«ՄԵՆՔ ՈՒՆԵՆՔ ՔԱՂԱՔԱԿԱՆ ՀՈՒՄՈՐ ԱՆԵԼՈՒ ԲԱՎԱՐԱՐ ԻՆՏԵԼԵԿՏ ՈՒ ՃԱՇԱԿ» (Տեսանյութ)
Արխիվ 12-16«ՄԵՆՔ ՈՒՆԵՆՔ ՔԱՂԱՔԱԿԱՆ ՀՈՒՄՈՐ ԱՆԵԼՈՒ ԲԱՎԱՐԱՐ ԻՆՏԵԼԵԿՏ ՈՒ ՃԱՇԱԿ» (Տեսանյութ)

Ինչպես արդեն նշել էինք, «32 ատամ» ակումբի գլխավոր պրոդյուսեր, «32» թատրոնի դերասան, բեմադրիչ, ռեժիսոր ԿԱՐԵՆ ԲԱԲԱՋԱՆՅԱՆԸ օրերս լինելով «ԻՐԱՎՈՒՆՔԻ» «Ուղիղ կապ» խորագրի հյուրը` մեկ ժամվա ընթացքում պատասխանել էր մեր ընթերցողների տասնյակ հեռախոսազանգերին, ինչպես նաեւ ֆեյսբուքյան օգտատերերի հնչեցրած հարցերին, որոնցից եւս մի հատված ներկայացնում ենք ստորեւ.
«ԹՈՂ ԱՆՀԱՄԵՍՏՈՐԵՆ ՉՀՆՉԻ, ԲԱՅՑ ԿԱՐԾՈՒՄ ԵՄ, ՈՐ ԻՄ ՄՈՏ ԴԱ ԿՍՏԱՑՎԻ»
- Նախ շնորհավորում եմ մասնագիտական տոնի առթիվ եւ ուզում եմ իմանալ, թե ինչո՞վ է պայմանավորված, որ «32» թատրոնին ու թատրոնի ներկայացուցիչներին չենք տեսնում թատերական մրցանակաբաշխության ու թատերական փառատոների ժամանակ (ՆՈԵՄ ՍԱՐԳՍՅԱՆ, ք. Երեւան):
-- Զանգահարեք թատերական մրցանակներ տվողներին, որովհետեւ այդ պատասխանն ինձ էլ է հետաքրքիր... Իսկ ինչ վերաբերում է թատերական փառատոներին, մենք փառատոնային ներկայացում չունենք, բայց մի անգամ «Արտֆեստի» փակումը եղավ մեր ներկայացմամբ ու ստացանք Արմեն Մազմանյանի մրցանակը մրցույթից դուրս, որը մեզ համար ամենամեծ ու արժեքավոր մրցանակն է այսօր:
- Իսկ հետագայում պատրաստակա՞մ եք մասնակցել թատերական փառատոների («ԻՐԱՎՈՒՆՔ»)
-Խնդիր չկա, բայց ինչ վերաբերում է ինտեգրմանը, այսպես, թե այնպես մենք պետական թատրոն չենք, մրցանակներ, կոչումներ տալուն չենք մասնակցում, ստեղծագործ գործով ենք զբաղված: Ի վերջո, կոչումը մի երկաթի կտոր է:
- Մտադրություն չունե՞ք երգիչների պրոդյուսերությամբ զբաղվել (ՀԱՍՄԻԿ, ք. Մարտունի):
- Անկեղծ ասած, առաջարկներ, գաղափարներ եղել են, սակայն զբաղվածության պատճառով սուտ կլինի: Թող անհամեստորեն չհնչի, բայց կարծում եմ, որ իմ մոտ դա կստացվի: Ցավոք, չունեմ ժամանակ, բայց մի օր, որ ժամանակ ունենամ, անպայման կանեմ:
- Ինչ-որ գերաստեղերի՞ եք սպասում, որի պրոդյուսերությամբ կզբաղվեք («ԻՐԱՎՈՒՆՔ»):
- Ո՛չ, երաժշտական նախագիծը շատ լայն հասկացողություն է, կարող է նույնիսկ այն ժանրում ու այն ձեւի մեջ լինի, որ նույնիսկ հիմա մեր հարց տվող հայրենակիցը չպատկերացնի: Այնպես որ, «երաժշտություն» բառը շատ լայն դաշտ է, ուր մնաց թե ժանրերը:
«ԱՇԽԱՏՈՒՄ ԵՆՔ ԵՐԿՈՒ ՆԵՐԿԱՅԱՑՄԱՆ ՎՐԱ»
- Առաջիկայում նոր ներկայացում սպասե՞նք Ձեզանից (ՏԱԹԵՎ, Արմավիրի մարզ:
- Աշխատում ենք երկու ներկայացման վրա, թե երբ կլինի չեմ կարող ասել, քանի որ կախված է նաեւ մեկ այլ նախագծից, որի վրա աշխատում ենք : Մի խոսքով, եթե ներկայացումը չլինի, կլինի մեկ այլ բան, իսկ եթե այդ մեկ այլ բանը եղավ ներկայացումը մի քիչ հետաձգվելու է:
- Մինչև հարցս ուղղելը ուզում եմ կրկին անգամ շնորհակալություն հայտնել «Ես եմ» ֆիլմի համար: Մի ֆիլմ, որը երբեք չի «ծերանալու», քանի որ բոլոր ժամանակների համար արդի թեմաներ են շոշափված, իսկ հայրենասիրական ավարտը հատկապես այս վերջին ամիսների դեպքերի հետ կապված շատ տեղին էր: Շարունակության կարիքը միանշանակ շատ է զգացվում, չե՞ք կարծում,որ այսքան դադարը արդեն բավական է, հանրությունը նոր ֆիլմի է սպասում (ԻՆԵՍԱ ՂԱԶԱՐՅԱՆ, ք. Երեւան):
- Քանի որ կարծում ենք, որ մեր առաջին ֆիլմը ստացվել է, հիմա մի քանի ժանրային ֆիլմերի նախապատրաստական աշխատանքներ ենք տանում:
«ԱՄԵՆԱՀԵՇՏԸ ՀՈՒՄՈՐՈՒՄ ՄԵԿ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆ Է, ՄԵԿ ԷԼ ԷՐՈՏԻԿԱՆ»
- Ըստ Ձեզ, որոնք են հայկական հեռուստատեսության դրական եւ բացասական կողմերը (ՏԱԹԵՎ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ):
- Հեշտ է բացասականն ասել ու դա նորմալ է, որովհետեւ բացասականը շատ է: Հեռուստաընկերությունները շատ ժամանակ կոմերցիայի համար անում են ոչ արժեքավոր գործեր… Ես ի՞նչ գնահատական տամ, Դուք` որպես հեռուստադիտող, շատ ավելի լավ եք տեսնում այդ ամենը: Բայց պետք է խոսել նաեւ դրականի մասին, օրինակ Հանրային հեռուստաընկերությունը վերջին շրջանում մեծ տեղ է տվել մշակութային հաղորդումների: Ճիշտ է, դրանով Հանրայինի վարկանիշն է ընկել, որը մտահոգիչ է, բայց պետք է փորձել այնպես անել, որ մշակութային արժեքներ հեռարձակող ալիքները ունենան մեծ դիտելիություն: Իսկ դրա համար պետք է անել այնպիսի հաղորդումներ, որոնք նաեւ լինեն վարկանիշային, դա հեշտ չէ, եւ կարծում եմ` նույն Հանրայինն էլ այսօր այդ ուղղությամբ քայլեր փորձում է անել:
- Ե՞րբ կրկին կտեսնենք Ձեզ հեռուստաէկրաններին, օրինակ, քաղաքական հումորով (ՀՀ քաղաքացի):
- Մենք ժամանակին արել ենք քաղաքական հումոր «32 ատամում»: Բայց այդ քաղաքական հումորը մեզ մոտ եղել է սիմվոլների տեսքով, ոչ թե մարդկանց վիրավորելու հաշվին, այլ զուգահեռներ տանելով` նուրբ, քողարկված: Այստեղ վախի խնդիրը չկար, որովհետեւ մենք այն փրոդաքշններից ենք եղել, որ մտնելով եթեր` կամաց-կամաց հասկացել ենք , որ քանի մեր վարկանիշը բարձրանում է, քանի հասարակության մոտ վերաբերմունքն ու հետաքրքրությունը մեր հանդեպ աճում է, մեր ցանկացած արտահայտություն, ավելի մեծ ալիք կարող է ունենալ եւ հետեւաբար նաեւ պատասխանատվություն պետք է կրես քո ասածի համար: Ընդհանրապես, հումոր անելն այսօր շատ ավելի հեշտ է, բայց այդ հումորի մեջ կա ճշմարտություն, նախ դու պետք է պատասխան տաս բոլոր առումներով քո ասածի համար եւ երկրորդ` պետք է առանձնացնես ու բացատրես, թե ինչի համար ես դա անում: Սովորաբար, ամենահեշտը հումորում մեկ քաղաքականությունն է, մեկ էլ էրոտիկան, որովհետեւ երկու դեպքում էլ հեշտ է լինում ծիծաղեցնել: Այնպես որ, նորից համեստությունս կորցնելով ասեմ` մենք ունենք քաղաքական հումոր անելու բավարար ինտելեկտ ու ճաշակ անելու եւ պարբերաբար, իհարկե, կանենք:
Առավել մանրամասն դիտե՛ք տեսանյութում`
Նյութը` ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆԻ
Տեսանյութը` ՆԱՐԵԿ ԵՂԻԱԶԱՐՅԱՆԻ
