ՄԵՐՁԱՎՈՐ ԱՐԵՎԵԼՔԻ ՄԵԾ ՊԱՏԵՐԱԶՄԸ ՀԱԶԻՎ ԹԵ ՏԱՐԱԾՎԻ ԴԵՊԻ ՂԱՐԱԲԱՂ
Արխիվ 12-16ՄԵՐՁԱՎՈՐ ԱՐԵՎԵԼՔԻ ՄԵԾ ՊԱՏԵՐԱԶՄԸ
ՀԱԶԻՎ ԹԵ ՏԱՐԱԾՎԻ ԴԵՊԻ ՂԱՐԱԲԱՂ
Իրանի շուրջ բանակցային գործընթացը, որն այս օրերին ընդհուպ մոտեցել է եզրագծին, այդպես էլ այն չի հատում: Ավելին. չնայած ընդհանուր լավատեսական գնահատականներին, ԱՄՆ-ը միեւնույն ժամանակ շարունակում է սպառնալ, որ բանակցությունների տապալման դեպքում կարող է գնալ ոչ միայն Իրանի նկատմամբ պատժամիջոցների խստացման, այլեւ նույնիսկ ուժային գործողությունների:ԻՐԱՆԻ ՃԳՆԱԺԱՄՆ ԷԼ Է ԱՄՆ-ԻՆ ԵՐԿՈՒ ՔԱՐԻ ԱՐԱՆՔՈՒՄ ԹՈՂԵԼ
Թե ինչու ԱՄՆ-ին պետք եկան ընդհանուր լավատեսական գնահատականների ֆոնին նորից խոսել ուժի հնարավոր կիրառումից, այսինքնª Իրանի ուղղությամբ պատերազմից, կարելի է հասկանալ: Վերջին հաշվովª այս բանակցությունների պատճառով Վաշինգտոնը հայտնվել է երկու քարի արանքում եւ պետք է դեռ մեսիջներ ուղղել իրենից դժգոհ դաշնակիցներին, մասնավորապեսª Իսրայելին, թե դեռ ոչինչ որոշված չէ: Այն առումով, որ Իրանի միջուկային ծրագրերը հատուկ պայմանագրով ցանկացած հավելյալ պայմաններով օրինական համարելը սպառնում է միանգամից ծայրահեղ լարվածության հասցնել Իսրայելի հետ առանց այն էլ գերշիկացած հարաբերությունները: Արաբ նավթային շեյխերն էլ իրենց հերթին են համբերությունից դուրս գալիսª սպառնալով ՆԱՏՕ-ի օրինակով սեփական ռազմական դաշինքը ստեղծել, եւ դա ակնարկ է, թե կհրաժարվեն ԱՄՆ-ի անվտանգության համակարգից, ինչն անիմաստ է դարձնում արաբական երկրներում ամերիկյան ռազմաբազաները: Մյուս կողմից էլª Իրանի հարցով պայմանագիր չկնքելու դեպքում նախª պետք է բանակցող մյուս երկրներին քիչ թե շատ լուրջ պատճառաբանություն ներկայացնել, ինչը դժվար է: Բայց եթե նույնիսկ առանց որեւէ պատճառաբանությանª Վաշինգտոնը գնա բանակցությունների տապալման, արդեն ստիպված է լինելու Իրանին հռչակել` որպես "միջուկային հանցագործ" երկիր:
Իսկ դրանից հետո արդեն Սպիտակ տունը անձնական մասնակցությամբ ուժային զարգացումներից խուսափելու պատրվակներ հազիվ թե կարողանա գտնել: Առավել եւս, որ ներամերիկյան լոբբին հենց այդ ուղղությամբ էլ ակտիվորեն գործում է:
Այսպիսովª ամենաուշը` ամռանը պետք է վերջնական համաձայնագիր ստորագրվի, այսինքնª Վաշինգտոնին կողմնորոշվելու ժամանակ գրեթե չի մնում: Չնայածª կարող է եւ ամռանը կողմնորոշվելու խնդիր առհասարակ չլինի: Նախª ներկայումս ԱՄՆ-ը ՆԱՏՕ-ական վարժանքների անվան տակ շարունակում է ռազմական կուտակումները ողջ Կենտրոնական Եվրոպայով մեկª Մերձբալթյան երկրներից մինչեւ Բուլղարիա: Եվ այնքան ակտիվ, որ արդեն նույնիսկ եվրոպական առաջատար երկրներում դա չեն կարողանում համարել "ռուսական ագրեսիայից" պաշտպանվելու քայլ եւ սկսել են տարաբնույթ վարկածներ առաջ քաշել, թե երբ եւ ինչպես այդ ողջ ուժը կգործադրվի, բնականաբար այդ հաշվարկներից դուրս չթողնելով նաեւ ուկրաինական պատերազմը: Համենայնդեպսª ամերիկյան մի շարք մեծ ու փոքր գեներալներ այն հաճախականությամբ "կարծիք" են հայտնում, որ ուկրաինական պատերազմը կարող է վերսկսվել մինչեւ մայիսի 9-ը, որ դա արդեն սկսում է նմանվել ոչ թե մարգարեության, այլª պատերազմի հրահրման:
ԻՆՉ Է ԽՈՍՏԱՆՈՒՄ ՄԵԶ` ՄԵՐՁԱՎՈՐ ԱՐԵՎԵԼՔԻ
ՊԱՅԹՅՈՒՆԸ
Ու այս ամենին զուգահեռª Մերձավոր Արեւելքում ռեալ պատերազմը գնալով շարունակում է բորբոքվել: Ընդ որումª վերջինª Եմենի պատերազմը, բացի նրանից, որ ուներ Սաուդյան Արաբիա-Իրան հակամարտության տեսք, այս օրերին նաեւ հակառուսական ցայտուն դրվագներ սկսեցին նկատվել: Նախª Սաուդյան Արաբիան թույլ չտվեց Եմենում գտնվող ռուսների տարհանման համար Ադեն նավահանգստային խոշոր քաղաքում ռուսական ինքնաթիռի վայրեջքը: Անմիջապես էլª սաուդցիների գլխավորած արաբական կոալիցիայի ավիացիան հարվածեց Ադենի ռուսական հյուպատոսության շենքին ¥չնայած միաժամանակ շրջանառության մեջ դրեցին այն տարբերակը, թե դա եմենցի "ապստամբների" արածն է¤, ինչն ամենամեծ ցանկության դեպքում անգամ դժվար է պատահականություն համարել: Առավել եւս, որ նույն շենքը գրեթե անմիջապես էլ Եմենը փաստացի վերահսկող "ապստամբների" համար վերածվեց ռազմական շտաբի, եւ հաշվի առնելով, որ այնտեղ առնվազն կապի հատուկ համակարգեր պետք է, որ գոյություն ունենային, կարելի է հետաքրքիր հետեւություններ անել այդ շենքում տեղակայվելու փաստից:
Այսպիսովª Մերձավոր Արեւելքում իրավիճակը շիկանում է ուղղակի աչքի առաջ, եւ եթե Վաշինգտոնին հաջողվի այն հասցնել տարածաշրջանային գլխավոր պետությունների միջեւ ուղղակի ռազմական առճակատման, ապա դա նաեւ ինքնըստինքյան կլուծի նաեւ Իրանի հարցում կողմնորոշվելու խնդիրը: Առավել եւս, եթե Վաշինգտոնին հաջողվի այս խաղի մեջ ներքաշել նաեւ ռուսներինª միաժամանակ պայթեցնելով ուկրաինական "վառոդի տակառը եւ զերծ մնալ անձամբ բախումների մեջ ներքաշվելուց. թող բոլորն իրար կոտորեն, իսկ Վաշինգտոնին կմնա հեռվից հետեւել իրավիճակինª պետք եղած պահին ուժեղացնելով կռիվների հակառուսական ուղղվածությունը:
Մի խոսքովª ակնհայտ է, որ հենց այս սցենարն էլ խաղարկվում է, թեեւ այս կերպ հազիվ թե հնարավոր լինի առանց Վաշինգտոնի բացահայտ մասնակցությանª Մոսկվային առաջին դեմքով նման խաղի մեջ ներքաշելը: Վերջին հաշվովª Ուկրաինայում կա բավականին հզորացած Դոնբասի բանակը, իսկ Մերձավոր Արեւելքումª Իրան-Սիրիա եւ մասամբ էլª Իրաք տանդեմը, եւ այդ ուժերին ռազմատեխնիկական աջակցություն ցուցաբերելովª ՌԴ-ն կարող է պատերազմական զարգացումներն իրենից բավարար հեռավորության վրա պահել:
Բայց մյուս կողմից էլª կա մեկ կետ, որը եւս նման համընդհանուր թոհուբոհում կարող է պայթել, որից արդեն ռուսներին հնարավոր չի լինի հեռու մնալ: Խոսքը Ղարաբաղի մասին է, որտեղ եւս իրավիճակը սրվում է աչքի առաջ: Ճիշտ է, Ադրբեջանին դեռ հաջողվում է իրավիճակը թեժ պահելª "կարմիր գծից" այն կողմ չանցնելով: Սակայն եթե Մերձավոր Արեւելքը "պայթի", ապա դժվար է ասել, որ Ալիեւն էլ չի որոշի օգտվել առիթից: Բայց ամեն դեպքում հայաստանյան փորձագետները դեռ ձեռնպահ են մնում ճգնաժամային զարգացումներ կանխատեսել: Օրինակª ՀՀ պաշտպանության նախկին նախարար Վաղարշակ Հարությունյանն այն կարծիքին է, որ Ադրբեջանն ամեն դեպքում զերծ կմնա Ղարաբաղում լայնամասշտաբ պատերազմից. "Թեեւ Ադրբեջանի ռազմական բյուջեն 3,2 միլիարդ դոլար է, իսկ Հայաստանինըª 400 միլիոն, սակայն ճիշտ արտաքին քաղաքականության արդյունքում Հայաստանն ապահովում է ռազմական բալանսը: Անվտանգության առումով էլª Ադրբեջանն ունի ռազմական համագործակցության պայմանագիր Թուրքիայի հետ: Մինչդեռª Հայաստանը ՀԱՊԿ-ի անդամ է, եւ նաեւ ունի նման պայմանագիր Ռուսաստանի հետ. հասկանալի է, որ բալանսի առումով Թուրքիան չի կարող հավասարակշռել Ռուսաստանին, որը միջուկային գերտերություն է, ՄԱԿ-ի ԱԽ անդամ ու նաեւª Մինսկի խմբի համանախագահ: Այսինքնª Հայաստանի տարածքը պաշտպանված է նախª մեր մարտունակ բանակով, ապաª հայ-ռուսական եւ ՀԱՊԿ պայմանագրերով: Եվ, վերջապես, ՆԱՏՕ-ի հետ հարաբերություններում էլ Հայաստանն ու Ադրբեջանը նույն մակարդակում են: Սա խոսում է այն մասին, որ մեր անվտանգությունն ապահովված է գլոբալ մակարդակով: Եվ ստացվում է հետեւյալը. մեր անվտանգության դոկտրինում նշված է, որ Հայաստանը Ղարաբաղի անվտանգության երաշխավորն է: Այսինքն, եթե Ադրբեջանը պատերազմ սկսի Ղարաբաղում, Հայաստանը միջամտելու է: Եվ այդ դեպքումª Ադրբեջանը ստիպված է լինելու նաեւ հարձակվել Հայաստանի վրա, որն արդեն ուժի մեջ է դնում ինչպես ռուսական ռազմաբազայի, այնպես էլª ՀԱՊԿ-ի պայմանագրերը: Եվ դա գիտակցելովª Ադրբեջանը երբեք նման քայլի չի գնա, քանի որ դա, ի վերջո, կարող է վերածվել ՀԱՊԿ-ՆԱՏՕ ուղղակի հակամարտության, որը բացառված է. որեւէ գերտերություն չի գնա ուղղակի հակամարտության":
Եվ իրոք, բոլոր սցենարների դեպքում էլ նկատելի է, որ Վաշինգտոնը փորփրում է հրահրել հակամարտություն, միայն թե կռվեն ուրիշները: Վերջին հաշվովª առաջին դեմքով Ռուսաստանի հետ հակամարտությունը հանգելու է միջուկային մկանների ցուցադրության, որից այն կողմ, իհարկե, որեւէ մեկը չի անցնիª նաեւ սեփական ոչնչացումն աչքի առաջ ունենալով:
ՔԵՐՈԲ ՍԱՐԳՍՅԱՆ
Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ
