ՐԱՖՖԻ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԻ 4 ՈՐԴՈՒՑ 3-Ը "ՈՉ ԹԵ ԾՆՈՂԱԿԱՆ ԹԵԼԱԴՐԱՆՔՈՎ, ԱՅԼ ԻՐԵՆՑ ԿԱՄՔՈՎ" ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻ ՉԵՆ ԴԱՐՁԵԼ
Արխիվ 12-16ՐԱՖՖԻ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԻ 4 ՈՐԴՈՒՑ 3-Ը "ՈՉ ԹԵ ԾՆՈՂԱԿԱՆ ԹԵԼԱԴՐԱՆՔՈՎ, ԱՅԼ ԻՐԵՆՑ ԿԱՄՔՈՎ" ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻ ՉԵՆ ԴԱՐՁԵԼ
Երեկ Հայոց ցեղասպանության եւ մեծ հայրենազրկման հետեւանքների վերացման թեմաների շուրջ կազմակերպվել էր համաժողով: Համաժողովում անդրադարձ կատարվեց ԱԺ "Ժառանգություն" խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանի հեղինակած` "Թուրքիայի Հանրապետության կողմից հայրենի բնօրրանի` Հայաստանի տարածքների բռնազավթումը (օկուպացիան) եւ հայերի Մեծ հայրենազրկումը դատապարտելու մասին" ՀՀ օրենքի նախագծին: Համաժողովը նախաձեռնել էր "Ժառանգություն" խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանը, որին, սակայն, չէր մասնակցում կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը, իսկ խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանն էլ գտնվում էր գործուղման մեջ:Բայց մինչ համաժողովը, կուսակցության մամլո խոսնակ Դավիթ Սանասարյանն "Իրավունքի" հետ զրույցում հայտարարել էր, որ համաժողովը "Ժառանգություն" խմբակցությունն է նախաձեռնել, քանի որ սա Զարուհի Փոստանջյանի նախաձեռնությունն է: Իսկ Զարուհի Փոստանջյանը կուսակցության կողմից է ներկայացվել: Մի խոսքով` մեկը մյուսից անտեղյակ: Համաժողովի ավարտից հետո "Իրավունքը" ՐԱՖՖԻ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԻՑ պարզեց` ի վերջո, ինքը համաձայնե՞լ է, որ իր կուսակիցները հանդիպեն Սերժ Սարգսյանի հետ: Րաֆֆի Հովհաննիսյանը նախ հղում արեց իր վերջին ասուլիսի, որտեղ ներկուսակցական բոլոր հարցերին պատասխանել է. "Այդ ասուլիսին ժամանակ տրվեց լրիվ բացատրությունը: Դուք ներկա էիք այդ ասուլիսին: Ընկալելով ու գրելով այդ ասուլիսի անցուդարձի մասին` իմ գնահատականը չեմ տա ձեր ռեպորտաժին, դա ձեր իրավունքն է` ինչպես այն ներկայացնել: Բայց դրանից հետո, երբ գալիս եք եւ խորհրդաժողովից դուրս հարցը կրկնում եք, ցույց է տալիս` սարի վրա բան կա":
Հիշեցնենք` մարտի 12-ին "Ժառանգություն" կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանն ու խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանը հանդիպել էին Սերժ Սարգսյանի հետ եւ քննարկել սահմանադրական բարեփոխումների գործընթացին առնչվող հարցեր: Հանդիպումից հետո "Ժառանգություն" խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանը Սերժ Սարգսյանի հետ հանդիպողներին անվանեց Բաղրամյան 26-ի հաճախորդներ, քանի որ կուսակցությունը համաձայն չի եղել այդ հանդիպմանը: Իսկ Րաֆֆի Հովհաննիսյանն այդ ընթացքում ԱՄՆ-ում էր եւ հայտարարություն տարածեց` օգտագործելով "ինքնանպատակ խորհրդակցություններ" բառակապակցությունը` հասկացնելով, որ իր կուսակիցների հանդիպումը ինքնանպատակ է եղել: ԱՄՆ-ից վերադառնալուց հետո "Ժառանգություն" կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը հայտարարեց, որ Արմեն Մարտիրոսյանն ու Ռուբեն Հակոբյանը լիազորությունից դուրս ոչինչ չեն արել, բայց եթե ինքը լիներ, չէր հանդիպի Սերժ Սարգսյանի հետ:
– Պարոն Հովհաննիսյան, նախ` ես Ձեր վերջին ասուլիսին ներկա չեմ եղել, երկրորդ` ընթերցելով Ձեր պարզաբանումները` մեջբերում ենք հետեւյալը. "Արմեն Մարտիրոսյանն ու Ռուբեն Հակոբյանը լիազորությունից դուրս ոչինչ չեն արել, բայց ես լինեի` չէի գնա: Բայց ես տեղյակ էի նրանց գնալու հնարավորության մասին": Հիմա Դուք համաձայն եղե՞լ եք, որ Ձեր կուսակիցները հանդիպեն Սերժ Սարգսյանի հետ, թե` ոչ":
– Սա փակված թեմա է: Անցյալ շաբաթ ասուլիսին պատասխանեցի:
– Բայց շատերին անհասկանալի է մնացել:
– Ոչ, ոչ: Ես ասուլիսին պարզ ասացի, որ չէի գնա: Ես բացակայում էի, ու քանի որ ես բացակայում էի, այդ գործադիր որոշումը մնում է վարչության փոխնախագահի վրա:
– Բայց Դուք լիազորե՞լ եք, որ Ձեր կուսակիցները հանդիպեն Սերժ Սարգսյանի հետ: Դուք եք ի վերջո լիազորում այս կամ այն կարեւոր հանդիպումները:
– Ես կարծում եմ` Դուք արդեն դուրս եք գալիս լրագրողական էթիկայից:
– Ես ընդամենը Ձեզ հարց եմ ուղղում:
– Ես խնդրում եմ, որ հետայսու Դուք` որպես շնորհալի եւ խոստումնալից լրագրող, կանխակալ հարցեր չտաք: Թույլ տվեք, որ այդ մարդը, ումից պատասխան եք ուզում, պարզ հարցեր տվեք, թող պատասխանի: Ես անցյալ շաբաթ բոլոր հարցերին պատասխանեցի: Եթե Դուք ներկա չէիք ասուլիսին, բայց ես ոնց որ Ձեր դեմքը տեսա:
– Ոչ, ես ներկա չեմ եղել: Ես այդ օրը եղել եմ խորհրդարանում:
– Ինչեւէ: Ես ճամփորդում էի Ամերիկայում, ուշացած իմացա այդ մասին: Այն ժամանակ գործադիր պատասխանատվությունը, ըստ կանոնադրության, պատկանում էր պարոն Մարտիրոսյանին: Իմ տեսակետները հայտնեցի իրեն, ասացի, որ ես չէի գնա, բայց ինքն իր պատասխանատվության մեջ էր:
– Պարոն Հովհաննիսյան, Ձեր բազմանդամ ընտանիքից ու հատկապես 4 որդիներից քանի՞սն են ՀՀ քաղաքացի ու նրանցից ովքեր են ծառայել Հայոց բանակում:
– Ես ու որդիներիցս Արմենն ենք ՀՀ քաղաքացի:
– Իսկ երբեւէ փորձե՞լ եք Ձեր մյուս որդիներին համոզել դառնալ ՀՀ քաղաքացի:
– Ես կարծում եմ, որ յուրաքանչյուր մարդ պետք է շարժվի ոչ թե ծնողական թելադրանքով, այլ ինքն իր կամքով պիտի որոշի: Իմ ցանկությունն այն է, որ իրենք երբ գիտակցեն, լինեն ՀՀ քաղաքացիներ, Հայաստանը լինի իրավական այն պետությունը, որը երիտասարդներին օտարության չտանի, այլ ետ բերի: Յուրաքանչյուր հայ մարդ ինքը պետք է գիտակցված անի: Իմ ցանկությունն այն է, որ Հայաստանը լինի այն հայրենիքը, որ յուրաքանչյուրին տա այդ հնարավորությունը, եւ յուրաքանչյուր հայ մարդ դառնա ՀՀ քաղաքացի: Բայց յուրաքանչյուր երիտասարդ, այդ թվում` նաեւ իմ երեխաները` խելացի, գիտակից, պատրաստված, իրենք պետք է կայացնեն այդ որոշումն իրենց կյանքի համար: Անգամ ծնողն իրավունք չունի դա անելու:
ՍՈՆԱ ԴԱՎԹՅԱՆ
Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ
