղադրանք հնչեցնողը, այսպես ասած, մեր "ապագա ոստիկանապետն" է` Կարո Եղնուկյանը:
– Ես չգիտեմ` ով է մեր ապագա ոստիկանապետը, կամ Կարո Եղնուկյանն ինչ կարգավիճակում է այդ կառույցում, դա իրենց իրավունքն է, բայց նրան էլ, նրա համախոհներին էլ խորհուրդ կտամ չափի մեջ լինել, իրենց իրավունք չվերապահել կատարել հայտարարություններ կամ պնդումներ, որոնք ապուշության ժանրից են: Դա իրենց ո՛չ պատիվ է բերում, ո՛չ հեղինակություն, ավելին` վարկաբեկում է թե՛ իրենց, թե՛ իրենց կողքին կանգնած ազնիվ մարդկանց:
– ՀՅԴ-ից արտահոսքի մասին լուրերը հերքեցիք, բայց վերջերս ՀՅԴ-ի Արցախի կոմիտեն տարածել էր հայտարարություն, որտեղ միայն ասվում էր` ՀՅԴ-ից հեռացած երկու անձինք ավելի վաղ են հեռացել կուսակցությունից, իսկ մյուս երկուսի մասին հայտարարության մեջ ոչինչ ասված չէր: Արդյոք սա չի՞ նշանակում, որ Դաշնակցությունից արտահոսք, այնուամենայնիվ, փոքր չափով կա:
– Ցանկացած քաղաքական ուժում էլ կա արտահոսք, բայց վերագրել այդ շարժն այնպիսի արտահոսքի, զանգվածային մի արտահոսքի, որի շնորհիվ իբր իրենց "արեւին" իրենք են ուժեղանում, դա ապուշություն է ու աբսուրդ մոտեցում է:
ՍՈՆԱ ԴԱՎԹՅԱՆ
Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ
