Իրանի և «վեցյակի» միջև շրջանակային համաձայնությունը լրացուցիչ «թթվածին» է Հայաստանի համար
Արխիվ 12-16Իրանի և «վեցյակի» միջև շրջանակային համաձայնությունը
լրացուցիչ «թթվածին» է Հայաստանի համար
Լոզանում կայացած վեցյակի երկրների՝ ԱՄՆ-ի, Մեծ Բրիտանիայի, Գերմանիայի, Ֆրանսիայի, Չինաստանի, Ռուսաստանի և Իրանի միջև 8 օր տևած բանակցությունների դրական հանգուցալուծումը շատ էական նշանակություն ունի ոչ միայն Մերձավոր Արևելքի, այլև՝ Հարավ Կովկասյան տարածաշրջանում աշխարհաքաղաքական փոփոխությունների հարցում, «Իրավունքի» թղթակցին ասաց քաղաքական գիտությունների դոկտոր Գարիկ Քեռյանը: Նրա խոսքով՝ Իրանի նկատմամաբ կիրառվող խիստ պատժամիջոցները, կամա թե ակամա ազդում էին նաև Իրանի հարևան պետությունների վրա՝ էներգետիկ և այլ բնագավառներում համագործակցություն ծավալելու դեպքում: «Այս առումով թերևս ամենավատ իրավիճակում գտնվում էր Հայաստանը, որը զրկված լինելով դեպի ծով ելք ունենալու հնարավորությունից, ունենալով Ղարաբաղյան չկարգավորված հակամարտության խնդիր, ունենալով լուրջ խնդիրներ Թուքիայի հետ, գտնվելով շրջափակման մեջ և չունենալով անմիջական սահման իր ռազավարական դաշնակից Ռուսաստանի հետ կարիք ուներ տնտեսական և այլ ոլորտներում հարաբերությունները զարգացնելու Իրանի հետ, որը սակայն մեզ համար ստեղծում էր փակուղային իրավիճակ»,- ասում է Գ. Քեռյանը:
Քաղաքագետի կարծիքով՝ Արևմուտք-Իրան հարաբերությունների մեղմացումը էականորեն կփոխի աշխարհաքաղաքական մթնոլորտը հարավկովկասյան տարածաշրջանում, քանի որ Իրանը Ղարաբաղյան հակամարտության վերաբերյալ ունի ավելի շատ պրոհայկական, քան պրոադրբեջանական դիրքորոշում, ինչը թույլ է տալիս ավելի վստահ ասել, որ այս հարցում Իրանը հանդես կգա հայկական դիրքերից, որը հաշվի կառնի Արևմուտքը: Ինչ վերաբերում է մերձավորարևելյան տարածաշրջանին, որտեղ բորբոքվել է սյունի-շիա հակամարտությունը և Եմենում վերածվել քաղաքացիական պատերազմի, նմանվել է եռացող կաթսայի, ուստի այն մեղմացնելու համար Արևմուտքի և Իրանի միջև հակասության վերացումը Գ. Քեռյանի կարծիքով կնպաստի նաև այդ կործանարար հակամարտության թուլացմանը, քանի որ շիա խմբավորումները գտնվում են Իրանի հովանավորության և ազդեցության տակ:
ԱՐՄԻՆԵ ԳՐԻԳՈՐՅԱՆ
