"ԱՅՍ ՄԱՐԴԻԿ 100.000$ ԵՆ ՍՏԱՑԵԼ ՄԱՀԱՓՈՐՁՆ ԻՐԱԿԱՆԱՑՆԵԼՈՒ ՀԱՄԱՐ"
Արխիվ 12-16ԻՐԱԿԱՆԱՑՆԵԼՈՒ ՀԱՄԱՐ"
ԱԻՄ առաջնորդ ՊԱՐՈՒՅՐ ՀԱՅՐԻԿՅԱՆԸ 2013 թվականի հունվարի 31-ին մահափորձի ենթարկվելուց հետո այդ գործով դատապարտյալներ, "էպոսագետ" Վարդան Սեդրակյանից, Սամվել Հարությունյանից, Խաչատուր Պողոսյանից գումար է պահանջում իր բուժումների համար` 42 միլիոն 524 հազար դրամ: Վարդան Սեդրակյանի գործով դատավոր Արայիկ Մելքումյանը 2014 թ.-ի մարտի 13-ին որոշեց Վարդան Սեդրակյանից, Խաչատուր Պողոսյանից եւ Սամվել Հարությունյանից` հօգուտ Պարույր Հայրիկյանի, բռնագանձել 41 միլիոն դրամ եւ 4 հազար դրամ` որպես նախապես վճարված պետական տուրքի գումար, իսկ ահա, բուժման հետ կապված այլ հավելումներ ստանալու համար 2 միլիոն 424 հազար դրամի պահանջը մերժեց: "Ժողովուրդ"-ի հետ զրույցում Վարդան Սեդրակյանի կինը` Ռուզան Սեդրակյանը, ասել էր, որ իրենք չպետք է վճարեն Հայրիկյանի բուժման համար, ավելին` իրենք բողոքարկելու են վճիռը:
Հիշեցնենք` որ 2013թ. նախագահական ընտրությունների քարոզարշավի շրջանում` հունվարի 31-ին, նախագահի թեկնածու Պարույր Հայրիկյանի դեմ մահափորձ իրականացվեց: Այս գործով որպես պատվիրատու կալանավորվեց նախագահի թեկնածու, "էպոսագետ" Վարդան Սեդրակյանը, քանի որ, ըստ մեղադրանքի, նրա տան աշխատողներ "կաֆելչիկներ" Սամվել Հարությունյանը եւ Խաչատուր Պողոսյանն էին ցանկացել սպանել Հայրիկյանին: Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը "էպոսագետին" եւ Խաչատուր Պողոսյանին դատապարտեց 14, իսկ Սամվել Հարությունյանին` 12 տարվա ազատազրկման: Նշենք, որ Պարույր Հայրիկյանի բուժման համար ՀՀ կառավարությունը տրամադրել է 20.5 մլն դրամ:
"Իրավունքը" Պարույր Հայրիկյանից պարզեց` ինչպե՞ս է վերաբերում Ռուզան Սեդրակյանի այդ բողոքին: "Երբ այդ հարցը վերջնականապես ընթացք կստանա, ես կպատասխանեմ էդ հարցերին: Ես կնոջ հետ գործ չունեմ, ինքն է պատասխանատու (նկատի ունի Վարդան Սեդրակյանին-խմբ.)",-ասաց ԱԻՄ առաջնորդը:
Ըստ նախագահի նախկին թեկնածուի` իր փաստաբանը մեղմ է վարվել, նման դեպքերի համար ամեն ինչ են վերցնում: "Չէ՞ որ գործում նյութեր կան, որ այս մարդիկ 100.000 դոլար են ստացել մահափորձն իրականացնելու համար: Ձայնագրություն կա նաեւ 1,5 մլն դոլարի մասին: Նման սրիկայության համար լրիվ պետք է քամվեր այդ մարդը",- եզրափակեց ԱԻՄ առաջնորդը:
ՍՈՆԱ ԴԱՎԹՅԱՆ
Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ
